«Գուցե մտածում էր, որ երեխայիս չեն հավատա, ինչ է թե մտավոր խնդիրներ ունի…»

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Երևանում  18-ամյակը նոր բոլորած  Արմինեն (անունը փոխված է) իր տան մոտից բռնի ուժով տեղափոխվել է  մայրաքաղաքի ծայրամաս, որտեղ ցրտին ու մթին կամրջի տակ նրան բռնաբարել են…

 

 

Արմինեն մտավոր զարգացման խնդիրներ ունի,  «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների ցերեկային կենտրոնի սան է: Կենտրոնը   գործում է 15 տարի, շրջապատի մարդիկ այդ երեխաներին միշտ սիրով, ուշադրությամբ և ջերմությամբ են վերաբերվել,  ու առաջին անգամ է, որ կենտրոնի սանը հասարակության կողմից  նման դաժան վերաբերմունքի է արժանանում: Սա այն դեպքն է, երբ իրավապահները արձագանքեցին անմիջապես,  ու երկու օր անց արդեն իսկ Էրեբունու քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց`ՔՕ 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` բռնաբարություն:

 

WomenNet.am-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը ներկայացրեց դեպքի մանրամասները:  Նա տեղեկացրեց, որ իրենց  սաներն ամեն օր ժամը 17.00-ին կենտրոնի միկրոավտոբուսով տեղափոխվում են տուն, որտեղ էլ նրանց դիմավորում են հարազատները: Աղջկա մոր խոսքերը փոխանցելով ՝ տիկին Աբրահամյանը նշեց, որ առաջին դեպքն է եղել, երբ Արմինեին միկրոավոտբուսից իջնելու պահին չեն դիմավորել և ինչ-որ մեկը դրանից, փաստորեն, օգտվել է.

 

«Մայրը տուն գալուն պես անմիջապես զանգահարել է մեր վարորդին, ճշտել, որ սովորական ժամին վարորդը նրան իջեցրել է անմիջապես տան մոտ, այնուհետև միանգամից գնացել է ոստիկանություն` զուգահեռաբար նաև հիվանդանոցներ  զանգահարել: Ոստիկանությունում է եղել, երբ  եղբայրը զանգահարել ասել, որ Արմինեն ուղղակի այլայլված վիճակով տուն է վերադարձել»,- մեզ հետ զրույցում պատմեց տնօրենը: Հաջորդ օրը Արմինեն անցել է դատաբժշկական փորձաքննություն, որն էլ ապացուցել է, որ բռնաբարություն է տեղի ունեցել, ու  նաև այն, որ աղջիկը կույս է եղել:

 

 

Տնօրենի  խոսքով, ոստիկանության գործողությունների ընթացքը բավականին արագ է եղել. կասկածվող անձը բերման է ենթարկվել անմիջապես: Դա  Արարատ մարզի Այգեստան գյուղի բնակիչ 30-ամյա Գ.-ն է, սակայն նրան դեռևս բաց են թողել` չբացակայելու ստորագրություն վերցնելով:   Հայտնի է նույնիսկ, թե ով է նրան տվել աղջկա հեռախոսահամարը, որի միջոցով նա կապ է հաստատել նրա հետ  ու  սպասել , թե երբ Արմինեն կիջնի կենտրոնի մեքենայից:

 

Մենք զրուցեցինք  նաև Արմինեի մոր հետ:  «Տականքին հնարավոր եղավ գտնել, որովհետև նա մի քանի անգամ աղջկաս այդ օրը զանգահարել է ու միկրոավտոբուսով տուն տեղափոխվող երեխաներն էլ փաստել են, որ Արմինեին անընդհատ ինչ-որ մեկը զանգահարել է… համարով էլ հայտնաբերեցին: Չգիտեմ, ինչն էր իր հույսը, գուցե մտածում էր, որ երեխայիս չեն հավատա, ինչ է  թե մտավոր խնդիրներ ունի… Չգիտեմ, բայց ես ամեն ինչ կանեմ, որ էդ տականքն իր պատժին արժանանա…  երեխես տեղերից չի հելնում, ինչ-որ մտքերի մեջ է, քայլել չի կարողանում նորմալ …»,- պատմեց Արմինեի մայրը: Նա նաև տեղեկացրեց , որ ոստիկանության բաժանմունքում Արմինեն պատահական առերեսվել է նրա հետ, ով, աղջկա խոսքերով, ստոր արարքի հեղինակն է.

