Ամոթի զոհերը…

Ներկայացնում ենք  վերջին երկու շաբաթվա մեջ Հայաստանի  մամուլում տեղ գտած  հոդվածներն՝  ընտանեկան բռնության  դեպքերի  եւ դրանց շուրջ դատավարությունների վերաբերյալ, առանց մեկնաբանության… Չորս կանանց  դաժան սպանություն, որոնց արդյունքում ութ անչափահաս երեխաներ որբ են մնացել … 

 

 21-ամյա Մարոյի մահվան գործը վերաբացելուց հետո …

 

Նախաքննական մարմինը չի ընդունում Կոտայքի մարզի Առինջ գյուղում 2012թ. ամուսնու տանը մահացած 21-ամյա Մարո Գուլոյանի իրավահաջորդի փաստաբանի այն պնդումը, որ Մարոյի մահվան քննությունը բացթողումներով է արվել: Քննիչ Ազատ Դանիելյանն այսօր՝ մարտի 10-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ ինքը լիարժեք քննություն է անցկացրել:

 

Հիշեցնենք, որ Մարո Գուլոյանի իրավահաջորդի փաստաբան Լուսինե Մինասյանը բողոքարկել էր գործի վարույթը կարճելու Նոր Նորքի քննչական բաժնի նոյեմբերի 20-ի որոշումը՝ մատնանշել էր այն ժամային հակասությունները, որոնք եղել են դեպքի առթիվ վկաների տված ցուցմունքներում, սակայն անտեսվել են նախաքննական մարմնի կողմից։ Անդրադառնալով դրան՝ քննիչն ասաց, որ վկաները ժամերը հստակ չեն հիշել և մոտավոր են նշել: Փաստաբանը քննիչին հիշեցրեց, որ ցուցմունք տալիս վկաները կոնկրետ ժամեր են գրել:

 

«Երբ մարդիկ ժամը չեն հիշում, ասում են՝ ժամը չենք հիշում, ոչ թե կոնկրետ ժամ են նշում: Արևակ Գուլոյանը՝ Մարո Գուլոյանի սկեսուրը, հայտնել է, որ դեպքի օրը, իրենց տանը մոտ գտնվող հողատարածքում, 17:00-ից 18:00-ի սահմանում հեռախոսով զրուցել է Մարո Գուլոյանի մոր հետ: Վերջացնելուց հետո զանգահարել է տուն և իմացել, որ տանը դեպք է եղել և իրեն շատ շտապ կանչում են տուն: Դրան հակառակ վկաների մեծամասնությունն էլ նշում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ին։ Ինձնից շատ ավելի հարուստ փորձ ունենալով՝ դա ձեզ մոտ պետք է կասկածներ առաջացներ»,-ասաց փաստաբանը…

 

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ բողոքի քննության առաջին դատական նիստից հետո Գուլոյանների ընտանիքը Մարոյի հարազատներին թույլ չի տալիս տեսնել Մարոյի երկու տարեկան դստերը: Նա ասաց, որ իրենք պատրաստվում են դիմել դատարան՝ երեխայի հետ տեսակցություն պահանջելու համար:

 

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում Մարո Գուլոյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան էր եղել: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

 

 

Կնոջը դանակի 21 հարվածով սպանելը ինքնապաշտպանությո՞ւն էր… 

 

Անցյալ տարի Արարատի մարզում դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի քաղաքացիական ամուսին Վալոդյա Մուրադյանն այսօր դատարանում փորձել է իր ձեռքով կատարված սպանությունը որպես ինքնապաշտպանություն ներկայացնել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Դիանա Նահապետյանի իրավահաջորդի պաշտպան Արմեն Մանուկյանը: Չնայած ամբաստանյալի այն պնդումներին, որ իբր թե Դիանան շշով հարվածել է իրեն, որից հետո էլ ինքը պաշտպանվել է ու դանակի բազմակի հարվածներ հասցրել կնոջը, սա արժանահավատ չի եղել թե դատարանի, եւ թե մեղադրող դատախազի համար:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի 51 ամյա Վոլոդյա Մուրադյանը Դիանա Նահապետյանին, վերջինիս անչափահաս դուստրերի ներկայությամբ սպանել է կնոջը` դանակի ու ծաղկամանի հարվածներով: Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն էր, որի ընթացքում Վոլոդյա Մուրադյանն է պատմել դեպքը, փորձելով ներկայացնել, թե ինքը հուզական ծանր վիճակում եւ աֆեկտի տակ է եղել:

