Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

 

Հայ աղջիկների մեծ մասը պատրաստ է և ցանկություն ունի ծառայել բանակում, չի վախենում դժվարություններից: Սա ցույց տվեցին WomenNet.am-ի հարցումները տարբեր տարիքի, մասնագիտության աղջիկների ու կանանց շրջանում: Քչերն են անկեղծ խոստովանում, որ չեն ցանկանում, պատրաստ չեն: Ոմանք էլ առավել  անկեղծ են գտնվում. ասում են անգամ որդիներիս չծառայելու համար ուղիներ կփնտրեմ:

 

Մասնագիտությամբ թարգմանչուհի Շուշան Եղիազարյանը պատրաստ է անգամ առաջին գծում ծառայությունն իրականացնել. «Ոչ մի վախ ոչ մի դժվարությունից: Այս պահին ասեն գնա, մեկ վայրկյան անգամ չեմ երկմտի»:

 

Լրագրող Մարի Թարյանն ասում է, զենքից ու դրա գործածումից չի վախենում, ավելին, զենք օգտագործելու կանոններին տիրապետելն անհրաժեշտ բան է համարում, իսկ կանանց ծառայելուն կողմ է:

 

«Մեր երկիրը գտնվում է փխրուն խաղաղության մեջ, պատերազմը չի ավարտվել, քանի դեռ զոհեր ենք ունենում: Եթե բանակում չծառայեն էլ, կարծում եմ, որ անհրաժեշտություն կա բարբերաբար գործնական պատրաստություն անցնելու»,-ասում է նա:

 

Անահիտ Վարդանյանն էլ կողմ է, որ հայկական բանակում աղջիկները ծառայեն: «Ինքս էլ կցանկանայի գնալ ու պաշտպանել մեր սուրբ հողը»,-ասում է Անահիտն ու կասկած հայտնում, որ հայրը չէր ընդդիմանա իր այդ որոշմանը:

 

«Ոչ թե կկռվեի, այլ ամեն կերպ կնպաստեի խաղաղության, կարգ ու կանոնի հաստատմանը: Ինչի՞ է նման այն ընտանիքը, որի անդամները միայն տղամարդիկ են»,-ասում է մասնագիտությամբ մանկավարժ Զինա Հոխոյանը:

Գրող, լրագրող Արա Ալոյանը, ով 5-ամյա չքնաղ աղջկա հայր է, համոզված է, որ կնոջ մուտքը՝ բանակային համակարգ, հոգեբանական առումով, կարող է յուրատեսակ համակշռության-ներդաշնակության գործառույթ-ազդակներ ներմուծել:

 

«Հայաստանյան իրականության մեջ, աղջիկների՝ բանակային զորակոչման, ծառայության անցնելու գաղափարը ժամանակ առ ժամանակ շրջանառվում է և ամեն անգամ «փոշիացվում» ազգային մենթալ կոդերի, նահապետականության, ավանդականության հետ անհամետեղելիության մասին՝ ընդորում՝ տարբեր տրամաչափի պնդումներում: Մյուս կողմից, առկա է նաև մեկ այլ առանձնահատկություն-հակափաստարկ, թե արական սեռի մասով, ընդհանուր առմամբ, բանակային կյանքն այնպիսին չէ, որ գրավիչ լինի ոչ միայն տղաների, այլև՝ իգական սեռի ներկայացուցիչների համար»,-ասում է Արան:

 

Նրա կարծիքով, կանանց դերակատարումը բանակաշինության գործընթացում առանց այդ էլ անուրանալի է ու ակներև՝ Արցախյան գոյամարտից ի վեր, տարբեր առաքելություններ իրականացնելիս:

 

