Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում
«Ունիսոն» հասարակական կազմակերպության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի հրապարակած համատեղ վերլուծությունից պարզվել է, որ Հայաստանում հաշմանդամների իրավունքներն առավել հաճախ խախտվում, կամ գործող օրենքները ամբողջությամբ չեն կիրառվում ամենակարևոր ոլորտներում: Թեմային անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը:
Ըստ «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի՝ անարգել տեղաշարժվելուց բացի խնդիրներ կան առողջապահության, զբաղվածության և կրթության ոլորտներում:
Տարիներ շարունակ խոսվում է հաշմանդամների ազատ տեղաշարժի ուղղությամբ ստեղծված հարմարությունների մասին, փողոցից մինչև շենք-շինություններ, այնինչ ըստ Ալավերդյանի՝ մատչելիություն չկա անգամ նորակառուց շենքերից շատերում:
«Օրենքը խախտվում է շատ հաճախ: Բացարձակ ոչինչ չի արվում, որովհետև Վարչական իրավախախտումների օրենսգրքում որևէ պատասխանատվություն չկա այդ նորմերը խախտելու համար»,- ասում է Ալավերդյանը:
Անդրադառնալով առողջապահության ոլորտում առկա խնդիրներին Արմեն Ալավերդյանն անդրադարձավ հաշմանդամների համար գործող պետպատվերին, հատկապես, երբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների բուժումն և դեղորայքային սպասարկումը կազմակերպվում է անվճար:
«Իմ կարծիքով պետպատվերից կարելի է օգտվել միայն այն ժամանակ, երբ ձեզ չի հետաքրքրում արդյունքը: Իսկ, եթե դուք կամ ձեր մտերիմն իրոք ուզում եք առողջության բարելավում ստանալ այլ ոչ թե վատթարացում՝ պետք է վճարեք», – նշում է նա:
Ալավերդյանի խոսքով, զբաղվածության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը դեռ մնում է գործատուի կանխակալ վերաբերմունքը:
Գայանե Խաչատրյանը Փաստաբանների պալատի անդամ է, նա նույնպես հաշմանդամություն ունի: Ըստ նրա, աշխատանք գտնելու դեպքում անգամ հաշմանդամություն ունեցող մարդը կանգնում է ազատ տեղաշարժման խնդրի առջև:
Կրթության ոլորտին անդրադառնալով Ալավերդյանն ընդգծեց հատկապես այն, որ ներառական կրթություն ասվածն էլ ոչ բոլոր հաշմանդամ երեխաներին է հասու:
Այժմ գործող հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքը շուտով կփոխարինվի նոր մայր օրենքով՝ որը կկոչվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման օրենք:
Աղբյուրը՝ Azatutyun.am
Կարդացեք եւ դիտեք թեմայի շուրջ մեր կայքում.
Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից
«Ես ունեմ մայրանալու իրավունք»
“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…
Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո
«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով
Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում
Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:
Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում
Դիտումների քանակը` 5648