ՄԱԿ- Կանայք. «Յուրաքանչյուր երրորդ կին աշխարհում բռնության է ենթարկվում»

 

Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, ՄԱԿ- Կանայք  տ-ն Ֆումզիլե  Մլամբո Նգուկան, կոչ է  անում տղամարդկանց, կանանց և երիտասարդներին ամբողջ աշխարհում միանալ և համախմբել իրենց ուժերը կանանց իրավունքները պաշտպանելու համար: «Ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր կանանց իրավունքների պաշտպաններ են», – նշում է նա  օրվա առիթով իր ուղերձում:

 

 

« 20 տարի առաջ Վիենայի հռչակագիրը և գործողությունների պլանը ընդգծեցին, որ կանանց և աղջիկների՝ բոլոր իրավունքներից լիարժեք օգտվելը առաջնային խնդիր է Կառավարությունների և ՄԱԿ-ի համար: Կարևոր սկզբունքները ամրապնդվեցին, այդ թվում՝ մարդու իրավունքների համընդհանրությունը և պետությունների պարտականությունները դրանք պահպանել: Այդ ժամանակվանից ի վեր ոչ միայն  կանանց իրավունքներին վերաբերող իրավական չափանիշների և առաջարկությունների մի ծավալուն փաթեթ է մշակվել, այլ  շատ մեծ առաջընթաց է կատարվել կանանց իրավունքների և հավասարության խթանմանն ուղղված ազգային օրենքների, քաղաքականությունների և ծրագրերի ընդունման և մշակման տեսանկյունից:

 

Կանանց իրավունքների յուրօրինակ միջազգային պայմանագիր հանդիսացող  Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան, որը իրավաբանորեն պարտավորեցնող է, վավերացվել է 187 պետությունների կողմից:

 

 

Այնուամենայնիվ, կանանց հանդեպ խտրականությունը շարունակվում է և օրենսդրորեն, եւ գործնականում: Կանանց իրավապաշտպանները միավորում են իրենց ջանքերը կանանց նկատմամբ  բռնության դեմ պայքարում: Եվ ամբողջ աշխարհում կանայք ամենաաղքատն ու ամենամարգինալացվածն են:

 

 

Այսօր՝ Կանանց հանդեպ բռնության վերացման 16-օրյակի վերջին օրը, մեզ հիշեցնում են այն մասին, որ յուրաքանչյուր երրորդ կին աշխարհում դեռևս բռնության է ենթարկվում: Դա ոչ պակաս գլոբալ համաճարակ է և մարդու իրավունքների մասսայական խախտում:

 

 

Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում խոսքից գործի անցնել: Ժամանակն է համապատասխանեցնել խոսքերը բոլոր օրենքներին, քաղականություններին և ծրագրերին կանանց իրավունքները պաշտպանելու համար՝ ապահովելով համապատասխան բյուջե դրանց իրականացման համար:

 

 

Մինչև 2015 թ. Հազարամյակի Նպատակներին հասնելու համար մենք պետք է գիտակցենք, որ  առաջընթացի մեծապես  կախված է կանանց առաջընթացից: Ես կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին առաջնահերթ դարձնել կանանց իրավունքները, կանանց առաջխաղացումը  և գենդերային հավասարությունը ամեն օր, և հատկապես  2015-ի զարգացման նպատակների  շրջանակներում:

 

 

Այսօր՝ մարդու  իրավունքների միջազգային օրը, եկեք ոգեշնչվենք Նելսոն Մանդելայի օրինակով: Մադիբան ցույց տվեց մեզ, որ մեզանից ոչ ոք ազատ չի լինի, մինչև բոլորս ազատ չլինենք: Մեր հույսերը կապված ավելի արդար, ապահով և խաղաղ աշխարհի հետ կարդարանան միայն այն ժամանակ, երբ համընդհանուր հարգանք լինի մարդկային ընտանիքի բոլոր անդամների արժանապատվության և հավասար իրավունքների հանդեպ», – ասված է ՄՍԿ- Կանայք տնօրենի ուղերձում:

 

 

Հիշեցնենք, որ  Մլամբո Նգուկան, ով ժամանակին  Հարավային Աֆրիկայի հանրապետության փոխնախագահ է եղել,  ստանձնեց ՄԱԿ-կանայք կառույցի տնօրենի պաշտոնը  այս տարվա հուլիսին:  Նա փոխարինեց  այդ պաշտոնում Միշել Բաչելեթին, ով զբաղեցրել էր գործադիր տնօրենի պաշտոնը ՄԱԿ-կանայք  կառույցի ստեղծման օրվանից՝  2010-ից:

 

 

Դիտումների քանակը` 3043

Գլխավոր էջ