Դրածոն դրածո է ՝ կին թե տղամարդ …

 

 Պռոշյան գյուղում լարված իրավիճակ է:  Վերջերս գյուղապետ կորցրած պռոշյանցիներն դեմ են նորանշանակ պաշտոնակատար՝ ավագանու նախկին անդամ, անկուսակցական Արմենուհի Մելիքյանին: Մի քանի օր առաջ Պռոշյանի բնակիչները  կասեցրել են Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ Արմենուհի Մելիքյանի մուտքը գյուղապետարան՝ վանկարկելով «հե-ռա-ցում»։

 

«Մենք մեր գյուղապետին ընտրել էինք մեր ազատ կամքով, սպանությունից հետո պաշտոնակատար եղավ տեղակալը, հիմա իմաստը ո՞րն է, որ նշանակում են մի նոր պաշտոնակատար, ով գյուղացիների կողմից չի ընդունվել: Դա անում են, որ ընտրությունների ժամանակ իրենց կամքը փաթաթեն մեր վզին»,- հայտարարել են գյուղացիները: Նրանց  դժգոհության առիթները մի քանիսն են. նախ որ գյուղապետի՝ Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասները բացահայտված չեն, մեղավորները շարունակում են անպատիժ մնալ, համայնքում մթնոլորտը լարված է, իսկ նորանշանակ պաշտոնակատար Արմինե Մելիքյանը այդ լարվածությունը միայն խորացնելու է:

 

 

Մելիքյանը իր հերթին  ասում է, որ ինքը համաձայնեց  մարպետի առաջարկին սպանությունից հետո  ստեղծված լարվածությունը մեղմելու համար: Իր՝ գյուղապետի պաշտոնում ժամանակավոր նշանակման շուրջ աղմուկի  հիմնական պատճառ է համարում այն, որ հուլիսի 14-ին նշանակված ընտրություններում կարող է խանգարել գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանին, ով  վայելում է սպանված գյուղապետի կողմնակիցների աջակցությունը:

 

 

Ընդդիմախոսների   կարծիքով, Մելիքյանը որպես  պաշտոնակատար  հանդես գալու համար անհրաժեշտ  հեղինակությունն ու հարգանքը չունի գյուղում : Գյաուղացիների  պատմելով՝  մասնագիտությամբ բուժքույր Մելիքյանը հայտնի է իր ընտրակեղծարարությամբ ընդդեմ սպանված գյուղապետ, նաեւ  նրանով, որ   մի քանի անգամ տապալել է Պետրոս Ղեւոնդյանի անվան դպրոցի տնօրենի ընտրությունները;  Ի դեպ,   Մելիքյանը  անցյալ տարի սեպտեմբեին Պռոշյանում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններում իր անվստահության քվեն արդեն ստացել էր՝  հավաքելով  ընդամենը 67 ձայն գյուղի  մոտ 3 հազար ընտրողից: Նրա մրցակիցները հավաքել էին 1500 եւ 1200 ձայն:

 

 

Այսօր Արմինե Մելիքյանը, ըստ էության , հայտնվել է մարզպետի եւ իր  համագյուղացիների առճակատման  պատանդի կարգավիճակում:  Պռոշյանի  բնակիչները  դեմ են, որ իրենց ղեկավարը լինի մի դրածո, ով մարզպետարանի կամակատարն է եւ իրենց խնդիրներով մտահոգվելու փոխարեն սեփական մղումներով է առաջնորդվելու ու կատարելու է  այն ինչ իրեն վերեւից են պատվիրում:

 

 

Այ առումով, կարծես թե, պռոշյանցիների   դիրքորոշումը պարզ է, բայց արի ու տես, որ այս պատմությունը  նաեւ գենդերային  համատեքստ ունի: Գյուղացիները մի շարք լրատվամիջոցների հետ շփվելիս  հայտարարել են նաեւ, որ չեն ցանկանում կին ղեկավար  ունենալ:   Այս  հիմնավորումը   բավականին մեծ  տարածում է գտել,  շեշտադրումը դրվել է  սեռական պատկանելությանը  ու տպավորություն է ստեղծվել, որ Պռոշյանում դեմ են կին գյուղապետին: Մինչդեռ դեպքերի ընթացքից հասկանալի է, որ Պռոշյանի բնակիչները  ուղղակի չեն ցանկանում դրածո ղեկավար ունենալ, իսկ «դրածո»-ի սեռը այս դեպքում եթե նույնիսկ չարիք է ընկալվում  ոմանց կողմից, ապա  երկրորդական : Նշենք, որ  լրագրողների հետ զրույցներում   միայն մի քանի տղամարդիկ են, որ չեն  թաքցրել իրենց դժգոհությունը կին ղեկավար ունենալու առնչությամբ, գյուղի բնակիչների մեծ մասը , այդ թվում եւ  բոլոր կանայք մատնանշել էին   միայն, որ  մարզպետի կողմից հովանարվող թեկնածուն  իր մարդկային որակներով  չի համապատասխանում տվյալ պաշտոնին:

 

 

Անշուշտ առաջնային խնդիրը Պռոշյանի պարագայում այն է, որ գյուղի բնակիչները պաշտպանում են սեփական իրավունքները, սակայն այս դեպքը  լավ առիթ է հասարակության տրամադրությունը կրկին շոշափելու համար՝ կին քաղաքական գործիչների կամ առհասարակ կին  ղեկավարների նկատմամբ դեռեւս գույություն ունեցող անվստահության առումով: Փաստը մնում է փաստ,  ղեկավար  պաշտոնի ձգտող ցանկացած կնոջը հասարակության կողմից  ներկայացվող պահանջները շատ ավելին են  եւ այն ինչ ներվում է տղամարդկանց՝ կանանց  դեպքում  խոշորացույցով է դիտարկվում… Արդյունքում,    եթե «դրածո  ղեկավարը»  հասարակության համար անընդունելի է, ապա «դրածո կինը» որպես  կրկնակի   չարիք է ընկալվում …

 

Հասմիկ Հարությունյան

Դիտումների քանակը` 4395

Գլխավոր էջ