Գեղաքարի կին համայնքապետը ավարտին է հասցնելու ամուսնու կիսատ գործերն ու ծրագրերը
Դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքներով համայնքի ղեկավար ընտրվեց Կարինե Մարտիրոսյանը: Panorama.am-ի հետ զրույցում տիկին Մարտիրոսյանը պարզաբանեց, թե ինչով էր պայմանավորված իր` համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքար մղելու որոշումը:
«Ամուսինս 13-14 տարի Գեղաքարի ղեկավարն էր, երեք ամիս առաջ մահացավ… շատ կիսատ գործեր, ծրագրեր ուներ, որ մեծ եռանդով ուզում էր դրանք ավարտին հասցնել: Այնպես որ որոշումս երկար իրեն չսպասեցրեց` պայքարել համայնքի ղեկավարի պաշտոնի համար ու ավարտին հասցնել ամուսնուս կիսատ թողած գործերը»,- պատմեց նա:
Գեղաքարը փոքր համայնք է` 149 բնակիչ կա գրանցված, որոնցից 133-ն է, որ ընտրելու իրավունք ունեն: Ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ նախկին համայնքապետի տիկնոջը, ով մինչ այդ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, ավելի շատ համագյուղացի վստահեց` 133 ընտրողից 71-ը իրենց քվեն տվեցին Կարինե Մարտիրոսյանի օգտին: Համայնքապետի խոսքով` «ամուսինս լավ ղեկավար է եղել, նվիրված էր, վստահությունը համագյուղացիների վայելել է, դրա համար ինձ էլ վստահեցին»:
Ինչ վերաբերում է ընտրապայքարին, որտեղ նա մրցում էր տղամարդ թեկնածուի հետ, Կ.Մարտիրոսյանը նշեց, թե սովորական պայքար էր, արտառոց ոչինչ չի եղել, մյուս թեկնածուն էլ որևէ կերպ չի խոչընդոտել իրեն:
«Իհարկե կին ղեկավարների պահանջ կա: Փորձը ցույց է տվել, որ կին ղեկավարները ավելի լավ են ղեկավարում, միշտ նշանակետին են խբում իրենց որոշումներով, ավելի սկզբունքային են: Կանայք անպայման պետք է վստահեն իրենց ուժերին ու չվախենան զբաղեցնել այն տեղերը, որ համարվում են տղամարդկանցը»,- նշեց մեր զրուցակիցը:
Կ.Մարտիրոսյանի խոսքով, անելիք իսկապես շատ կա, թեև կարելի է մտածել, որ գյուղը փոքր է` մշտական այստեղ բնակվում է ընդամենը 5 ընտանիք, մնացած ընտանիքները կամ ուղղակի գրանցված են, կամ սարերում են, կամ ապրում են Հայաստանի այլ քաղաքներում, բայց անելիք միևնույն է շատ կա:
«Ամանորից հետո արդեն աշխատանքների ամբողջ ծավալն իրեն զգացնել կտա»,- հավելեց նա:
Նշենք, որ այսպիսով Գեղարքունիքի մարզի 92 համայնքներից միայն երեք համայնքի ղեկավարներն են կանայք:
Աղբյուրը՝ Panorama.am
Դիտումների քանակը` 4126