Ասիական զարգացման բանկ. «Գենդերային կարծրատիպերը խոչընդոտում են կանանց ինքնադրսեւորման հնարավորությունները» :

 

Այսօր Կոնգրես հյուրանոցում  կայացած աշխատանքային  քննարկման ժամանակ  ներկայացվեց Ասիական զարգացման բանկի  նախնական զեկույցը  Հայաստանում գենդերային իրավիճակի գնահատման վերաբերյալ : Զեկույցը ներկայացնող գենդերային հարցերով միջազգային խորհրդատու Էլիզաբեթ Դուբանի  խոսքով՝ գնահատականներն, եզրակացություններն ու առաջարկները  Հայաստանի տարբեր մարզերում  անցկացված ուսումնասիրության, ինչպես նաեւ   վիճակագրական տվյալների վերլուծության եւ  փորձագիտական կարծիքների հավաքագրման  արդյունք են:

 

Զեկույցի  համաձայն, գենդերային հավասարության պետական քաղաքականության շնորհիվ կանանց իրավական եւ սոցիալական կարգավիճակը, թեեւ  ընդհանուր առմամբ բարելավվել է, բայց  դեռեւս  գերիշխում են գենդերային կարծրատիպերը, որոնք սահմանափակում են  կանանց դերը մասնավոր եւ ընտանեկան ոլորտով՝ խոչընդոտելով կանանց ինքնադրսեւորման եւ ինքնահաստատման հնարավորությունները հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքում: Էլիզաբեթ Դուբանի խոսքով, կարծրատիպերն  անմիջականորեն   ազդում են  կանանց  ներկայացվածության վրա քաղաքականության մեջ, նրանց պաշտոններ զբաղեցնելու եւ գործարարության զբաղվելու վրա:  Գենդերային կարծրատիպերը իրենց բացասական ազդեցությունն են ունենում նաեւ տղամարդկանց վրա՝ պարտադրելով նրանց  ընտանիքի  ֆինանսական իրավիճակի  համար ողջ պատասխանատվությունը:

 

 

Զեկույցում մասնավորապես հիշատակվում է, որ խորհրդարանում կանանց տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 10 տոկոս, կառավարության կազմում` 11 տոկոս: Հիմնականում կանայք զբաղեցնում են օժանդակող , այլ ոչ թե ղեկավար պաշտոններ : Գենդերային հարցերով միջազգային խորհրդատու Էլիզաբեթ Դուբանի խոսքով, պատկերը փաստում է, որ կանանց մուտքը քաղաքականություն հեշտացնող  դրական խտրականությունը` քվատավորման համակարգի տեսքով, դեռեւս  բավարար չէ, թեպետ  կին պատգամավորների թվի աստիճանական աճ է գրանցվել: Այսպես, եթե 1991 թվականին կանայք օրենսդիր մարմնում կազմել են ընդամենը 3.7 տոկոս, 1995-ին ` 6.3 տոկոս, 1999-ին ` 3.1 տոկոս, ապա քվոտավորման սկզբունքը կիրառելուց հետո 2003-ին  կանանց թիվը դարձել է  ` 5.3 տոկոս, 2007-ին ` 9.1 տոկոս եւ  վերջապես 2012 -ին` 10.7 տոկոս:

 

Զեկույցի համաձայն, Հայաստանում անհավասարության դրսեւորումները  նկատելի են նաեւ  կանանց եւ տղամարդկանց տնտեսական հնարավորությունների տեսակետից:  ՓՄՁ ոլորտում կանանց ներգրավվածությունը մոտավոր  տվյալներով 20-25 տոկոս է կազմում, իսկ  անհատ ձեռնարկատիրության ոլորտում` 8-18 տոկոս, ընդ որում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը դրսեւորվում է առավելապես   միկրո եւ փոքր մակարդակներում` հիմնականում ընտանեկան բիզնեսի միջոցով:

 

Կրթության ոլորտում անհավասարության դրսեւորում հետազոտությունը չի հայտնաբերել: Հայ կանայք, համաձայն զեկույցի հեղինակների,  ավելի շատ են սովորում, քան տղամարդիկ, այլ հարց է , որ կանանց բարձր  կրթական մակարդակն աշխատանքային գործունեության մեջ չի արտացոլվում:  Ասիական բանկի փորձագետները հորիզոնական (ըստ ոլորտների ) եւ ուղղահայաց  (ըստ պաշտոնների)շերտավորում են արձանագրել աշխատաշուկայում: Որոշակի ոլորտներում  տղամարիկ զբաղեցնում են  ղեկավար պաշտոնների 67.8 տոկոսը:

 

 

Շերտավորման ամենատեսանելի հետեւնքներից մեկն է  կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը:  Այս առումով  Հայաստանում  գրանցվել է Հարավ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում սեռի հատկանիշով վճարման ամենամեծ խտրականությունը:  Կանանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի 64.7 տոկոսը:

 

 