 

Նախորդ դատական նիստին էլ համապատասխան փորձագետին հարցաքննելուց պարզվեց, որ Վոլոդյա Մուրադյանը ամենեւին էլ աֆեկտի տակ չի եղել: «Այսօր Վոլոդյա Մուրադյանը գործը տանում էր նրան, որ Դիանան իբր շշով խփել է նրա գլխին, հետո դանակով հարձակվել է վրան, ինք էլ իբր պաշտպանվել է, ուղեղը մթագնել է, էլ չի հիշում ինչ է եղել, իբր ուղեղը չի աշխատել: Բայց դատարանը կասկածի տակ առավ նրա հիշողությունը, հարցնելով` սպանությունից հետո 4 ժամ արանք է եղել, ինչ է արել այդ ընթացքում, ինչու է 4 ժամ հետո հանձնվել Երեւանի ոստիկանություն, այլ ոչ թե` Արտաշատի, կամ` ինչո՞ւ լավ հիշում է թե մեքենան որտեղ է տարել, կայանել եւ այլն: Իսկ դատախազը բավականին հակասություններ գտավ ամբաստանյալի նախնական ու դատական ցուցմունքների մեջ»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մանուկյանը: Այս գործով հաջորդ դատական նիստը մարտի 28-ին է…

 

Հիշեցնեինք,  Դիանա Նահապետյանի 2 դուստրերը հիմա տատու`տիկին Վալյայի խնամքի տակ են, աղջիկները մոր սպանությունից հետո ուշքի չեն գալիս, ծանր սթրեսի մեջ են, պարբերաբար ինքնասպանության մասին են մտածում: Տիկին Վալյան վնասի փոխհատուցում է պահանջում, որպեսզի կարողանա եւ երեխաներին խնամել, եւ նրանց համապատասխան հոգեբանական օգնության ծախսերը հոգալ:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

 

 

«Ասեց` Արաքսյային պիտի մատաղ անեմ ախպորս գերեզմանին»…

 

10-ամյա Ազատուհին եւ նրա քույրը` 13-ամյա Միլենան մոր մահից հետո երկար ժամանակ չէին ուզում դպրոց գնալ, ամաչում ու մտատանջվում էին` ի՞նչ կասեն դասընկերները`հայրը սպանել է մորը: Երեխաներին տատը մի կերպ է համոզել է, որ պետք է դպրոց գնալ, ուսուցչուհին էլ դասընկերներին է նախապատրաստել, որ Միլենայի ու Ազատուհու հետ զգույշ խոսեն, նրանք շատ խոցելի են:

 

Փետրվարի 15-ին Արմավիր գյուղի գերեզմատանը Արթուր Սարխոշյանը քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ` Արաքսյա Մարտիրոսյանի մարմնի տարբեր հատվածներին ու գլխին, հետո շեղբով կտրել պարանոցը. կինը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է: Արթուրը կնոջը սպանելուց հետո գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինել` շեղբով ինքն իրեն կտրատելով, բայց բժիշկները հիվանդանոցում փրկել են նրա կյանքը. Ազատուհու եւ Միլենային ծնողներն էին:

 

«Երանի տղուս մի բան լիներ, երանի ինձ հետ լիներ, բայց Արաքսյային բան չլիներ, հրեշտակի պես աղջիկ էր: 4 թոռներս որբ մնացին»,-մեզ հետ զրույցում արտասվելով ասում է Արթուր Սարխոշյանի մայրը` տիկին Ազատուհին, ով  պնդում է, թե որդին հոգեկան առողջության խնդիրներ ունի: Տիկին Ազատուհու պատմելով` մի քանի տարի առաջ եղբոր մահից հետո Արթուրի մոտ սկսվել են նկատվել նյարդային անհանգիստ ապրումներ.

