Համայնքապետի պաշտոնին հավակնող կանանց շարքերը խիստ նոսրացել են
Հայաստանի որոշ համայնքներում վաղը լռության օր է. հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում անցկացվելու են համայնքապետի կամ ավագանու անդամների ընտրություններ: Կանայք առաջադրվել էին միայն գյուղական համայնքների ղեկավարի եւ ավագանանիների պաշտոններում, քաղաքապետի պաշտոնը շարունակում է անհասանելի մնալ կանանց համար, առաջադրվածների մեջ կրկին ոչ մի կին չկար:
Թեպետ թեկնածուների առաջադրման ու գրանցման փուլում կանայք բավականաչափ ակտիվություն էին ցուցաբերել, ինչը հատկապես անցած ՏԻՄ ընտրությունների համեմատո նկատելի էր, սակայն ուրախությունն, ինչպես ասում են, կարճ տևեց` կին-թեկնածուները ընտրությունների են գնում բավականին նոսրացած շարքերով: Թեև ավելացնենք, որ ինքնաբացարկների տեսքով «կորուստներ» արձանագրվել են միայն համայնքապետի պաշտոնին առաջադրված կանանց շարքերում, իսկ ավագանու անդամության համար պայքարող կանանց ակտիվությունը բարեբախտաբար չի նվազել:
Մայիսի սկզբին համայնքապետի պաշտոնին առաջադրված ութ կանանցից ընտրապայքարի ֆինիշային եզրագծին հասան միայն երեքը: Նրանցից երկուսը երկարամյա համայնքապետեր են` Գեղարքունիք մարզի Շատջրեք համայնքի ղեկավար Զոյա Գևորգյանը և նույն մարզի Ծափաթաղ համայնքի ղեկավար Թագուհի Բոյախչյանը: Ընդ որում երկուսն էլ կվերաընտրվեն, քանի որ մրցակից չունեն: Թագուհի Բոյախչյանի միակ մրցակիցը այս ընտրապայքարում նրա որդին էր, ով սակայն ինքնաբացարկ հայտնեց: Զոյա Գևորգյանի միակ մրցակիցն էլ կին էր, ով նույնպես հրաժարվեց պայքարից: Ինչ վերաբերում է երրորդ թեկնածուին, ապա այստեղ ինտրիգ է սպասվում, քանի որ գործող համայնքապետ Արշակ Դալլաքյանի միակ մրցակիցը, ով ինքնաբացարկ չհայտնեց, նույնպես կրում է Դալլաքյան ազգանունը` Իրինա Դալլաքյանն է: Համայնքապետի պնդմամբ, սակայն, նրանք ազգակիցներ չեն…
Ընդհանուր առմամբ, 33 համայնքում, որտեղ ղեկավար են ընտրելու, միայն 3 գյուղական համայնքներում է, որ քվեաթերթիկում կնոջ անուն կա: Առավել քան մտահոգիչ ցուցանիշ, հատկապես եթե հաշվի առնենք, որ կին թեկնածուներից երկուսը վերարտադրվելու են, իսկ երրորդն ուղղակի շանս չունի ընտրվելու: Այնպես որ կին համայնքապետերի թվում, հակառակ սկզբնական սպասումների, կտրուկ ավելացում չի արձանագրվի: Հիշեցնենք, որ մարտին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընդամենը մեկ կին համայնքապետ էր ընտրվել:
Իսկ ահա ավագանու անդամության համար պայքարը խոստանում է լինել հետաքրքիր , քանի որ այս ոլորտում կանայք իսկապես ակտվիություն են ցուցաբերել և մտադրություն հայտնել պայքարել մինչև վերջ: Համայնքներ ունենք, որտեղ առաջադրված են ոչ թե-երկու, այլ երեք, որոշ դեպքերում` չորս կին թեկնածուներ և տղամարդիկ են թվաքանակով զիջում: Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ այն համայնքներում, որտեղ կանայք հրաժարվել են ղեկավարի պաշտոնի համար պայքարից ու ինքնաբացարկ հայտնել, գոնե ավագանիներում հաստատ կլինեն կանայք: Այդ համայնքից է, օրինակ, Գեղարքունիք մարզի Տորֆավանը` ավագանու անդամ լինելու համար երկու կին կպայքարի, նույն մարզի Այրք համայնքում 4 կին է առաջադրվել ավագանու անդամ, իսկ Վերին Շորժայում` 3-ը:
Ավագանու ընտրությունները կկայանան 31 համայնքներում, սակայն նրանցից միայն 18-ում , որ կին թեկնածուներ կան առաջադրված: Ընդհանուր թվով 42 կին է պայքարելու ավագանու անդամ դառնալու համար: Վերջին խոսքը ընտրողինն է…
Է. Մակարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ութ կին հավակնում են համայնքապետի պաշտոնին և ոչ մեկը՝ քաղաքապետի
Զոյա Գևորգյան. «Կին ղեկավարը առաջնորդվում է նաև սրտի թելադրանքով»…
Կին գյուղապետերը կրկին կառաջադրվեն
Անահիտ Աղոյան. « Երբ կինն է ստանձնում է պաշտոնը, ապա արդեն իսկ ստիպված են որոշ կանոններ փոխել»…
Ջեմմա Հասրաթյան. «Տղամարդիկ են նման միֆ ստեղծել, որ կանանց դուրս բերեն շարքից ու գան իշխանության»
«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Դիտումների քանակը` 3579