Բռնությունը հայ ընտանիքն է քանդում ՝ 12-ժամյա ակցիա Կառավարության շենքի դիմաց
Այսօր կառավարության շենքի դիմաց կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները 12-ժամյա ակցիա են կազմակերպել՝ հերթական անգամ հիշեցնելով հասարակությանը, որ «Ընտանեկան բռնությունը չի դադարի, երե մենք ոչինչ չանենք»:
Ակցիայի կազմակերպիչներ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները հոկտեմբերի 1-ը՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր են հայտարարել եւ այդ նույն առաջարկով դիմել են կառավարությանը…. Երեք տարի առաջ, 2010-ի հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը և նա, ցավոք, միակը չէ, որ ընտանեկան բռնության զոհ է դարձել: 2012-ին 5 կին մահացել է ընտանեկան բռնության հետևանքով՝ առանց մայրական խնամքի թողնելով 12 մանկահասակ երեխա, իսկ այս տարվա ընթացքում արդեն երեք կին է սպանվել ընտանիքում: Արդյո՞ք կարելի է շարունակել լռություն պահպանել այս հարցում:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը ձևավորվեց Զարուհու ողբերգական մահից հետո, այսօր առավոտվանից կառավարության շենքի դիմաց կազմակերպված իր ակցիայով փորձում էր հերթական անգամ բարձրաձայնել խնդիրը, իրազեկել հանրությանը, որ ընտանեկան բռնությունը ՝ դա ոչ միայն խեղված ճակատագրեր են, այլ որբերգական ավարտ ունեցող երիտասարդ կյանքեր, եւ անընդունելի է դրա մասին լռել:
Կառավարության ղեկավարին իրենց կողմից փոխանցված նամակում պահանջ է դրվում հստակ քայլեր ձեռնարկել այն պարտավորությունների իրականացման ուղղությամբ, որոնք արտահայտված են «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրում, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում: Նամակում ադրադարձ է կատարվում նաև «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը, ինրպես հայտնի է 2009 –ից ներկայացվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն 2013 -ի փետրվարի 11-ին Կառավարության եզրակացության համաձայն մերժվել է: Հիմնավորման մեջ ասված է , կառավարությունը նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» առանձին օրենք, և հանձնարարություն է տվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում եւ օրենսգրքերում:
Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ 2010-ից սկսած «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան մի նամակ չէ, որ հանձնել է կառավարությանը, սակայն դրանցից որևէ մեկին պատասխանը այդպես էլ չեն ստացել.
«Բայց եթե պատասխան չենք ստացել չի նշանակում, որ մենք պետք է հուսահատվենք ու լռենք: Ոչ. Մենք բարձրաձայնելու ենք խնդիրը այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը Հայաստանում կա և մինչև ՀՀ կառավարությունը ու լիազորված մարմինները ու մարդիկ չեն սկսի ինչ-որ քայլեր անել»,- նշեց Հասմիկը:
Իր գործունեության շրջանակում Հասմիկն ամեն օր առնչվում է ընտանեկան բռնության տարբեր դեպքերի հետ և այսօրվա դրությամբ Կանանց աջակցման կենտրոնը 75 կնոջ հետ է աշխատում՝ տրամադրում հոգեբանական և այլ աջակցություն: Փորձում են հնարավորինս օգնել, որ ընտանիքը պահպանվի.
«Մեզ օգնության խնդրանքով դիմած կանանց թիվը դեռ չի նշանակում, որ նրանք մտադիր են ամուսնալուծվելու: Կանայք ստանում են խորհրդատվություն, պարբերաբար զրուցում են և՛ հոգեբանի, և՛ մասնագետի հետ, ապրելով իրենց ամուսնու հետ: Այսինքն թյուր է այն կարծիքը, թե կենտրոն դիմած կանայք անպայման ամուսնալուծվում են: Նման որոշման պահը միայն այն ժամանակ է հասունանում, երբ կինը գիտակցում է, որ բռնարարը չի փոխվելու և միայն այդ դեպքում է նա դիմում ծայրահեղ քայլին»,- նշեց նա ու ավելացրեց, որ ընտանեկան բռնությունը իրականում երեք ցիկլ ունի՝ բռնության շրջան, լարվածության շրջան, մեղրամսի շրջան, երբ բռնարարը խոստանում է, որ ամեն ինչ լավ է լինելու և այլևս բռնությունը չի կրկնվի.
«Հենց դա է պատճառը, որ կանայք հաչախ ասում են՝ ես չեմ հասկանում, ինչպես եմ 20-40 տարի այդ ծեծին-ջարդին ու անիմաստ խոստումներին դիմացել »,- հավելեց Հասմիկը:
Հասմիկ Գևորգյանը դժվարացավ ասել՝ արդյո՞ք օրենքի ընդունումը կնվազեցնի ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման օրենքի առկայությունը նաեւ կանխարգելիչ դեր է խաղում : Բացի դրանից ամենագլխավոր խնդիրը հասարակությանն իրազեկումն է, հատկապես մարզերում.
«Մենք, ցավոք, կենտրոններ չունենք մարզերում, սակայն ծառայություն ենք մատուցում ամբողջ հանրապետությունով մեկ և եթե կինը զանգահարում է, ասենք, Մեղրիից, ապա չենք ասում, թե ձեր մոտ կենտրոն չունենք ու չենք սպասարկում: Ցանկացած կին հանրապետության սահմաններում , որ մեր աջակցության կարիքն ունի ստանում է այն: Այլ խնդիր է, որ ոչ բոլորն են, հատկապես մարզերում, իրազեկված, որ տեղ ունեն գնալու և մասնագետներ կան, որոնց կարող են դիմել բռնության ենթարկվելու դեպքում»,- ընդգծեց Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչը:
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց ակցիան կտևի մի ամբողջ օր՝ կոալիցիայի ակտիվիստները այստեղ կմնան մինչև երեկոյան ժամը 21.00-ը եւ կոչ են անում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պայքարել ընդդեմ ընտանեկան բռնության միանալ իրենց: Ակցիայի մասնակիցները մանուշակագույն ժապավեններ էին ամրացնում անցորդների հագուստին, ինչը խորհրդանշում է ընտանեկան բռնության պայքարի գույնը:
Է. Մակարյան
Դիտումների քանակը` 4566