Կին գյուղապետերը կրկին կառաջադրվեն

Հունիսի 8-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան այս տարվա երկրորդ ՏԻՄ ընտրությունները. 36 համայնք ընտրելու է համայնքի ղեկավար. մայիսի 4-ից մինչ 14-ը  կտևի  թեկնածուների առաջադրումը, իսկ նախընտրական քարոզարշավը ` մայիսի 21-ից հունիսի 6-ը:

 

Համայքների թվում կան այնպիսիք, որոնք երկար տարիներ ղեկավարում են կանայք, և բարեբախտաբար` նրանցից երկուսը մտադիր են կրկին առաջադրվել և վերընտրվել: Ուշագրավն այն է, որ դեռ մեկ ամիս առաջ, օրինակ, Գեղարքունիք մարզի Ծափաթաղ  համայնքի 2000-ից ղեկավարող Թագուհի Բոյախչյանը WomenNet.am-ի հետ զրույցում ասել էր, որ հստակ որոշում չունի` այս անգամ ևս կառաջադրվի թե ոչ: Բայց ահա արդեն առաջադրումների մեկնարկից հետո տիկին Բոյախչյանը նշեց, որ առաջադրվելու է. ճիշտ է, դեռ անձնագրայինից տեղեկանքը չի վերցրել, բայց ժամանակ ունի` կհասցնի:

 

 

Մեր հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ դեռ մի քանի օր առաջ կասկածներ ուներ, Թ.Բոյախչյանն ասաց. «Խնդիրը ակսկածների մեջ չէր, խնդիրը նրանում է, որ տարեց տարի համայնքում կյանքը դժվարանում է,  նաև այն, որ հոգնել ենք…. Բայց ի վերջո որոշեցի նորից առաջադրվել»,- նշեց համայնքի ղեկավարը`ավելացնելով, որ տեղի տվեց համագյուղացիների ու մյուսների համոզումներին:

 

 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե տեղյակ է արդյոք մրցակիցների մասին, գուցե  իր դեմ կին առաջադրի իր թեկնածությունը Թ.Բոյախչյանն ասաց, որ այս պահին դեռ ոչ մի  բան չգիտի և միակ տեղեկատվությունը, որ կա գյուղում` ինքն առաջադրվելու է. «Իրականում շատ անելիք ունեմ, շատ գործ կա անելու…. տեսնենք»,- հավելեց նա:

 

Նույն մարզի Շատջրեք համայնքի երկարամյա ղեկավար Զոյա Գևորգյանը, ի տարբերություն նախորդ մեր զրուցակցի, կասկածներ չուներ կրկին առաջադրվելու առումով: Համայնքի ղեկավար է 1996թ-ից, բայց հունիսին ևս առաջադրվելու է, քանի որ շատ անավարտ գործեր ունի, որոնք մտադիր է ավարտին հասցնել.

 

«Եթե հասցրած լինեի ավարտին այդ ծրագրերս, ապա չէի առաջադրի թեկնածությունս: Եթե Աստված կամենա`գործերը կանեմ ես, իսկ եթե չստացվի և մեկ ուրիշն ընտրվի, ապա միևնույն է պետք է աշխատեմ, որ այդ կիսատ մնացած գործերս ավարտենք»,- նշեց նա ու հավելեց, որ դեռ տեղյակ չի այլ առաջադրումների մասով, բայց մտավախություն չունի` առողջ ընտրապայքար է լինելու և գյուղացիները իրենց որոշումը կարտահայտեն հունիսի 8-ին:

 

Հիշեցնենք, որ մարտին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընդամենը մեկ կին համայնքապետ էր ընտրվել:

 

Է.Մակարյան

Դիտումների քանակը` 4230

Գլխավոր էջ