Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում
Չեն մարում կրքերը վերջերս ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ: Թեպետ իրական քննարկում, ըստ էության չկա, առկա են միայն շահարկումները և օրենքի հետ ոչ մի կապ ճունեցող երևակայական վախերը…
Օրենքին դեմ արտահայտվողները ամենայն լրջությամբ պնդում են, թե դրանում տեղ գտած «գենդեր» բառը իբր նշանակում է սեռի փոփոխություն և ընդհանրապես այդ օրենքով «այլասերություն ու միասեռականություն» է ամրագրվում: Իսկ հակառակ կողմը փորձում է բացատրել , որ «գենդեր» և հարակից եզրույթների ոչ մասնագիտական մեկնաբանություններն ու դրանցից բխող մտահոգությունները որևէ աղերս չունեն նշված օրենքի և առհասարակ գենդերային քաղաքականության հետ:
Նրանց դիտարկմամբ` եթե «սեռ» հասկացությունը բնութագրում է կանանց և տղամարդկանց կենսաբանական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ապա «գենդեր»-ը սոցիալական սեռն է, որը մատնանշում է կնոջ և տղամարդու միջև առկա սոցիալական տարբերությունները և հասարակության կողմից նրանց վերագրված դերերի առանձնահատկությունները: Դրանք իրականում ձեռքբերովի բնույթ ունեն, քանի որ խոսքը անձի սոցիալականացման խնդրին է վերաբերվում: Այնպես որ, « ձեռքբերովի » կամ «գենդեր» բառերի նկատմամբ գրոհը բացարձակ անհիմն է: Այլ հարց է, որ դրանում համոզվելու համար պետք է սկզբի համար կարդալ օրենքը, գերադասելի է անձամբ…
Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին սովորական քաղաքացիները, կանայք ու տղամարդիկ , որոնց համար էլ ի վերջո ընդունվում է այս օրենքը.
Լիաննա Հ.` ուսանող, 19 տարեկան
– Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի է բարձրացված այդ աղմուկը: Ես գտնում եմ, որ կանանց իրավունքների համար ցանկացած որոշում ողջունելի է: Իսկ օրենքն էլ , եթե չեմ սխալվում, հենց կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին է: Ճիշտն ասած, օրենքի բովանդակությանը ծանոթ չեմ, սակայն բարձրացված ակմուկը «գենդեր» բառի հետ կապված ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Նորից եմ ասում, օրենքի վերնագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչի մասին է այն:
Ալինա Դ.` անհատ ձեռներեց, 42 տարեկան
– Անկեղծ ասած, այնքան էլ տեղյակ չեմ բարձրաձված այդ աղմուկից: Բայց չեմ կարծում, որ մեզ մոտ հնարավոր է «այլասերության ու միասեռականության» մասին օրենք ընդունել: Իսկ եթե անգամ ընդունեն էլ, միևնույն է չի գործի, քանի որ մեզանում ավանդույթներն ու կարծրատիպերն ամուր են և հնարավոր չէ այն խարխլել: Ես գտնում եմ նաև, որ կանայք իրենց իրավունքների համար օրենքով չէ, որ պետք է պայքարեն: Այլ ամեն մեկն իր մեջ ուժ պետք է գտնի և թույլ չտա, որ իր իրավունքները ոտնահարվեն:
Սամվել Հ.` առաքիչ, 45 տարեկան
– Լսել եմ նորություններով այդ օրենքի մասին: Կարծես թե աղմուկ բարձրացավ միասեռականների հետ կապված, չէ՞: Եթե նման բան կա ես, իհարկե, դեմ եմ այդ օրենքին: Առանց էն էլ դրանց թիվն օր օրի շատանում ա, բա որ օրենք լինի ինչ կանեն… Իսկ եթե էդ օրենքը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների համար է… Եսիմ… Ախր, մեզանում կինը ո՞նց կարա տղամարդուն հավասար լինի:
Արսեն Դ.` ծրագրավորող, 30 տարեկան
– Կանայք, որպես ֆիզիկապես թույլ էակներ, միշտ էլ պաշտպանության կարիք ունեն: Եթե այդ օրենքի ընդունումը կարող է նպաստել նրանց իրավունքների, հավասար հնարավորությունների ապահովմանն, ապա ինչո՞ւ չընդունել: Բայց օրենքը ես անձամբ չեմ կարդացել:
Լուսինե Բ.` մենեջեր, 25 տարեկան
– Մեր հայ իրականության մեջ նման փոփոխությունները դժվարությամբ են ընդունվում: Մի տեսակ մարդիկ ծանր են տանում առաջընթացը, հատկապես, եթե այն ուղղված է լինում կանանց և տղամարդկանց հավասարությանը: Տղամարդիկ չեն ուզում, որ կանայք իրենց հավասար լինեն: Մի բան ասեմ, ես շատ ընկերուհիներ էլ ունեմ, որոնք չեն ուզում տղամարդուն հավասար լինեն: Բայց դե դա չի նշանակում, որ մեզ նման օրենք պետք չի: Իհարկե պետք է հավասար հնարավորություններ ստեղծվեն թե կանանց, թե տղամարդկանց համար: Լսել եմ, որ կարծիք կա, թե օրենքը կնպաստի այլասերության տարածմանը: Եթե այդպես է դա լավ չի… Ես ինքս օրենքը չեմ կարդացել…
Եզրակացություններն այս փոքրիկ հարցախույզից ակնհայտ են. գոնե այս պահին անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» օրենքը: Հակառակ դեպքում, շարունակելու ենք խոսել գենդերային հավասարության մասին առանց խնդիրն հասկանալու և նյութին ծանոթ լինելու:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 3736