Հնարավո՞ր է շատ սիրելուց ծեծել, սիգարետ հանգցնել մարմնի վրա

Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիան մանրամասներ է հաղորդում  Հասմիկ Խաչատրյանին ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ մարտի 18-ին Գավառում տեղի  ունեցած հերթական դատական նիստից:   

 

 

Մինչև դատը սկսելը ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը հայհոյել էր ներկաներին և Հասմիկի հորը: Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը հայտարարեց, որ բողոք է ներկայացնելու դատախազություն, որ կարգադրիչները պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները, իսկ Սարգիս Հակոբյանն ու կարգադրիչները հայտարացին, իբր ներկաներն ու փաստաբանը զրպարտում են: Դատավորը Սարգիս Հակոբյանին դուրս հրավիրեց դատարանից վատ պահվածքի պատճառով:

 

Դատական նիստի վկաներ էին Ֆենյա Բազոյանը, ով Կանանց աջակցման կենտրոնում հոգեբան է աշխատել և խորհրդատվություն է արել Հասմիկի հետ, Սարգիս Խաչատրյանի հայրը՝ Համլետ Հակոբյանը, նաև Գոհար Խաչատրյանը՝ Հասմիկի հորեղբոր դուստրը: Սարգիսի մայրը՝ Վարսիկ Հակոբյանը հրաժարվել էր ցուցմունք և վկայություն տալ՝ օգտվելով իր հարազատների դեմ ցուցմունք չտալու իրավունքից:

 

Համլետ Հակոբյանն իր ցուցմունքում ասաց, իբր Հասմիկը իրենց օջախում վատ է պահել իրեն, լավ մայր չի եղել իր երեխաների համար և հոգ չի տարել: Նաև Հասմիկին մեղադրեց իր որդուն թունավորման փորձեր անելու և ծեծի ենթարկելու մեջ, նշեց, որ Հասմիկը գողություն է արել իր աղջկանից: Դատավորի հարցին, թե արդյոք տեղյակ է որդին ինչի մեջ է մեղադրվում, պատասխանեց, որ տեղեկություն չունի: Նա հերքեց, որ որդին ծեծել է կնոջը և ինքը ականատես է եղել դրան: Որոշ փաստեր ճշտելու համար տրված հարցերին նա պատասխանում էր, որ լավ չի հիշում ու հիշողության հետ խնդիրներ ունի: Համլետ Հակոբյանը նշեց նաև, որ Հասմիկը ստիպելով որդուն տարել է Երևան, որ այնտեղ ապրեն: Պնդում էր, որ որդին շատ էր սիրում Հասմիկին ու նրա բոլոր հրամանները կատարում էր: Դատավորն էլ զարմացավ, թե արդյոք հնարավոր է որ շատ սիրելուց ծեծի, սիգարետ հանգցնի մարմնի վրա: Դատավորի հարցին, թե արդյոք նա տեղյակ էր, որ Երևանում ապրելու ընթացքում որդին կապ է ունեցել ուրիշ կնոջ հետ, Համլետ Հակոբյանը պատասխանեց, թե իր որդին ազապ տղա է, ինչ կա, գիտեք Երևանում աղջիկները ինչպիսին են:

 

Վկա Գոհար Խաչատրյանը հաստատեց իր նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, պատմեց, որ նա է տարել Հասմիկին բժշկի մոտ, ու Հասմիկը շատ վատ ֆիզիկական և հոգեբանական վիճակում է եղել: Հասմիկը նաև վախեցել է հիվանդանոցում մնալ ապաքինվելու համար՝ չնայած, որ գլխուղեղի ցնցում էր ստացել և ականջի թմբկաթաղանթը պայթել էր ու ուներ բազմաթիվ կապտուկներ դեմքի և մարմնի վրա: Նա պատմեց, որ հեռախոսազրույցներից մեկի ընթացքում Հասմիկը միացրել էր բարձրախոսը և նրանք ընտանքի անդամներով են լսել Սարգիս Հակոբյանի սպառնալիքներն ու հայհոյանքները:

 

Ամբաստանյալի հանրային պաշտպան Տիգրան Աբրահամյանը միջնորդեց, որ նախաքննությունը կատարվել է թերի և բազմակողմանի հետաքննություն չի իրականացվել, միայն տուժող կողմի ներկայացված նյութերն են ներկայացվել, ուստի միջնորդություն էր խնդրում լրացուցիչ փորձաքննություն իրականացնել, նոր վկաների հրավիրել և փորձագետներին հրավիրել հարցաքննության: Դատախազ Ղազարյանն էլ իր հերթին նկատեց, որ հանրային պաշտպանի հայտարարությունները միակողմանի նախաքննության մասին կոռեկտ չեն և ինքը  կարիք չի տեսնում նոր փորձաքննության, կարող են փորձագետներին հարցաքննել:

 

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 2ին, ժամը 2-ին:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հարցրեց՝ արդյոք գիտի, որ ինքը «լավ տղա է», և ծխախոտը հանգցրեց կնոջ ձեռքին…/ տեսագրություն

 

Հասմիկ Խաչատրյանը դաժան ամուսնու միակ զոհը չէ…

 

Հասմիկի վեցամյա որդուն սովորեցրել են հեռախոսով հայհոյել մորը…/ տեսանյութ

 

Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

«Կանանց աջակցման կենտրոնը» չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել

 

Դիտումների քանակը` 3279

Գլխավոր էջ