Ոստիկանությունը գոհ է կին վարորդներից

 

Մեր պետավտոտեսուչները մշտապես գովում են կանանց ավտոմեքենան ավելի ուշադիր  վարելու, կանոնները չխախտելու և ճանապարհներին,  առհասարակ, սթափ լինելու համար: Եվ չոր վիճակագրությունն էլ դա ապացուցում է. անցած տարվա ընթացքում միայն մեկ կին վարորդի են զրկել վարորդական իրավունքից` տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար:

 

2013 թվականի ընթացքում Հայաստանում հաշվառվել է 2824 ճանապարհատրանսպորտային  պատահար,  որոնցից  միայն 10-ն է, որ տեղի են ունեցել կին-վարորդների մասնակցությամբ , այսինքն` ՃՏՊ-ների ընդհանուր թվի միայն 0.35 %-ը: Եվ ուրախալի է, որ մահվան ելքով պատահար կին վարորդի մեղքով անցած տարի չի արձանագրվել:  Այս տվյալները WomenNet.am-ին տրամադրեց ՀՀ Ոստիկանությունը:

 

Տարեց-տարի հայաստանյան ճանապարհներին կին վարորդների թիվն ավելանում է, համաձայն Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների` 2012 թ. ապրիլի 2-ից հետո, Հայաստանում վարորդական վկայական ստացել է 187.286 քաղաքացի, որոնցից 15.777-ը` իգական սեռի ներկայացուցիչներ են: Միայն 2013թ-ին  վարորդական վկայական  ստացած կանանց թիվը 8021  է: Ի դեպ, տեսակետը, որ կանանց մասնակցությամբ  վթարները քիչ են, քանի որ կին վարորդների թիվն է ավելի փոքր, չի դիմանում քննադատությանը: Կին/տղամարդ վարորդների հարաբերակցության տեսակետից հաշվարկը նույն եզրակացության է հանգեցնում՝ կանայք ավելի զգույշ եւ կարգապահ վարորդներ են:

 

«Կանայք ավելի լուրջ են մոտենում մեքենա վարելու գործընթացին և դա սկսվում է ամենասկզբից, երբ դեռ նոր տեսական հարցաշարն են սկսում ուսումնասիրել: Եվ, ասեմ, կանայք ավելի շատ իրենց ուժերին են վստահում, քան սրան-նրան ասում, որ իրենց վարորդական իրավունք ստանալու գործընթացը երաշխավորեն… իհարկե բացառություններ կան, բայց կանայք, մեկ է, ավելի պարտաճանաչ են»,- մեզ հետ զրույցում ասաց երևանյան ավտոդպրոցներից մեկի աշխատակից Արմեն Վարդանյանը: Նրա խոսքով,  մեքենայի ղեկին նստելիս կանայք առաջնորդվում են «ոչ մեկին չվնասեմ» սկզբունքով, ինչը դրդում է նրանց ավելի ուշադիր լինել, սովորել կանոնները, արագություն չգերազանցել և այլն: Իսկ տղամարդկանց դեպքում գրեթե ամեն ինչ հակառակն է` արագություն են սիրում, կանոնները սովորում են արդեն երբ ղեկին են լինում և այլն.

 

«Ես քիչ եմ հանդիպում վթարներ, որոնց հեղինակը կին վարորդը լինի: Սովորաբար կին վարորդների մասնակցությամբ վթարները սահմանափակվում են մանր-մունր իրավիճակներով` մեքենան կայանելիս քերծում են ուրիշ մեքենա, այլ վթարի մասնակից դառնում, քանի որ շուտ չեն կարողանում կողմնորոշվել ու խուճապի են մատնվում և այլն: Բայց շատ քիչ եմ լսել, որ հետիոտնի վրաերթի ենթարկեն, այն էլ մահացու»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

Եթե դիտարկենք այլ երկրների վիճակագրությունը, ապա այս պատկերը գրեթե կրկնվում է եվրոպական երկրներում, որտեղ կին վարորդների թիվը շատ ավելին է քան մեզանում:  Գերմանիայում, օրինակ, կին-վարորդների մեղքով ճանապարհատրանսպորտային պատահարներում մահերը երկու անգամ քիչ են, քան տղամարդ վարորդների մեղքով: Ռուսաստանի Դաշնությունում 2012թ-ի ընթացքում արձանագրվել է 199 հազար 431 ՃՏՊ, որից միայն  29 հազար 914-ն է (15%) բաժին  հասել կին-վարորդներին:  Բելարուսում անցած տարվա ընթացքում արձանագրված 5.187 ՃՏՊ-ների 9 տոկոսն է միայն  կին վարորդների մասնակցությամբ, և մեկ տարվա ընթացքում ՃՏՊ-ներից զոհված 1039 մարդուց 46-ը (16.4%) զոհվել է կանանց մասնակցությամբ վթարներում:

 

Ի դեպ,  2010 թվականին գերմանական խոշորագույն AXA ապահովագրական ընկերությունը անցկացրել էր հետազոտություն, որի ընթացքում փորձել էր պարզել, թե ինչպես են կին և տղամարդ վարորդները ղեկին իրենց պահում այս կամ այն իրավիճակում: Ըստ այդմ էլ պարզվել էր, որ կանանց 78 տոկոսը ղեկին նստելիս մտածում է, որ արագությունը կարող է հանգեցնել ՃՏՊ-ի, մինչդեռ տղամարդկանց միայն 60 տոկոսն է այդպես մտածում: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են մտածում հայ տղամարդ վարորդները:

 

Էնզելա Մակարյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 Արդյո՞ք վատ վարորդի համար պատասխանատու է ողջ սեռը

Мифы о женщинах-водителях

 

 

Դիտումների քանակը` 3567

Գլխավոր էջ