«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Մինչև մեր այգու բարիքներից չուտեք, սուրճ չխմեք, ավելին՝ հաց չուտեք, ես ուղղակի չեմ խոսի: Հայրս ասում էր՝ երբ Երևանից մարդ է գալիս, նա երկար ճանապարհ է անցած լինում ու հաստատ քաղցած կլինի»,- ինձ այսպես դիմավորեց Մարիամ Գևորգյանը,  ում թեկնածությունը վերջերս առաջադրվել է «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը ՎԻՍՏԱԱ փորձագիտական կենտրոնի կողմից: Մարիամն ապրում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում ու արդեն հինգ տարուց ի վեր ակտիվ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով:

 

 

Մարիամենց պատրաստած քաղցր սուջուխը, ալանին, չրերը համտեսել են Գառնիի գրեթե բոլոր բնակիչները:

 

«23 տարեկան էի, որ ամուսնացա, ճիշտ է, գյուղի գործերն ինձ ծանոթ էին, քանի որ ծնվել-մեծացել էի գյուղում, սակայն սկեսրոջս տանը միայն կենցաղային գործերով էի զբաղվում: Մաման (սկեսուրը.-խմբ.) շատ աշխատասեր կին է, ամեն ինչ ինքը հասցնում էր, ու ինձ էլ ոչինչ չէր մնում անելու»,- ասում է Մարիամն ու արագ-արագ ափսեիս մեջ շարում էր իր ձեռքով աճեցրած մրգերը:

 

Մեր զրույցին միանում է նաև Մարիամի սկեսուրը՝ տիկին Ելենան, ու սկսում պատմել Մարիամի աշխատասիրությունից, ակտիվությունից:

 

«Ասեցին՝ լավ աղջիկ կա, ու ես էլ մի քանի անգամ տեսել էի իրեն: Այն վատ տարիներին հոր հետ գերանդին դնում էր ուսին ու գնում էր դաշտ խոտ հնձելու, ասեցի՝ որ էս աղջիկը կարողանում է գերանդի քաշել, ուրեմն մեզ էսպես էլ հարս ա պետք,- բարձր ծիծաղելով ասում է տիկին Ելենան ու ավելացնում,- իհարկե, այդ ամենը հումոր է, քանի որ Մարիամը առաջին հերթին լավ մարդ է»:

 

Մոտ հինգ տարի առաջ Մարիամի սկեսուրը և սկեսրայրը որոշեցին տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության:

 

Այս պահին էլ նրանք ապրում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Մինչ մշտական բնակություն հաստատելը նրանք Գառնիի այգու բարիքները տանում էին Ղարաբաղ ու ապրանքափոխանակություն անում, հետո որոշել են գնալ ու այնտեղ մնալ:

 

«Այնտեղ էլ հանգիստ չենք նստում ,մի մեծ տարածք ենք  վերցրել ու հողագործությամբ ենք զբաղվում , մեծ կառալյոկի այգի ունենք,այս տարի  էլ առաջին բերք ենք հավաքել ,մոտ 700-800 կգ», – ասում է տիկին Ելենան, ու հավելում, որ Ղարաբաղի հողը  համեմատած Հայաստանի՝ շատ բերի  է:

 

«Պատկերացրեք անցած  տարի  մոտ մեկ տոննա բիբար եմ հավաքել բիբարի քոլ ունեմ , որ մարդաբոյա, բայց ամենավատը նա է,որ չեմ  կարողացել եմ շատ իրացնել ,քանի որ այնտեղ շուկա չկա»:

 

Ղարաբաղի հողից ու մարդկանցից մի քիչ խոսելուց հետո կրկին վերադառնում ենք Մարիամին:  Հինգ տարի առաջ, երբ Մարիամի սկեուրը ու սկեսարը գնացին Ղարաբաղ՝  Գառնիի  այգիների մշակումը  մնաց Մարիամի ուսերին: Ամուսին էլ այդ տարի արտագնա աշխատանքի էր մեկնել:

 

«Բոլորն ասում էին՝ ինչո՞ւ եմ նման մեծ ռիսկ արել ու էդքան հող մշակում, բայց ես այլ բան չէի կարող անել, ափսոս էր մամայի ու պապայի ստեղծածը մի քանի օրում վերացնել: Սկզբում դժվար էր, քանի որ ընտանիքի հոգսը, երեխաների դաստիարակությունը, դրա հետ մեկտեղ՝ խնձորի ու խաղողի այգիները… Մի խոսքով, ռիսկի դիմեցի, ու հիմա արդյունքը տեսնում եք՝ մեր տան ամեն ինչը բնական է»:

 

Մարիամի խոսքով՝ իր հիմնական եկամուտը, ապրուստի միջոցը այս այգիներն են: Ասում է, որ պետք է Երևանում անպայման տուն գնի, բայց այնտեղ չի գնա ապրելու, ուղղակի «երեխաների ապագայի համար պետք է»: Մարիամի մեծ աղջիկը սովորում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի բաժնում, դրա հետ մեկտեղ լավ նկարում է և ուզում է նկարչուհի դառնալ: Իսկ զույգ երեխաները՝ Նարեկն ու Նարեն, սովորում են երկրորդ դասարանում:

 

Այս տարի Մարիամն ուզում է շատացնել ընկուզենիները, քանի որ ընկույզի եկամուտը ավելի շատ է, ու տանջանքը՝ քիչ, քան խնձորինն ու խաղողինը: Մարիամի ու տիկին Ելենայի հետ գնում ենք խաղողի ու խնձորի այգիներում շրջելու, որոնք տնից բավական հեռու են, իսկ ճանապարհը՝ քարքարոտ: Հետևաբար պետք է մեքենայով գնանք:

 

«Արդեն 13 տարի է, մեքենա եմ վարում, ու բոլորն ակնապիշ նայում են»,- ասում է Մարիամը, սակայն սկեսուր մայրիկը միանգամից ավելացնում է.- «Մարիա՛մ ջան, կարևորը՝ մենք չենք նեղվում, ու մեքենան քեզ շատ օգնում ա,- հետո մի փոքր ուշ քթի տակ ծիծաղելով ավելացնում է,- բա որ Մարիամն ինձ ավտոյով տանում ա, ասենք, վարսավիրանոց կամ ինչ-որ տեղ, մենակ տենաք՝ ո՞նց են զարմանում, որ իմանում են հարսս է: Մենք ուղղակի ոչ թե հարս ու սկեսուր ենք, այլ մայր ու աղջիկ: Մենք միասին ենք ամեն ինչ որոշում, ինչ ենք անում, ոնց ենք անում: Մի բան կարող եմ ասել, որ խոսակցություն լինում է այն ժամանակ, երբ ընտանիքում մեկը մյուսին չի հարգում ու չի հանդուրժում»:

 

Հասնում ենք այգու մոտ: Ի տարբերություն մյուս հողամասի՝ այստեղ խաղողի վազերը գտնվում են Գառնու ձորի պռնկին, ու անգամ այնտեղ կանգնելը փոքր-ինչ վտանգավոր է: Բայց Մարիամն ասում է՝ իրենք արդեն սովորել են ու ծիծաղելով ավելացնում.

 

– Դե պատկերացրեք, որ էս ձորի միջից ես խաղողը բարձրացնում եմ վերև, բայց չեմ դժգոհում՝ հաճույքով եմ այդ գործն անում: Ես կարող եմ շատ տխրել, որ, ասենք, ինչ-որ ծառի հետ մի բան այն չի, կամ էլ ուրախանալ, որ, ասենք, այդ ծառը լավ բերք է տալիս: Մի խոսքով, ոնց կապրես երեխայիդ ամեն մի քայլով, սա էլ երեխայի մի ուրիշ տեսակ է…

 

 


Արմինե Գևորգյան

 

 

Դիտումների քանակը` 3842

Գլխավոր էջ