 

«Մեկ-մեկ տարօրինակ բաներ էր խոսում, տարօրինակ բաներ էր անում: Անցյալ տարի սթրես-կենտրոնում մի 20 օր պառկեց, կոտորվանք, տուն-տեղ ծախեցինք, որ բուժենք, շատ թանակարժեք դեղեր էր խմում: Մի որոշ ժամանակ ոնց որ թե լավ էր, բայց հետո էլի սրվեց վիճակը»…

 

16 տարիների ամուսիններ են եղել, տիկին Աազատուհին  վստահեցնում է, որ երբեք որդին հարսի վրա ձեռք չի բարձրացրել. «Հա, եղել ա, որ գոռգոռացել ա վրան, բայց չի ծեծել, իրանք սիրով զույգ էին:  Տղես նվագող էր, հարսանիքներին էր նվագում, լավից-վատից փող էր աշխատում, հարսս էլ սեզոնին դաշտերում աշխատում էր, օգնում էր մեզ: Մի հրաշք աղջիկ էր, ես նրանից երբեք վատ բան տեսած չկամ, շատ համեստ, խելոք աղջիկ էր»:

 

Սակայն, Արաքսյայի մայրը` տիկին Գյուլնարան, մեզ հետ զրույցում հիշում է. «Եթե Արթուրը նույնիսկ խփեր, ծեծեր էլ, աղջիկս ոչ մեկին բան չէր ասի: Բայց ես ինքս եմ տեսել մի անգամ աչքի տակը նենց կապույտ էր, հասկացա, որ էդ վայրենին ա ծեծել: Հարցրեցի`աղջիկ ջան, էդ ի՞նչ ա եղել, ասեց` մամ ջան, ընգել եմ, սեղանի ծայրին եմ դեմքս խփել: Տենց էլ կյանքում չասեց`մարդը ծեծում էր, թե`չէ»:

 

«Ասում են` Արթուրը հոգեկան խնդիրներ է ունեցել»,-մեր այս խոսքերին ի պատասխան տիկին Գյուլնարան զայրացած հակադարձեց`

«Տո «գրողուցավ ուներ, կանխամտածված քայլեր է արել: Ես քննիչն էլ եմ ասել ինքը խմող էր, ծխող էր` պլան էր (մարիխուանա) ծխում անջատվում էր, պլանը սարքել էր իրան պապիրոս, էնքան էր ծխել, ուղեղը չորացել էր, դրա համար մի անգամ դատվել ա: Մի օր իմ մոտ, էլի ծխած էր, ասեց` Արաքսյային պիտի մատաղ անեմ ախպորս գերեզմանին: Ես որ ջղայնացա, ասեցի` այ տղա էդ ի՞նչ ես խոսում, վռազ խոսքը փոխեց, ասեց` դե լավ. բան է, ասում եմ»…

 

Հայրական տատը թոռներին չէր ասում, որ իրենց մորը հարազատ հայրն է սպանել. «Ասում էի ավտովթար է եղել, էրեխեքիս խղճում էի, ոնց ասեի տենց բան»: Բայց մոր դագաղի մոտ 13-ամյա Միլենան, մեղմ ասած` ողբալով ասել է` «Մամ, ով որ քեզ սենց բան ա արել, պատասխան ա տալու»:

 

