Մայրությունը թվերով / ինֆոգրաֆիկա
Ամեն օր աշխարհում 800 կին է մահանում հղիության ընթացքում կամ ծննդաբերելիս: Ամեն րոպե աշխարհում ընտանիք է ցնցվում մոր կորստից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի հղիության եւ ծննդաբերության ժամանակ մահանում են 350 000 կին: Նրանցից գրեթե բոլորը (99 %) ապրում են աղքատ զարգացող երկրներում եւ նրանցից շատերի կյանքը հնարավոր էր փրկել:
Կանանց մեծ մասը մահանում է առատ արյունահոսությունից, վարակներից, էկլամպսիայից, ձգձգված ծննդաբերությունից և արտահիվանդանոցային աբորտների հետևանքներից. սրանք բոլորը պատճառներ են, որոնց դեմ մեծապես արդյունավետ միջոցներ կան:
Հազարամյակի զարգացման նպատակներից (ՀԶՆ) 5-րդը ՝ մայրական առողջության ապահովումն է: ՀԶՆ շրջանակներում երկրերը պարատավորվություն են ստանձնել մինչեւ 2015 թվականը իջեցնել մայրական մահացությունը 75 տոկոսով, սակայն1990-ից սկսած մինչ օրս այն հաջողվել է իջեցնել միայն 47 տոկոսով :
Մայրերի առողջությունը սերտորեն կապված է երեխաների առողջության հետ : Ամեն տարի առավել քան 3 միլիոն նորածին է մահանում, եւս 2,6 միլիոնը մահացած է ծնվում: Ամեն տարի մոտ 1 միլիոնից ավել երեխաներ առանց մայրերի են մեծանում: Առանց մայրերի մեծացող նորածինների մահացությունը կյանքի առաջին տարում տաս անգամ ավելի բարձր է, քան մայրեր ունեցող երեխաների շրջանում:
Այս մահերը կանխելու համար ընդամենը անհրաժեշտ է, որ
– բոլոր հղի կանայք ծննդաբերելու ժամանակ հնարավորություն ունենանան օգտվելու որակյալ բուժծառայություններից
– բոլոր նրանք, ում մոտ բարդություններ են ի հայտ գալիս, ժամանակին հնարավորություն ունենան օգտվելու անհետաձգելի մանկաբարձական բուժօգնությունից
– բոլոր կանանց համար հասանելի լինեն հակաբեղմնավորման միջոցները, որպեսզի նրանք կարողանան խուսափել անցանկալի հղիությունից.
Հայաստանում
Հայաստանում վերարտադրողական տարիքի կանայք կազմում են մոտ 1.32 միլիոն: երջին տարիներին հանրապետությունում նկատվում է ծնելիության նվազում: 2013-ին Հայաստանում ծնունդների թիվը կազմել է 41 770, 2012-ին ՝ 42480 երեխա էր ծնվել:
Մայրական մահացության ցուցանիշը (100.000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացության դեպքերը) մեր երկրում կազմում է 2012-ի տվյալներով 23.5, ինչը ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից ցածր է, բայց զգալիորեն բարձր են (մոտ 5 անգամ) , քան Եվրամիության երկրներում: Մանկական մահացության գործակիցը կազմել է 10,7 պրոմիլե:
Մայրական մահացության հիմնական պատճառներն են էքստրագենիտալ հիվանդությունները (31 տոկոս), օբստետրիկ արյունահոսությունը (27 տոկոս), հիպերտենզիվ խախտումները (25 տոկոս), աբորտները (3 տոկոս), սեփսիսը (8 տոկոս) և այլ պատճառները (6 տոկոս):
Վիճակագրական տվյալները վկայում են, որ չնայած ձեռնարկվող միջոցներին, կանանց վերարտադրողական առողջությունը վերջին տարիներին վատթարանում է: Ավելի հաճախ են հանդիպում հղիության և ծննադբերության բարդությունները: Աճում է ինքնակամ աբորտների և բժշկական ցուցումներով աբորտների, վաղաժամ ծննդաբերությունների քանակը: Ծնունդների 43%-ի դեպքում ծննդաբերության ընթացքում պահանջվում է վիրաբուժական միջամտություն, որոնցից 22%-ը բաժին է ընկնում կեսարյան հատմանը:
Կանանց վերարտադրողական առողջության վատթարացումը պայմանավորող հիմնական գործոններից մեկը աբորտներն են: Չնայած 2009 թվականից հետո նկատվում է աբորտների ցուցանիշի որոշ նվազման միտում` 13,8-ից մինչև 12,0 ֆերտիլային տարիքի 1000 կնոջ հաշվով, այդուհանդերձ դրանք լայնորեն կիրառվում են որպես անցանկալի հղիությունից ազատվելու միջոց: ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, ժամանակակից հորմոնալ հակաբեղմնավորիչները թանկության պատճառով մատչելի չեն Հայաստանի կանանց համար, 1000 կանանցից միայն 5-ն են օգտագործում դրանք:
Հայաստանում արդիական հիմնախնդիր են սելեկտիվ աբորտները: 2011 թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) տարածքային գրասենյակի կողմից անցկացված հետազոտության համաձայն, վերջին 20 տարում հանրապետությունում դիտվում է ծնված տղաների և աղջիկների հարաբերակցության շեղում 100 աղջիկ/ 114 տղա ընդունված կենսաբանորեն պայմանավորված նորմից 100 աղջիկ/ 105 տղա: Փորձագետների կանխատեսումներով, եթե սելեկտիվ աբորտների պարկտիկան շարունակվի, ապա մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93 000 կին կամ ապագա մայր:
Պտղաբերության (ծնելիության գումարային գործակցի) ցուցանիշը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, մեկ կնոջ հաշվով կազմում է 1.5 երեխա (1.7՝ ըստ «Ժողովրդագրական և առողջության հարցերի հետազոտության» )՝ այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2.1 երեխա:
Դրա հետ մեկտեղ Հայաստանում բավականին բարձր է անպտղության գործակիցը, որը ը մոտ 17% է կազմում: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով, 15%-ից բարձր անպտղությունը ճգնաժամային ցուցանիշ է համարվում։ Ընդ որում, առաջնային անպտղությունը Հայստանում ՝ 5% է, իսկ երկրորդայինը՝ 12%։ Համեմատության համար աշխարհում առաջնային անպտղությունը 1.9% է կազմում (Հայաստանի ցուցանիշից ավելի քան երկու անգամ ցածր), իսկ երկրորդայինը՝ 10.5% (կրկին Հայաստանի ցուցանիշից ցածր)։
ՀՀ Առողջապահության նախարարության եւ
Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով
Դիտումների քանակը` 4721