«Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի», – հաղորդում է նախաարարությունը

Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի:  Առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը տեղեկացրեց Panorama.am-ին, որ այս մասին հրաման է ստորագրել Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

 

Հարցին` արդյո՞ք որոշումը կապ ունի հասարակության շրջանում առաջացած դժգոհության հետ, նա պատասխանեց` ոչ:

 

«Հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը` հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվեց հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է վաղը նախարարության մոտ նախատեսված բողոքի ակցիային` «Ձեռքներդ հեռու հղիների գրպաններից» խորագրով, Սեդա Մանուկյանն ասաց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների որոշելիքն է այն անցկացնելը, հատկապես այս տեղեկատվության տարածելուց հետո:

 

Ի դեպ, այդ նույն տեղեկատվության  մեջ  նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարված կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար ներդրված համավճարը կանանց համար չի գործի: Այդ օրերին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բազմաթիվ բժշկական կազմակերպություններում կիրականացվեն մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բուժում և վիրահատություն։

 

«Կանանց և երեխաների առողջության պահպանումը առողջապահության նախարարության քաղաքականության գերակա ուղղություն է: Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ կանանց առողջության միամսյակի կազմակերպումը նպատակ ունի հոգ տանելու կանանց և նրանց ընտանիքների առողջության համար», – ասված է ԱՆ  հաղորդագրությունում:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մարտի 1-ից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան

Համավճարի ներդրումով կունենանք որակյալ բուժօգնություն եւ կպայքարենք կոռուպցիայի դեմ . կարծում եմ ԱՆ պատասխանատուները

«Ձեռքերդ հեռու հղիների գրպանից»․ նախաձեռնությունը բողոքում է նախարարության որոշման դեմ

 

 

 

Դիտումների քանակը` 4420

Գլխավոր էջ