Հասմիկի վեցամյա որդուն սովորեցրել են հեռախոսով հայհոյել մորը…/ տեսանյութ
Կնոջը ծեծելու, խոշտանգելու մեջ մեղադրվող՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, բախտագուշակ Վարսիկի տղան՝ Սարգիս Հակոբյանը, իր 6-ամյա որդուն սովորեցրել է մոր հետ հեռախոսով խոսելիս հայհոյել նրան:
«Ինչքան զանգում եմ, երեխային սովորեցնում է, ինձ էնպիսի բաներ է ասում, որ 6 տարեկան երեխան չի ասի: Ասում է՝ բա դու խի՞ ես պապային բռնել տալի, լավ կնիկը մարդու ձեռքից չի փախնի, դու սոված ես մնալու, դու մեզ չես կարա պահես: Ինձ ասում է՝ ես լավ տղա եմ, պապաս լավ տղա ա, մենք լավ ընկերություն ունենք»,-NEWS.am-ին պատմեց Հասմիկ Խաչատրյանը, որն ամուսնու բռնություններից ազատվելու համար մեկ տարի առաջ փախել է տանից ու դիմել «Կանանց աջակցման կենտրոնի» օգնությանը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 18-ին, ամուսնու դեմ հարուցված քրեական գործով դատական նիստից առաջ Հասմիկը ամիսների ընդմիջունից հետո հնարավորություն ունեցավ որդուն տեսնելու, սակայն 6-ամյա փոքրիկը խուսափեց մոր հետ շփումից: Հասմիկը պատմեց, որ թե որդին, թե 7-ամյա աղջիկը, որը լսողության հետ խնդիրներ ունի և այժմ իր հետ է բնակվում, միշտ վախեցել են հորից:
«Ամեն անգամ, երբ ինքը խմած էր լինում, էրեխեքը թաքնվում էին: Գիշերվա կեսին գալիս էր, էրեխեքին արթնացնում էր, քաշքշում էր, խփում էր, ասում էր՝ թքի մամայիդ վրա, ծեծի մամային: Տղաս լացում, ասում էր՝ մամա, չեմ ուզում, որ քեզ նեղացնի»,-պատմեց Հասմիկը:
Նրա խոսքով՝ 9 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ինքը բազմիցս ծեծի է ենթարկվել. ամուսինը մինչև անգամ աթոռը ջարդել է իր թիկունքին ու աթոռի կոտրված մասով հարվածել գլխին. «Մահամերձ վիճակում էի: Տալերս գալիս էին, մշակում էին գլխիս վերքերը»:
Գլխին մինչեւ այժմ սպիեր կան, սակայն ծեծելու փաստը ամուսնու կողմը չի ցանկանում ընդունել…
Հասմիկին հաջողվել է հասնել նրան, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն արդար դատավարության սպասելիքներ չունի, քանի որ սկեսուրը, իր խոսքով, ազդեցություն ունի անգամ այդ համակարգի վրա:
Մանրամասները տեսանյութում եւ NEWS.am կայքում.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
«Կանանց աջակցման կենտրոնը» չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել
Դիտումների քանակը` 3410