 

«Երեխես հենց տեսավ, քարացավ… առանց էտ էլ թույլ երեխա է, իսկ տականքին էլ տեսավ, կուչ եկավ, սկսեց դողալ….. Դե մնացածը արդեն ոստիկանների գործն է, վստահ եմ, որ շատ բան ջրի երես դեռ կհելնի»,- նշեց աղջկա մայրը:

 

Արմինեն հայր չունի, բայց  միշտ շրջապատված է եղել հարազատների սիրով և հոգածությամբ:  Ապրում է մոր հետ, իսկ սեփական տան հարևանությամբ մորաքույրն է իր ընտանիքով, նաև քեռին` բեոլորն էլ շատ հոգատար են եղել նրա նկատմամբ: Դպրոց հաճախել է մինչև 6-րդ դասարան, սակայն քանի որ դասարանցիները ագրեսիվ վարք են դրսևորել նրա նկատմամբ մայրը որոշում է կայացրել այլևս նրան դպրոց չտանել: Եվ ահա այս տարի ամռանը Արմինեն դարձավ «Փրկություն» կենտրոնի սանը.

 

«Ես տեսնում էի, որ երեխաս երջանիկ է, հաճույքով  էր գալիս  այնտեղ, ընկերներ ունի, շատ ուրախ էր ու անհամբեր սպասում էր, թե երբ պիտի առավոտը նորից գա: Գալիս էր տուն ու ժամերով պատմում,  թե ինչ են արել, ինչ ոտանավոր էր սովորել… շատ ուրախ էր երեխես մինչ այս դեպքն եղավ, հիմա չգիտեմ` ամբողջ օրը պառկած է իր մտքերով»,- նշեց մայրը, իսկ դպրոցի տնօրենն էլ ավելացրեց, որ Արմինեն նաև կենտրոնի թատերական խմբում է ընդգրկված, իսկ խումբը արդեն երկրորդ անգամ արժանացել է «Նռան հատիկ» մրցանակին…

 

«Այս պատմությունն ինձ համար մութ է. թե ով է տվել Արմինեիս համարը այդ Գ.-ին արդեն պարզել ենք, հիմա ես պիտի պարզեմ, թե ինչու է տվել համարը, ինչ նպատակով: Կարող է մանյակ է, երեխա է առևանգում, կամ չգիտեմ…. Ու պիտի պարզեմ , թե որ տաքսին է եղել, որ աղջկաս տարել են տան մոտից: Երեխան մի կերպ օգնություն ա խնդրել դրանից, դա էլ թե` ինձ փող տվողն ինքն ա, ոնց կասի տենց կանեմ: Արմինեն ոստիկանի համազգեստը տեսնելով ցույց տվեց, թե այդ գույնի է եղել տաքսին, բայց դեռ չեն գտել»,- վրդովված տեղեկացրեց մայրը:

 

Բացի այդ Արմինեն կարողացել է մատնանշել այն վայրը, որտեղ տեղի է ունեցել բռնաբարությունը` դա եղել է «Վստրեչ» կամուրջը : Թեպետ Արմինեն առողջական խնդիրների պատճառով, քաղաքին լավ չի տիրապետում և երբևէցե  մենակ տանից դուրս չի եկել, բայց  ոստիկանական ավտոմեքենայով այդ տարածքով անցնելիս, պատուհանից ճանաչել  է այդ վայրը…

 

…. Ցավալին այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ բռնաբարում են մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխայի: 2012թ-ի սկզբին մեծ աղմուկ առաջացրեց  «Հետք.am»-ի բացահայտված   դեպքը, երբ  Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, անառակաբարո գործողություններ էր կատարել  14-ամյա մտավոր զարգացման խնդիրներ ունեցող  աշակերտուհու նկատմամբ։ Այս հուլիսին էլ Տավուշի Կողբ գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդը, ով երկու անչափահաս երեխա ունի, բռնաբարել էր 14-ամյա  մտավոր կարգի խնդիրներ ունեցող  մի աղջկա… Եվ այս շարքը, ցավոք, կարելի է շարունակել…

 

Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 3875

Գլխավոր էջ