«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»
Լոռու մարզի փոքր համայնքներից մեկում` խաչքարերով, վայրի բերքատու ծառերով ու բնական աղբյուրներով հարուստ Նեղոցում է բնակվում և իր տնտեսությունը վարում Ռոզա Կիրակոսյանը: Նրա թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը ներկայացրել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:
Ռոզա Կիրակոսյանը 48 տարեկան է, շուրջ 30 տարի է, ինչ զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Իր տնամերձ հողակտորում աճեցնում է բանջարեղենի տարբեր տեսակներ`լոբի, կաղամբ, կարտոֆիլ, գազար, լոլիկ, վարունգ, ստանում է խնձորի, տանձի, արքայանարնջի և սերկևիլի առատ բերք: Մոտ 5 տասնյակ մանր ու խոշոր եղջերավոր անասուններ, հավեր ունի.
– Հողագործության և անասնապահության մեջ ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված: Անկանխատեսելի շատ բաներ են տեղի ունենում, որ ստիպված ենք լինում զրոյից սկսել: Օրինակ` խոզերի հիվանդություն տարածվեց, որի պատճառով մեր բոլոր 65 խոզերը սատկեցին, հիմա ընդամենը 6 գոճի ունեմ: Հույս ունեմ, որ գոնե դրանց կկարողանամ մեծացնել,- ասում է Ռոզա Կիրակոսյանը:
Ինչպես և գյուղի ընտանիքների մեծ մասի, այնպես էլ նրա ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն ու անասնապահությունն են:
– Յուղ եմ պատրաստում, կաթնամթերք ու մսամթերք ստանում, գոհ եմ, որ կարողանում եմ ընտանիքիցս բացի նաև իմ համագյուղացիներին ապահովել թարմ, առողջ ու մաքուր սննդով,- նշում է նա:
Իր կյանքի մեծագույն ձեռքբերումն ու հարստությունն է համարում իր երեք զավակներին և երկու թոռներին: Նրա կարծիքով՝ բոլոր դժվարությունները դառնում են ժամանակավոր և հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել:
Ռոզա Կիրակոսյանն առաջիններից էր, ով տեղեկանալով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից Լոռու մարզում իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մասին` մասնակցության ցանկություն և պատրաստակամություն հայտնեց:
– Նման ծրագրերը նպաստում են մեր կանանց ակտիվացմանը և զարգացմանը, նոր գաղափարներ են ծնում: Իսկ ապագայի շատ ծրագրեր կան. ցանկանում եմ վերականգնել կորցրածս, մեծացնել տնտեսությունս,- ավելացնում է Ռոզա Կիրակոսյանը:
Անուշ Շիլաջյան, ՀԵԿԱ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ
Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը
Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ
«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…
«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»
«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»
«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»
«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»
«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»
WomeNet.am-ը անդրադառնում է «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր կանանց պատմություններին
Դիտումների քանակը` 3609