Լարիսա Մուրադյան . «Կին լինելն ինձ ավելի շատ օգնել է, քան խանգարել»
Հայաստանում միայն երկու կին են փոխմարզպետի պաշտոն զբաղեցնում՝ Արմավիրի եւ Արգածոտնի մարզերում: Նրանցից մեկը՝ մասնագիտությամբ բժիշկ Լարիսա Մուրադյանը 2003-ից է աշխատում Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնում: Նա համակարգում է մարզի առողջապահության և սոցիալական ապահովության, սոցիալական ծառայությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառները: WomenNet-ի հետ զրույցում փոխմարզպետը խոստովանեց, որ կին լինելն իրեն միշտ ավելի շատ օգնել, քան խանգարել է։
-Ինչպե՞ս եք գնահատում մարզի խնդիրների լուծման գործընթացներում կանանց ներգրավածությունը:
-Մեր մարզում ղեկավարների մեծ մասը կին է. մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչության երեք պետերը կանայք են, մարզպետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների աշխատողների 80 տոկոսը կանայք են: Այնպես որ, նրանք, առաջին դեմք լինելով հանդերձ, որոշումների մեջ էլ մեծ դերակատարում ունեն:
-Իսկ առահասարակ երկրի կառավարման գործընթացներում կանանց ներգրավվածությունը բավարար համարո՞ւմ եք:
-Կանայք ավելի զգացմունքային են: Կանայք, ամենևին էլ չթերագնահատելով տղամարդկանց, ավելի շրջահայաց են, ավելի ճիշտ են կանխատեսումներ անում: Բացի այդ, կանանց ներկայությամբ տղամարդիկ ավելի զսպված են:
-Լինելով կին ղեկավար երբևէ խտրականություն զգացե՞լ եք այս տարիների ընթացքում, կին լինելն օգնե՞լ, թե խանգարել է Ձեր աշխատանքում։
– Ոչ չեմ զգացել: Ես ասացի, որ կանայք ավելի զգացմունքային են… Դա ինչ որ տեղ խանգարում է, սակայն կին լինելն այս տարիներին ինձ ավելի շատ օգնել է, քան խանգարել։ Իրականում կարևոր չէ` կին ես, թե տղամարդ. կարևորը լավ մասնագետ լինես։
-Սովորաբար ասում են, թե աշխատող կնոջ ընտանիքը տուժում է: Համամի՞տ եք այդ կարծիքի հետ և ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը և ընտանիքը։
-Ես իմ էությամբ պատասխանատու և պարտաճանաչ եմ, և աշխատում եմ չդավաճանել այդ սկզբունքները թե աշխատանքում, թե կյանքում։ Ասեմ, որ ինձ համար ընտանիքը միշտ էլ առաջին տեղում է եղել: Բայց, իհարկե, դա սա չի նշանակում, որ աշխատանքը դրանցի տուժել է, մղվել է երկրորդական պլան։ Ես փորձել եմ համատեղել, ինչն, անշուշտ, այնքան էլ հեշտ չէ: Այդ հարցում ես միշտ զգացել եմ ընտանիքիս աջակցությունը, նրանք ցանկացած պահի իմ կողքին են եղել: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: Ես գտնում եմ նաև, որ պետք չէ աշխատանքային խնդիրները տուն տանել: Տանը ես առաջին հերթին մայր եմ, կին, տատիկ… Չնայած անհրաժեշտության դեպքում ինչ-որ հարցերի շուրջ խոսում, խորհրդակցում եմ եմ նաև ընտանիքիս անդամների հետ։
-Ըստ Ձեզ, որն է Ձեր հաջողության բանալին։
-Ես կյանքում հաջողության հասել եմ կարգապահության ու պարտաճանաչության շնորհիվ։ Բացի այդ խստապահանջ եմ, առաջին հերթին` ինքս իմ հանդեպ։ Իմ այսօրվա հարստությունը մարդկանց անկեղծ սերն ու հարգանք է։ Դա շատ կարևոր է ինձ համար:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 4428