Դրա հետ մեկտեղ տղամարդկանց հիմնական  խնդիրներից մեկը դառնում  է աշխատանքային միգրացիան՝ միգրանտների 90 տոկոսը տղամարդիկ են,որի հետեւանքով նրանք, ըստ էության,  ռիսկի խմբում են հայտնվում՝  դժբախտ պատահարների, շահագործման եւ այլ վտանգների առումով:

 

 

Առանձնահատուկ տեղ է հատկացված զեկույցում  ճանապարհների առկայության, տրանսպորտի, ջրամատակարարման խնդիրների գենդերային ասպեկտներին: Այսպես, ջրամտակարարման սահմանափակումները առավել մեծ ազդեցություն ունեն հատկապես կանանց վրա: Նշենք, որ  Հայաստանում Ասիական զարգացման բանկի  ծրագրերից շատերը հենց ջրամատակարարման, Ճանապարհաշինության ոլորտներում են  իրագործվում:

 

 

Զեկույցում անդրադարձ է կատարվում  ընտանեկան բռնության հիմնախնդրին: Պաշտոնական վիճակագրություն ընտանեկան բռնության  տարածվածության վերաբերյալ, ըստ էության չկա, իրական պատկերը վեր հանելը դժվար է , քանի որ կանայք իրենք են շատ հաճախ խուսափում բարձրաձայնել խնդիրը:

 

 

Կառավարության եւ կանանց կազմակերպությունների կատարած ուսումնասիրությունների տվյալների վրա հիմնվելով զեկույցի հեղինակները  եզրահանգում են, որ  այս խնդրից  տուժող  կանանց  թիվը  25 տոկոսից 66 տոկոս է:  Երեւույթը, ըստ  փորձագետների,  պայմանավորված է  կանանց ֆինանսական անկախության եւ իրազեկվածության պակասով: Ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայությունը, ըստ զեկույցի չի ապահովում զոհերի իրավական եւ սոցիալական աջակցության լայն համակարգ:

 

 

Հայաստանում լուրջ խնդիր է համարվել նաեւ պտղի  սեռի հատկանիշով հղիության ընդհատումը, որը նույնպես գենդերայի կարծրատիպերի անմիջական հետեւանք է հանդիսանում: Վերջին տարիներին կայուն միտումներ է ցուցաբերում  114 տղա` 100 աղջկա դիմաց նորածինների հարաբերակցությունը, եւ այդ  ցուցանիշը էականորն տարբերվում է սեռերի բնականոն  հարաբերակցությունից՝ 106 տղա / 100 աղջիկ:

 

 

Այնուամենայնիվ փորձագետ Էլիզաբեթ Դուբանը կարծիքով,  Հայաստանը գենդերային հավասարության պաշտպանության բավականին հզոր համակարգ ունի` գենդերային ռազմավարության ազգային քաղաքականությունից մինչեւ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին օրենքը: Տարբեր ոլորտներում առկա գենդերայիին անհավասարության պատճառն, ըստ փորձագետի, միշտ չէ, որ   խտրական վերաբերմունքի արդյունք է:

 

 

«Ես կարծում եմ, որ պատճառները հաճախ պայմանավորված են ոչ միայն զուտ գենդերային  խնդիրներով, նրանք նաեւ իրավական, սոցիալական եւ օրենսդրական հիմքեր  են` այս ամենը միասին վերցրած»,-նշում է  Էլիզաբեթ Դուբանը:

 

 

Ներկայացված զեկույցը,  ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի խոսքով, արտահայտում է գոյություն ունեցող իրականությունը: «Մեր ամբողջ օրենսդրությամբ կանայք ունեն հավասար իրավունքեր, բայց երբ անդրադառնում ենք հնարավորություններին , ապա տեսնում ենք, որ այդ հնարավորությունները խիստ սահմանափակ են: Մենք ունենք ի դեմս կանանց հսկայական կրթական, ինտելեկտուալ լուրջ պոտենցիալ , որը սառեցված է եւ  չի օգտագործվում ի շահ մեր հասարակության»,-նշում է փոխնախարարը: Ֆիլարետ Բերիկյանը համաձայնվեց փորձագետի այն տեսակետի հետ, որ առկա խնդիրների պատճառների մեջ, բացի գենդերային կարծրատիպերից, սոցիալական իրավիճակն է մեծ դեր խաղում: «Սոցիալական խնդիրների լուծման հետ մեկտեղ աստիճանաբար  տեսնելու ենք   նաեւ գենդերային  քաղաքականության դրական   հետեւանքները»,-նշում է նա:

 

Նշենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով  Հայասստանը գենդերային հավասարության  իրավիճակը գնահատող ցուցանիշով  136 երկրների շարքում զբաղեցնում է 94-րդ տեղը: Այս ցուցանիշը ցածր է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային միջին ցուցանիշից:

 

 

 

Մարիաննա Ղահրամանյան

 

 

Դիտեք նաեւ Արմնյուզ-ի ռեպորտաժը այս թեմայով. 

 

 

 

Դիտումների քանակը` 3816

Գլխավոր էջ