Սկեսուրը հարսին` «Ինչ պնդերեսն ես, ինձ էսքան ծեծած լինեին, ես մեռած կլինեի»…

 

 «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ արձագանքման խմբի մեկ տարվա ընթացքում  բացահայտած ընտանեկան բռնության 20 դեպքերից 14-ը ֆիզիկական են եղել, որոնցից 7-ը`մահվան ելքով:

 

Այս վիճակագրությունն  այսօր ներկայացրեց  «Հասարակություն առանց բռնության» կազմակերպության  անդամները «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսում ՝ նշելով, որ դա միայն իրենց Արագ արձագնքման խմբի կողմից բացահայտված դեպքերն էին: Իրականում ընտանեկան բռնության  դեպքերը ավելի շատ են:  Մանրամասները ասուլիսից  հաղորդում է Aravot.am-ի թղթակից Նելլի Բաբայանը:

…Արարատի մարզի բնակիչ Վոլոդյա Մուրադյանի կողմից 35ամյա կնոջ` Դիանա Նահապետյանի սպանությունն է. անչափահաս երեխաների աչքի առջեւ տղամարդը 21 անգամ դանակահարել է կնոջը եւ սպանել:

 

…Գյումրիում` խանդի եւ «օդնոկլասսնիկի.ռու» սոցկայքի պատճառով ամուսինը մոտ 10 անգամ դանակի հարվածներ է հասցրել կնոջը, սակայն մինչ օրս էլ կինը որեւէ մեղադրանք ու բողոք ամուսնու նկատմամբ չի ներկայացրել:

 

… Հունիսի 28-ին էլ Տիգրան Համբարձումյանը 25 անգամ դանակահարել է կնոջը, որին բժիշկները հազիվ են փրկել: Ամուսինը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, քրեական գործ է հարուցվել:  Ընտանեկան բռնության տիպիկ օրինակ հանդիսացող այս դեպքում, ինչպես ասաց կազմակերպության ներկայացուցիչ Լիդա Մինասյանը, զոհը` Տաթեւիկ Նիկողոսյանը, ամուսնու կողմից 10 տարի բռնության է ենթարկվել ամենադաժան ձեւերով` շիկացրած պտուտակահանով այրել ձեռքերը, ռետինե խողովակով ծեծել եւ վերջում, երբ կինն արդեն թողել երեխաների հետ միասին ամուսնուց հեռացել էր, ամուսինը նրան հետապնդել եւ շքամուտքում դանակահարել է:

 

 

Այս դեպքի մասով էլ ասուլիսի մասնակից, հ/կ-ի փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց` որպես մեղադրյալ է ներգրավվել ամուսինը`Տիգրան Համբարձումյանը, քրեական օրենսգրքի 34 հոդվածի 104 հատկանիշներով` սպանության փորձ, որը հանցագործի կամքից անկախ մինչեւ վերջ չի իրականացվել, իսկ կինը կյանքի հետ անհամատեղելի վնավածքների պարագայում անգամ փրկվել է: Այս պահին, ինչպես փաստաբանն ասաց, ամուսինը կալանավորված է եւ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության փուլ է անցնում, որի արդյունքները դեռ պարզ չեն: Արդյո՞ք ամուսինը հոգեկան շեղումներ ունի՞, այս հարցին փաստաբանն ասաց, որ տղամարդու նամակները երեխաներին խոսում են այն մասին, որ շատ հավասարակշռված բաներ է գրել.«Նա շատ առողջ, բանական նամակ է գրել իր երեխաներին, այդ նամակում հոգեկան շեղում ունեցող մարդու վարք չեմ տեսնում: Պարբերաբար բռնություն է կիրառել, 13 տարի հանդուրժողականության մթնոլորտն ավարտվեց մեծ ողբերգությամբ: Ես կարծում եմ, որ զոհերի վարքագիծը նպաստում է եւս, որ բռնություն կիրառողները դառնան ծայրահեղ ագրեսիվ»:

 

Ըստ փաստաբանի` Տաթեւիկ Նիկողոսյանի դեպքով` սկեսուրի դերը, տղայի վարքագծում, մեծ է. «Մայրը քայլ առ քայլ դրդել է որդուն՝ կնոջ բռնության ենթարկելուն: Եթե սկեսուրը հարսին ասում է` ինչ պնդերես ես, ինձ այսքան ծեծած լինեին, ես վաղուց մեռած կլինեի: Այս կարգի հոգեբանության կինը հիանում է, թե ոնց է ծեծում ու տղայի ձեռքը չի բռնում: Կարծում եմ բանը սրան չպիտի հասներ եւ հանցագործություն ծնող պատճառները միայն այս տղայի մեջ չպիտի փնտրենք»:

 

Նման պարագայում, Aravot.am-ի այն հարցին, արդյոք սկեսուրը պատասխանատվության կենթարկվի՞, փաստաբանն ասաց` «Չենք կարող ասել, որ սկեսուրը մեղավոր չէ, որ իր ընտանիքում այսպիսի բաներ են տեղի ունեցել: Գործի քննություն պետք է տարվի, եւ եթե պարզվի, որ գործի նախորդող պահին իրականում եղել է սկեսուրի միջամտություն, եւ եթե ազդող է եղել վերջնական քայլին, ապա նախաքննական մարմինը դրան գնահատական կտա»:

 

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի հիմնադիր Աննա Արուճյանի խոսքերով էլ տարիներով ամուսինների կողմից բռնության ենթարկվելու հիմանական պատճառը մեր հասարակությունում տարածված կարծրատիպերն են. «Հանդուրժողականության մթնոլորտը կա մեր ընտանիքներում, հանդուրժում են, որովհետեւ ունեն անչափահաս երեխաներ, չունեն ֆինանսական անկախություն, վախենում են հասարակական կարծիքից, որովհետեւ մտածում են` եթե ամուսնալուծվեն, ապա իրենց կյանքը կկործանվի, այսինքն` այդ բոլոր կարծրատիպերը, որ կան մեր հասարակությունում, ազդում են այդ աղջիկների վրա: Փոքրուց դաստիարակում են, որ աղջիկները պետք է լինեն հնազանդ, եւ նույն կերպ ամուսնական ընտանիքում ենթարկվեն ամուսնուն եւ ոչ միայն ամուսնուն: Բռնության 90% դեպքերում մեծ դեր ունեն սկեսուրները: Ամբողջ ավանդապաշտ կարծրատիպային մոտեցումներն են,որոնք չեն թողնում աղջիկներին, որպեսզի ձերբազատվեն»:

Աղբյուրը՝ Aravot.am

 

 

Դիտումների քանակը` 4174

Գլխավոր էջ