«Ես էլ, չդիմացա ու ասեցի, մարդասպանը պապադ ա, մորդ հերդ ա սպանել, նրան չներեք կյանքում»,-պատմում է երեխաների մայրական տատը` տիկին Գյուլնարան,-«Բա ի՞նչ անեի, սպանության օրը թոռս զանգել ա ասում ա` տատի, պապային գտել են, բայց մաման կորել ա, լույսի պես աղջիկ եմ կորցրել, ինձ էլ հասկացեք, հա, հենց էլ էրեխեքը թող իմանան` ով ա իրանց հերը»:

 

Քննիչ Ումուրշատյանն վստահեցնում է, որ Արթուր Սարխոշյանը չի խոստովանում, որ ինքն է կնոջը սպանել. «Ասում է` երկուսով ենք եղել ու վերջ, ասում է` խանդել եմ կնոջս, միշտ էլ խանդի հողի վրա վիճել ենք, նրա հոգեկան շեղումները դրսեւորվել են խանդի տեսքով»:

 

Արթուր Սարխոշյանին մեղադրանք է առաջդրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, քննիչն ասում է, սա ծանր հանցագործություն է, եթե նրան մեղսունակ ճանաչեն, նրան սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում:

 

Երբ զրուցում էի տիկին Ազատուհու հետ, երեխաները հարեւան սենյակից երբեմն դուրս էին գալիս, ականջ դնում մեր զրույցին`գուցե մի այնպիսի բան լսեն, որ պարզվի իրենց հարազատ հայրը մեղավոր չէ. ամոթի զգացումն էլ կանցնի, պարզ ճակատով էլ դպրոց կգնան:

 

Ներկայումս  4 անչափահաս երեխաները հաշմանդամ տատիկի ու պապիկի հույսին են, սեփական տուն էլ չունեն. մոր մահից մի քանի օր առաջ վարձով տանից նրանց հանել են, հիմա մեկ ուրիշի տանն են վարձով ապրում, բայց ամեն օր վախ կա, որ այստեղից էլ կհանեն.

 

«Մահացած տղուս թոռներն էլ են մեզ հետ ապրում, 7 որբ ենք պահում, չգիտեմ, որ սուգը տանեմ, վախ երանի Աստված ինձ տարած լիներ: Ախր աշխատանք էլ չունենք, 4 պատ չունենք, էս մանր էրեխեքին ո՞նց պահենք, ի՞նչ անենք, որ արժանապատիվ կյանք ապահովենք, էս դաժան պատմությունն էլ չմնա հիշողությունների մեջ»,-ասում է տիկին Ազատուհին:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

 

Սպանել է կնոջը սոցիալական ցանցի պատճառով

 

Փետրվարի 26-ին լույս 27-ի գիշերը Գյումրիում դանակի հարվածներից մահացած 28-ամյա կնոջը, նախնական տվյալներով սպանել է ամուսինը։ Գյումրիի մեր թղթակցի տեղեկություններով, ընտանեկան վեճը ծագել է այն պատճառով, որ Լիանա Մանուկյանը գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում։

 

28-ամյա կինը սրտի եվ կոկորդի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց եւ ճանապարհին մահացել է: Դեպքը տեղի է ունեցել 00:30-ի սահմաններում։ Ըստ նախնական տվյալների, Լիանայի 32-ամյա ամուսինը՝ Գրիգոր Գրիգորյանը, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը։ Դեպքից րոպեներ անց ամուսինը մեղայականով ներկայացելէ Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ պատմել է կատարվածը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

Այս պահին ոստիկանության աշխատակիցները Գրիգոր Գրիգորյանի բնակարանում են, կատարում են դեպքի վայրի զննություն, հայտնաբերել են հանցագործության գործիք խոհանոցային 2 դանակները, որոնք ուղարկել են փորձաքննության։ Ամուսիններն ունեին 6-ամյա որդի, որն այժմ գտնվում է հարազատների մոտ:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

 

 

Հ. Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք «Հասարակություն առանց բռնության» ՀԿի Արագ Արձագանքման Խմբին՝   http://rru.swv.am

 

 

Դիտումների քանակը` 2860

Գլխավոր էջ