Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Դատելով կառավարության այսօրվա նիստում տեղի ունեցած քննարկումից գործադիրը դեռ չգիտի այս հարցի պատասխանը, սակայն գիտի ինչպես դա պետք չէ անել:
Խոսքը մի խումբ պատգմավորների կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծի մասին է, որով առաջարկվում է խրախուսել բազմազավակությունը` երեք և ավելի երեխա ունեցող մայրերի համար կենսաթոշակի իրավունք տվող տարիքը և ստաժի համար սահմանված օրացուցային տարիները պակասեցնելու ճանապարհով:
Այսինքն` նախաձեռնության նպատակն է խթանել ծնելիությունը և բարելավել ժողովրդագրական վիճակը: Կառավարությունը նպատակի հետ լիովին համաձայն է, սակայն նպատակահարմար չի համարում ընդունել ներկայացված նախաձեռնությունը` համարելով, որ խնդիրը ավելի առարկայական լուծումների կարիք ունի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրանը ներկայացնելով գործադիրի եզրակացությունը, մատնանշել է նախագծի անընդունելի դրույթները: Ըստ նախարարի, առաջարկվող փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող ունենալ ժողովրդագրական վիճակի բարելավման վրա:
«Նախագծի հեղինակներին առաջարկել ենք կառավարության հետ քննարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և ծնելիության խթանմանը միտված այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կարծում եմ` առաջիկայում մենք ավելի առարկայական համատեղ առաջարկություններ կներկայացնենք կառավարություն»,-ասել է Արտեմ Ասատրյանը:
Նշենք, որ նախագծի հիմնավորման մեջ բավականին մտահոգիչ վիճագրական տվյալներ են ներկայացված, որոնք հաստատում են, որ Հայաստանում չի ապահովվում ոչ միայն ընդլայնված, այլ նաև պարզ վերարտադրությունը:
« 2011 թվականի ընթացքում ՀՀ-ում ծնվել են 43340 երեխաներ, իսկ 2012 թվականի ընթացքում 1000 ով պակաս՝ 42333 երեխաներ, որոնցից ընտանիքների երեք և ավելի երեխաներ են եղել 6546-ը, կամ՝ տարվա ընթացքում ծննդաբերող կանանց 15.4 %-ն են ունեցել իրենց երրորդ երեխան: Ծնելության անկման միտումները պահպանվել են նաև 2013 թվականի 6 ամսվա տվյալներով, քանի որ 2013 թվականի 6 ամսվա ընթացքում ծնվել են 18802 երեխաներ, ինչը նույնպես մոտ 1000-ով պակաս է 2012 թվականի 6 ամսվա ընթացքում ծնվածների թվից», – նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագծի հեղինակները նաև նշում են, որ առաջնորդվել են ՀՀ Նախագահի նախընտրական և 2013 թվականին հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրերի դրույթներով:Մասնավորապես, ՀՀ նախագահի նախընտրական ծրագրով նախատեսված է ծնելիությունը խթանելու նպատակով ներդնել մայրական կապիտալի համակարգ: Նաև ՀՀ կառավարությունն իր գործունեության ծրագրի «ժողովրդագրություն» բաժնում ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով նախատեսում է բազմազավակ ընտանիքների՝ որպես հասարակության կարևորագույն օղակի աջակցության ծրագրերի իրականացում և ծնունդների սոցիալական խրախուսում՝ երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծում:
«Ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն իրականացնելու ճանապարհներից մեկը համարվում է ներկայացված նախագծի ընդունումն ու իրականացումը»,- համոզված են նախաձեռնության հեղինակները: Կառավարությունն, ինչպես նշվեց, այս համոզմունքն չի կիսում` համարելով , որ ավելի «առարկայական միջոցներ» են պետք:
Իսկ թե կոնկրետ ինչ միջոցներ ի նկատի ունի – այս հարցի պատասխանը դեռ բաց է…
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 4670