Գրողը հիշեցնում է. «Առհասարակ, հայ աղջկա՝ իբր ռազմական-զինվորական կարևոր դերակատարի մասին հիշատակումներն այնքան հին են, որքան՝ հայոց պատմությունն ու հայ ժողովրդի գոյությունն իսկ: Հետևապես, ըստ իս, նեղմտություն ու բարդութավորվածություն է կնոջ պարտադիր զինվորական ծառայության մասին դատողությունների, քննարկումների մակարդակում ազգային հոգեբանության հետ անհամատեղելի լինելու վերաբերյալ փաստարկներ բերելը: Ավելին, կնոջ մուտքը՝ բանակային համակարգ, հոգեբանական առումով, կարող է յուրատեսակ համակշռության-ներդաշնակության գործառույթ-ազդակներ ներմուծել, թեև այդ ամենը կարիք ունի հանգամանալից նախապատրաստության՝ հաշվի առնելով ինչպես տարիքային, այնպես էլ՝ սեռային ու այլ առանձնահատկություններ, հնարավոր իրադրություններ, վտանգներ և այլն: Այնպես որ, սա իրատեսական է, եթե ետևում լուրջ աշխատանք է արվելու: Մեծ հաշվով, սրան պետք է ուղղորդել դպրոցական միջին տարիքից, իսկ ավելի ուշ՝ ռազմագիտության կամ ՆԶՊ-ի դասընթացներով սահուն անցում կատարելով դեպի այդ գիտակցումն ու այդ գաղափարի իրագործման հիմնաթիրախը»:

 

Փորձագետ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ,  Հայաստանն այսօր պատրաստ չէ կանանց և աղջիկներին պարտադիր ժամկետային ծառայության ընդգրկելուն: Դա պայմանավորված է և մեր մտածելակերպով և առկա իրողություններով:

 

«Մյուս կողմից, կանայք կարող են արդյունավետորեն ընդգրկվել պայմանագրային ծառայության համակարգում: Զինված ուժերում առկա են այնպիսի հաստիքներ, որում կանանց ներգրավումը կարող արդյունավետ լինել: Վարչական ապարատի մի շարք պաշտոններում և հաստիքներում կանայք` համապատասխան ուսուցումից հետո կարող են փոխարինել տղամարդ­սպաներին, իսկ վերջիններս կարող են առավել արդյունավետ գործել առաջնային գծում տեղակայված զորամասերում, այնպիսի վայրերում, որտեղ կանանց ընդգրկել հնարավոր չէ»,-ասում է փորձագետը:

 

Փորձագետն ասում է, որ ներկայումս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն է կազմակերպել, ինչը նշանակում է, որ զինված ուժերում, տարբեր հաստիքներում աշխատող կանանց թիվը առաջիկայում կաճի, ընդ որում` կադրային սպայի կարգավիճակով, կանայք կարող են առավել օգտակար լինել բանակին:

 

«Երկրում առկա արտագաղթի և ծնելիության նվազման պայմաններում, կանանց դերակատարությունն ու ներգրավվումը ԶՈՒ­ում դառնում է առավել անհրաժեշտ»,-ասում է Տիգրանը:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ուսումնական տարվա սկզբին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խնդրին, նշել էր, որ աղջիկների պարտադիր զինծառայության հարցը երբեք չի քննարկվել, և հիմա էլ դրա կարիքը չկա։  Նախարարը նշել էր, որ ԶՈՒ-ում աղջիկների ծառայությանը նորմալ է վերաբերում, բայց.

 

«Աղջիկներն ավելի մեծ խնդիր ունեն։ Ժողովրդագրական այս վիճակում նրանք շատ երեխաներ, տղաներ, զինվորներ պետք է ծնեն, ինչու չէ, նաև աղջիկներ, ովքեր համալրելու են մեր զինված ուժերը։ Իսկ մենք՝ տղամարդիկ, պետք է այդ ուղղությամբ մեր հոգատարությունն ու վերաբերմունքը ցույց տանք»:

Հ. Կարապետյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

 

Դիտումների քանակը` 13065

Գլխավոր էջ