1 մլն դրամ`հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում
2014 թ-ին երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 հազար դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում` 1 մլն դրամ: Դրա մասին է հաղորդում Panorama.am-ը ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով` 500 հազար և 1 մլն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ` անկանխիկ եղանակով կտրամադրվի ընտանիքներին` բնակարանի ձեռքբերման, բնակարանային պայմանների բարելավման, ուսման վարձավճարների և բժշկական օգնության դիմաց վճարումների համար: «Կարծում ենք, որ այս ծրագիրը բավականին լավ նախադրյալներ կստեղծի կայուն ընտանիքի ձևավորման առումով»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով` իրենք ունեն քաղաքական պարտավորություն: Մասնավորապես, քաղաքացիներին խոստացել են, որ սրտի վիրահատությունները առաջիկա 5 տարիների համար պետք է լինեն հասանելի յուրաքանչյուրի համար` անկախ նրանից նա աշխատում է պետական, թե մասնավոր հատվածում: «Առաջին քայլով առողջապահական ապահովագրական համակարգով շուրջ 120 հազար պետական աշխատողի համար այս խնդիրը լուծեցինք: Հիմա փուլ առ փուլ պետք է գործիքներ կիրառենք, որոնք հնարավորություն են տալու նաև մասնավոր հատվածի և չաշխատողների համար այս ծառայությունները դարձնենք հասանելի»,- ընդգծեց վարչապետը:
Նա նշեց, որ բազմազավակ ընտանիքներ ունեցող կանանց ևս հնարավորություն են տալու ձեռք բերել առողջապական ապահովագրական փոլիսներ:
Երկրոդ կարևոր առաջադրանքը, ըստ Տ.Սարգսյանի, վերաբերում է առողջապահության ոլորտին: «Մենք մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունը դարձնում ենք անվճար, հիմա մեր առջև խնդիր է դրված, որպեսզի մինչև 18 տարեկան երիտասարդների համար բուժծառայությունը դարձնենք հասանելի, բայց իրականացնելով դասակարգումներ: Այսինքն` առաջին հերթին անվճար կլինի սոցիալապես անապահով ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաների բուժծառայությունը»,- ասաց վարչապետը` հավելելով, որ ՀՀ առողջապահության նախարարության առջև խնդիր են դրել, որպեսզի իրականացնի պիլոտային ծրագիր` պարզելու, թե որ ընտանիքները կարող են վճարել, որոնք` ոչ:
«Իրականացվող բոլոր միջոցառումները պետք է համահունչ լինեն կառավարության ծրագրին, որպեսզի այն թիրախները, որոնք ֆիքսել ենք, հասանելի լինեն այս հինգ տարիների ընթացքում»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Նշենք, որ այսօր առաջին և երկրորդ երեխայի համար միանվագ տրվում է 50 հզ. դրամ, երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վճարվող նպաստի չափը կազմում է 430 հզ. դրամ:
Աղբյուրը ՝ Panorama.am
Դիտումների քանակը` 4383