«Զապել Եսայանին վերագտնելով»…/ թրեյլեր
Փետրվարի 4-ին ՝ արեւմտահայ կին գրող Զապել Եսայանի ծննդյան օրվա արթիվ «Կանանց Ռեսուրսային Կենտրոն»-ը կազմակերպել էր Զապել Եսայանին Գտնելով» ֆիլմի ցուցադրությունը: Այն պատմում է մեծ գրողի կյանքի և գործունեության, մտքերի և գաղափարների մասին: Նշենք, որ լրագրող Թալին Սանճյանի եւ Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի նախաձեռնությամբ, անձնական միջոցներով եւ կենտրոնի աջակցությամբ նկարահանված այս ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2011-ին, եւ այդ իրադարձությանը անդրադարձ կատարած «Ազգ» օրաթերթի լրագրող Մելանյա Բարսեղյանը գրել էր, որ Ֆիլմի հեղինակները կարողացել են որոշակիորեն ամբողջացնել 20-րդ դարասկզբի արեւմտահայ տաղանդավոր կին գրողի ստեղծագործական, առավել եւս` նրա քաղաքացիական-ազգային, մարդկային նկարագիրը…
Նրա անցած ճանապարհը անհանգիստ, հանրային կյանքի հանդեպ ակտիվ վերաբերմունքով մտավորական կնոջ կյանքի էպոպեա է` ամենատարբեր դժվարություններով, վտանգավոր հանգրվաններով, եւ, ցավոք, եղերական ավարտով…
… Ֆիլմի առաջին կադրերը փողոցային հարցումներ են` Զապել Եսայանի ինքնության մասին, սովորական մարդկանց շրջանակում: Ինչպես եւ սպասելի էր, նրա անունը ծանոթ չէր հարցվողներից եւ ոչ մեկին: Ի դեպ, Զապել Եսայանը գրեթե ճանաչված չէ մտավորական, կարելի է ասել նաեւ գրական շրջանակներում` չնայած խորհրդային տարիներին նրա գրական երկերի բավական հրատարակությունների: Այս առումով ֆիլմը նախեւառաջ ճանաչողական նշանակություն ունի:
Ֆիլմում Զ. Եսայանի կենսագրությունը ներկայացնող հեղինակային տեքստում անդրադարձ է արվում նրա կովկասյան այցին, Անդրանիկի, Հովհ. Թումանյանի հետ ծանոթությանը, աշխարհայացքային փոփոխություններին:
1933-ին գրողի տեղափոխությունը Սովետական Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երեւանի պետական համալսարանից: Ժամանակաշրջանը համընկավ սովետական ամենամռայլ ու մարդատյաց` ստալինյան բռնապետության տարիներին: 1936 թ. գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը` չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը: Ֆիլմում հնչող Բաքվի բանտից գրողի գրած նամակների հատվածները խոսուն են` նույն տոկուն, խիզախ կեցվածքը: Նրա կյանքի դրամատիկական ավարտը` ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են:
Ֆիլմում Զապել Եսայանը բացահայտված է ավելի որպես ֆեմինիստական շարժման կրող, կնոջ իրավունքներին հետամուտ հրապարակախոս: Անդրադարձ է արված հիմնական ստեղծագործություններին` «Ավերակներուն մեջ», «Սիլիհտարի պարտեզները»` երիտասարդ արվեստաբան Վարդան Ազատյանի մեկնաբանությամբ:
Ֆիլմը հետաքրքրական են դարձնում արխիվային նյութերի, գրողի նամակների, ժամանակակիցները հուշերի հրապարակումները. անձնական կյանքին վերաբերող մանրամասներ է պատմում ռադիոլրագրող Կլարա Թերզյանը: Զապել Եսայանի թոռան` ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Ալեքսանդր Եսայանի եւ ծոռնուհու` Իզաբելայի խոսքերը պատկերացում են տալիս հետստալինյան շրջանի նրանց ընտանիքին համակած զգուշավոր տրամադրությունների, մթնոլորտի, վերապրումների մասին: Տպավորիչ ու պատկերավոր էր ֆրանսահայ գրականագետ Մարկ Նշանյանի խոսքը:
Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.
Դիտեք ֆիլմի թրեյլերը.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…
Այցելե’ք նաեւ «Զապել Եսայան» նորաբաց ֆեյսբուքյան էջը
Դիտումների քանակը` 6986