Մանկական թրաֆիկինգ. 15 երեխա՝ 15 խեղված ճակատագիր…
Անչափահաս աղջկան 20 հազար դրամով վաճառել են կալանավայրից նոր վերադարձած անձին: Մանկական թրաֆիկինգի դեպքը բացահայտվել է, իսկ երեխային շահագործողները դատապարտվել են… Հայաստանում մանկական թրաֆիկինգի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԵԱՀԿ փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Դավիթ Թումասյանը:
Փորձագետի ներկայացմամբ 2008 թվականից մինչ օրս բացահայտվել է երեխաների շահագործման 15 դեպք: Տարածված է մանկական շահագործման երկու տեսակ` սեռական շահագործումը եւ մուրացկանությունը: Երեխաների թրաֆիկինգի դեպքերի մեծ մասը Երեւանում է գրանցվել: Եղել են դեպքեր, երբ երեխաները մարզերից բերվել են մայրաքաղաք եւ շահագործման ենթարկվել:
Դավիթ Թումասյանի խոսքով, տուժած երեխաներից 9-ը տղաներ են, 6-ը՝ աղջիկներ: Թրաֆիկինգից տուժած երեխաները որպես կանոն սոցիալապես անապահով եւ միակողմանի ծնողազուրկ են, ամենափոքրը 13 տարեկան , ամենամեծը` 17:
Փորձագետը նշում է, որ թրաֆիկինգը լատենտային` թաքնված հանցագործություն է եւ շատ դեպքերում ընտանիքներն իրենք չեն ուզում բարձրաձայնել երեխայի շահագործման փաստի մասին: Մտավախություն ունեն` հասարակությունը խիստ չի հասկանա, նորից երեխան կտուժի: Լինում են դեպքեր, երբ երեխան շահագործման է ենթարկվում հենց ընտանիքում:
«Օրինակ՝ դեպքերից մեկի պարագայում, շահագործողը եղել է տուժող երեխայի խորթ հայրը: Սրա մասին իրավապահներն իմացան միայն այն ժամանակ, երբ բժշկական հաստատությունից տեղեկացրել էին, որ բացահայտել են անչափահասի հղիության դեպք: Ընտանիքը փակ համակարգ է, աշխատում են կեղտը տանից չհանել»,-ասում է նա` հավելելով, որ երբեմն հենց հասարակության անտարբերությունն է հասցնում նրան, որ երեխան դառնում է շահագործման զոհ: Մյուս դեպքում էլ մարմնավաճառ մայրն է երեխային թողել իր հետ փաստացի կապ ունեցող տղամարդու մոտ, որն էլ երեխային մուրացկանության է ուղարկել:
Ըստ Դավիթ Թումասյանի, մանկական թրաֆիքինգի դեմ պայքարի մեջ ներգրավված են թե իրավապահ մարմինները, թե կրթության եւ գիտության, թե աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարությունները, իսկ տուժած երեխաների ռեաբիլիտացիան կատարվում է ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Թրաֆիկինգի դեմ պայքարի ազգային խորհրդի ծրագրերից մեկում ուշադրության կենտրոնում են երեխաների աշխատանքային խնդիրները: Օրինակ, դժվար է ասել, փողոցում ծաղիկ վաճառողերեխան ենթարկվում է աշխատանքային շահագործման, թե ոչ: Փորձագետի խոսքով, այս ոլորտի ուսումնասիրությունը հատուկ մատնանշվել է գործողությունների պլանում:
«Ներկա դրությամբ դա աշխատանքային շահագործում չի դիտվում, միգուցե օրենսդրական փոփոխությունների դեպքում դրանք դիտվեն՝ որպես մանկական թրաֆիքինգի երևույթ»,- ասում է նա:
Երեխաների աշխատանքային շահագործման խնդիրն արդիական է համարում Հայաստանի մանուկների հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի համակարգող Գայանե Ասատրյանը: Հատկապես գյուղական համայնքներում այս խնդիրը կա:
«Եթե սեպտեմբեր-հոկտեմբերին գնաք դպրոց, կտեսնեք դատարկ դասարաններ, որովհետեւ երեխաների 80 տոկոսը ներգրավված են գյուղատնտեսական աշխատանքներում»,-նշում է նա: Վարձատրվող աշխատանքներում, ըստ Գայանե Ասատրյանի, երեխաներն ավելի քիչ են ներգրավված: Գայանե Ասատրյանի խոսքով, ոչ թե գործատուն է փնտրում աշխատող երեխայի, այլ հակառակը` երեխան է սոցիալական պայմաններից ելնելով աշխատանք փնտրում:
«Երեխան էժան աշխատուժ է, մի օղակ, ում ավելի հեշտ է շահագործել, ուստի գործատուն դեմ չէ վերցնել նրան աշխատանքի»: Քանի որ համապատասխան որակավորում չունեն, երեխաները երբեմն կատարում են առողջության համար վնասակար աշխատանք: Մինչեւ 14 տարեկան երեխաներին աշխատանքի ընդունելն արգելվում է: 14 տարեկանից սկսած, երեխան կարող է աշխատել միայն ծնողներից մեկի գրավոր համաձայնությամբ: Օրենսդրությունը նաեւ սահմանում է, որ երեխան կարող է աշխատել շաբաթական 24 ժամից ոչ ավելի եւ պետք է հանգստանա 14-16 ժամ:
Գայանե Ասատրյանի խոսքով, որեւէ գործատու նման պայմաններով երեխային աշխատանքի չի ընդում: Որպես կանոն աշխատող երեխաներին գործատուները չեն գրանցում: Աշխատող երեխաների թվաքանակի պաշտոնական վիճակագրություն Հայաստանում չկա: Պատկերը միայն տարբեր հասարակական կազմակերպությունների իրականացրած ուսումնասիրություններից է հստակեցվում: Գայանե Ասատրյանի ներկայացրած տվյալներով, 2009-2010թ դրությամբ աշխատող երեխաները 6.1 տոկոս են կազմել: Նրանց մեկ երրորդը 10-14 տարեկան են եղել:
Մարիաննա Ղահրամանյան
Դիտումների քանակը` 8500