“Կանայք պետք է ավելի գրագետ մոտենան իրենց առողջությանը”

 

Առողջապահության նախարարությունը վերջապես պայքար է սկսում «Սայտոտեկ» կոչվող դեղորայքի դեմ, որն ազատ վաճառվում է բոլոր  դեղատներում և հաճախ օգտագործվում է կանանց կողից որպես  հղիությունը տնային պայմաններում  ընդհատելու միջոց: Իրականում այս դեղը միտված է ստամոքսի խոցի և մի շարք այլ հիվանդությունների բուժմանը, և հղիությունն ընդհատելու  նպատակով օգտագործելու դեպքում  վտանգում է կնոջ ոչ միայն վերարտադրողականությունն ու առողջությունը, այլև երբեմն նաև կյանքը` առատ արյունահոսությունը, որը նա առաջացնում է, կարող է և մահվան բերել….

 

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՆ Մայրական և վերարտադրողական բաժնի պետ Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը մշակել է օրենքի մի նոր նախագիծ, որը համակարգելու է դեղերի շուկան ամբողջությամբ, վերահսկողություն է սահմանելու դեղատների և որոշ դեղերի նկատմամբ, այդ թվում  նաև «Սայտոտեկի»,  որն  այսուհետ կվաճառվի  բացառապես բժշկի դեղատոմսով ու ցուցումով: Սա նշանակում է, որ հնարավորինս կնվազի կանանց առողջությանը  սպառնացող վտանգը,  երբ կանայք, այդ թվում և դեռահասները, ազատ գնում էին  6-7 հազարով այդ դեղը `  տնային պայմաններում ու առանց բժշկի հսկողության անցանկալի պտղից ազատվելու նպատակով:

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ վերջին տարիներին աբորտների պաշտոնական վիճակագրությունը նվազել է և եթե, օրինակ, 2000-ին մեկ կնոջը վերարտադրողական  կյանքի ընթացքում բաժին ընկնող աբորտների թիվը  2.6 էր, 2005-ին` 1.8, ապա  2010-ին այդ գործակիցն արդեն  0.8 է եղել (վերջին հետազոտությունն անցկացվել է այդ տարի- Է.Մ.): Այլ կերպ ասած` կա ակնհայտ նվազում. ինչի՞ հաշվին:

 

 

Ըստ Գայանե Ավագյանի` կանայք սկսել են ավելի շատ վստահել ժամանակակից հակաբեղմնավորիչ մեթոդներին: Այսինքն` մեջբերելով նույն  հետազոտության արդյունքները, պատկերը հետևյալն է. 2010-ին գրեթե բոլոր հարցվածները` 98 տոկոս, տեղեկացված են եղել, թե ինչ ասել է ժամանակակից հակաբեղմնավորիչ, նրանց 58 տոկոսը խոստովանել է, որ օգտագործել է հակաբեղմնավորիչ միջոցներ, սակայն այս թվի միայն 27 տոկոսն է, որ օգտագործել է ժամանակակից միջոցներ` խոսքը ներարգանդային պարույրի (10 %), պահպանակի (15 %), հորմոնային միջոցներ (2 %):

 

 

Այս ամենը, իհարկե, կարող է բերել աբորտների  թվի նվազեցման, քանի որ կանայք ավելի գրագետ են սկսել մոտենալ իրենց առողջությանը ու նաև գրագետ են պաշտպանվում անցանկալի հղիությունից: Բայց հասկանալի է, որ միայն պաշտոնական թվերը չեն կարող արտացոլել ողջ ճշմարտությունը, այսինքն միևնույն ժամանակ էլ ունենք ստվերային աբորտների X թվաքանակ, և այդ երևույթն  ուղղակի անհնար է վերահսկել  ու հատկապես մարզերում, որտեղ կանայք կան, որ մինչ օրս գոմում կամ տան պայմաններում են ծննդաբերում, էլ ի՞նչ խոսք կարող է լինել այն մասին, որ  նրանք ընդհատում են   անցանկալի հղիությունը  բժշկական պայմաններում:

 

 

Ճիշտ է, նույն Գ.Ավագյանը պնդում է, որ Հայաստանը, ի տարբերություն շատ այլ երկրների, այս իմաստով լավ ցուցանիշ ունի, քանի որ  երկրներ կան, որտեղ աբորտների ու ծնունդների թիվը 1:1 հարաբերակցությամբ է: Այնուամենայնիվ ,  տարեկան 40-45 հազար ծնունդ ապահովող Հայաստանում 7-8 հազար աբորտը (կրկնում ենք` միայն պաշտոնական թիվն է սա), այնքան էլ փոքր ցուցանիշ չի:

 

 

Ու այդուհանդերձ տիկին Ավագյանը  լավատեսորեն էր տրամադրված, թեկուզ միայն այն պատճառով, որ կանայք սկսել են, կրկնվենք, ավելի շատ հետևել իրենց առողջությանը.

 

«Ամբողջ աշխարհում հակաբեղմնավորիչները լայն տարածում ունեն, բայց մեր տարածաշրջանում դեռ որոշակի վախեր են մնացել կանանց մոտ, թեև այդ վախերը ընդհանրապես հիմնավորված չեն , կողմնակի ազդեցություններն էլ չափազանցված, հաճախ միֆերի շարքից են, ` ներկայիս ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցները ազդում են միայն ռեցեպտորների մակարդակով: Հայաստանը հակաբեղմնավորիչների օգտագործման իր ցուցանիշներով առաջ է միայն Ադրբեջանից, գրեթե հավասար ենք Վրաստանի հետ, բայց և զիջում ենք Մոլդովային, Ուկրաինային, Ղազախստանին: Այսինքն` դեռևս այդ մշակույթը մեզանում չի արմատավորվել ու մեծ տարածում չունի»,- նշեց Գ.Ավագյանն ու հավելեց, որ լավ միտում է նաև այն, որ հենց երիտասարդներն են ավելի շատ հակված իրենց վերարտադրողական ֆունկցիան վերահսկելու համար օգտագործել ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ:

 

 

Նշենք, որ ԱՆ Մայրական և վերարտադրողական բաժնի պետ Գայանե Ավագյանի լրագրողների հետ    հանդիպման առիթը ` Հակաբեղմնավորման համաշխարհային օրն էր:

 

 Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 7622

Գլխավոր էջ