«Goris Crochet» ձեռագործ հուշանվերները աշխարհի տարբեր երկրներում են սպառվում
Արդեն չորրորդ տարին է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից ստեղծված ձեռքի աշխատանքների ակումբի շնորհիվ տարածաշրջանի բազմազավակ, գործազուրկ, սոցիալապես անապահով կանայք գումար վաստակելու հնարավորություն ունեն: Ակումբին անդամակցող կանայք գործված հուշանվերներ են պատրաստում ՝ մոտ 60 անուն կենդանիների տեսքով: «Goris Crochet» ապրանքանիշով ձեռագործ այս հուշանվերները սպառվում են աշխարհի տարբեր երկրներում, առավել շատ՝ Նորվեգիայում:
Նոր աշխատատեղերի ստեղծումը Գորիսի Կանանց «Ռեսուրս կենտրոնը» իր կարևորագույն առաքելություններից մեկն է համարում: Այս ուղղությամբ իրականացվող գործունեության շնորհիվ Կենտրոնին հաջողվում է նպաստել մի կողմից՝ կանանց տնտեսական կարգավիճակի բարձրացմանը, մյուս կողմից՝ մարզում գործազրկության մակարդակի կրճատմանը:
«Գրեթե ամեն օր կանայք ու աղջիկներ են դիմում մեզ՝ ցանկանալով իրենց ձեռքի աշխատանքի շնորհիվ գումար վաստակել: Մենք աջակցում ենք, խորհրդատվություն տալիս, տրամադրում նյութեր, թելեր: Սկզբից կանայք մեր արհեստանոցում սովորում են աշխատել, հարմարվել պահանջներին և երբ արդեն կարողանում են բարձր որակի արտադրանք տալ, սկսում են պատվերներ կատարել»,-ասում է ակումբի համակարգող Նունե Աղաթելյանը:
Նրա խոսքով, իրենց մոտ աշխատող կանայք ոչ միայն Գորիսից են, նաև՝ գյուղական համայնքերից: Գյուղում բնակվող կնոջ համար լավ հնարավորություն է հավելյալ գումար աշխատելու, քանի որ գործում են հիմնականում տանը, կարողանում են համատեղել իրենց աշխատանքն ու ընտանիքը. ստանում են պատվերը և սահմանաված ժամկետում ավարտելով այն հանձնում սպառման:
«Այսօր 95 կին է գրանցված ակումբում, նրանցից 40-ը արհեստավարժ են, ամսական մինչև 50.000 դրամ եկամուտ են ստանում: Սկզբնական շրջանում գործում էին ամենատարբեր ցամաքային կենդանիներ, հիմա նաև՝ ծովային: Մենք էլ օգնում ենք կանանց արտադրանքն իրացնելու հարցում՝ ընդլայնելով եւ կատարելագործելով տեսականին: Մի խոսքով, ստեղծագործական մոտեցում ենք ցուցաբերում:
Ապրանքների իրացման և շուկաների որոնման հարցում «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամին օգնում է Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամը: Ստեղծվել են նաև օն-լայն հարթակներ, որոնց շնորհիվ ապրանքատեսականին ներկայացվում է վաճառքի նաև ինտերնետում. http://www.pinterest.com/goriscrochet
/
«Չորս տարի առաջ ընդամենը 4-5 կանանցով էինք աշխատում, ընդ որում նրանք սկզբից այնքան էլ վստահ չէին, որ փոքրիկ խաղալիքներ գործելով հնարավոր է եկամուտ ունենալ: Բայց ասօր կանանց մեծ հոսք ունենք, մարդիկ հավաստում են, մեծ հույսեր են կապում մեզ հետ, -ասում է Նունե Աղաթելյանը՝ ավելացնելով, -Մեր ակումբի դերը էական է նաև այն առումով, որ մեզ մոտ են գալիս հիմնականում սոցիալապես անապահով, կարիքի մեջ գտնվող կանայք, շատերը միայնակ մայրեր են, ու այն գումարները, որ աշխատում են այստեղ, շատ դեպքերում, ընտանիքի միակ եկամուտն են»…
«Ռեսուրս կենտրոնը» ապահովում է կանանց համար բոլոր անհրաժեշտ պայմանները լավ աշխատելու համար: Ստեղծվել է թելերի շրջանառու ֆոնդ, որի շնորհիվ կանայք պատվերը ստանալուց հետո թելերի խնդիր չեն ունենում, առավել ևս որ դրանք մայրաքաղաքից է միայն հնարավոր ձեռք բերել: Ապրանքները տեղում հավաքագրվում են, ուղարկվում պատվիրատուին. կանայք զերծ են մնում տեխնիկական կամ կազմակերպչական խնդիրներից, դրանով իսկ ազատվելով ավելորդ լարվածությունից: Բոլոր հուշանվերները ստացել են որակի սերտիֆիկատ, արտադրանքը համապատասխանում է միջազգային ստանդարներին, ինչի շնորհիվ առանց որևէ խնդրի սպառվում տարբեր երկրներում:
Հիմնական խնդիրը,սակայն, կայանում է նրանում, որ գումարը փոխանցվում է կանանց միայն ապրանքը սպառվելուց հետո: Այս հարցի լուծումը «Ռեսուրս կենտրոնը» տեսնում է շրջանառու ֆոնդ ստեղծելու մեջ, որի միջոցով գումարները կտրամադրվեն կանանց ապրանքը հանձնելուց անմիջապես հետո, իսկ ավելի ուշ՝ երբ ապրանքը սպառվի փոխանցվող գումարը կուղղվի շրջանառու ֆոնդին: Այս պարագայում կանայք իրենց գումարներին սպասելու խնդիր չեն ունենա, միայն թե շրջանառու ֆոնդ ստեղծելու համար «Ռեսուրս կենտրոնը» ներդրողների աջակցության կարիքը ունի…
Իրինա Յոլյան
Դիտումների քանակը` 9413