Ութ կին հավակնում են համայնքապետի պաշտոնին և ոչ մեկը՝ քաղաքապետի
Ինչպես հայտնի է , այս տարվա հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի և 30-ում` ավագանու անդամի ընտրություններ: Մայիսի 14-ին ավարտվեցին թեկնածուների առաջադրումներն, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 21-ից:
Ընդհանուր առմամբ 36 համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 88 թեկնածու, որից միայն 8-ն են կանայք: Նրանցից վեցը Գեղարքունիքից են: Երկուսը՝ Շատջրեքից` Զոյա Գևորգյանը և Ծափաթաղից`Թագուհի Բոյախչյանը գործող համայնքապետեր են և պայքարելու են վերընտրվելու համար: Ընդ որում, Շատջրեք համայնքում այդ պայքարն ընթանալու է երկու կին թեկնածուների միջև` ՀՀԿ-ական գործող համայնքապետ Զոյա Թադևոսյանի և անկուսակցական Լուսիկ Պետրոսյանի միջև: Գեղարքունիքում առաջադրվել են նաև Տորֆավան համայնքում՝ Մարինե Ասատրյանը, Ավազանում՝ Իրինա Դալլաքյանը, Կութում՝ Սիմա Չիտչյանը:
Եվս երկու կին հավակնում են համայնքապետի պաշտոնին՝ Արմանուշ Յայլոյան Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղից և Մնոյան Թեհմինեն ՝ Լոռի մարզի Գեղասարից:
Ինչ վերաբերում է քաղաքային համայնքներին , ապա Գորիսում և Ջերմուկում առաջադրված թեկնածուների թվում կանայք չկան, ինչը նշանակում է, որ այս անգամ էլ կին քաղաքապետ ունենալու հույսերն չարդարացան և քաղաքապետի պաշտոնը անհասանելի է մնում կանանց համար:
Ի դեպ, մի շարք համայնքներում, կայանալու են նաև արտահերթ ընտրություններ, որոնց առաջադրումները սկսվում են մայիսի 14-ից և կավարտվեն մայիսի 18-ին:
Այդ համայնքների թվում է Լոռու մարզի Յաղդան համայնքն է, որի երկար տարիներ ղեկավարող Վալենտինա Կերխանաջևան մահացել էր վերջերս և այսօր հարց է դեռես ով է առաջադրվելու նրա փոխարեն:
Նշենք ևս մեկ առանձնահատկություն. Գեղարքունիք մարզի Ավազան համայնքի ղեկավար Արշակ Դալլաքյանի միակ մրցակիցը համայնքի գրադարանավարուհի Իրինա Դալլաքյանն է, սակայն ինչպես պարզեցինք համայնքի ղեկավարից` նրանք ազգակցական կապ չունեն, պարզապես նույն ազգանունն են կրում: Հարցին` մտավախություն չունի, որ կարող է պարտվել կին մրցակցի Ա.Դալլաքյանն արձագանքեց. «Ի՞նչ ասեմ: Դա արդեն ընտրությունների արդյունքում կերևա»,- նշեց Ավազանի 17 տարվա գյուղապետը և նույնիսկ հաջողություն մաղթեց մրցակցին:
Է.Մակարյան
Դիտումների քանակը` 3621