Երևանի ավագանու երեք խմբակցություններից երկուսը կանայք են ղեկավարում

Այսօր տեղի ունեցավ  Երևանի ավագանու առաջին նիստը, որը վարեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը:  «Ողջունում եմ նրանց, ովքեր առաջին անգամ են ավագանի ընտրվել, նաև «Բարև Երևան» դաշինքի մուտքը»,- ասաց նա և  նշեց, որ բոլորն այստեղ են տարբեր ծրագրերով, բայց ընդհանուր նպատակով։ Անդրանիկ նիստը սակայն այնքան էլ հարթ չընթացավ, «Բարև Երևան»-ը ընդդիմադիր կեցվածք ցուցաբերելով որոշեց  բոյկոտել քվեարկությունները: 

 

 

Նիստի ընթացքում պարզվեց, որ ավագանու կազմում ընդգրկված  երեք խմբակցություններից երկուսի ղեկավարը կանայք  են : ԲՀԿ խմբակցության  (17 անդամ ) ղեկավարն է   մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը, իսկ «Բարև Երևան»  դաշինքի խմբակցությունը ( 6 անդամ) ղեկավարելու է Անահիտ Բախշյանը:  Հանրապետական կուսակցության խմբակցությունը (42 անդամ)  կղեկավարի Սերգեյ Մկրտչյանը:

 

 

Թամարա Պողոսյանը շնորհավորելով նորընտիր քաղաքային իշխանությանը նշեց , որ առաջիկա չորս տարիների համար գլխավոր  սկզբունքն այն պետք է լինի, որ քննարկումներին մասնակից դարձնել նաև երևանցուն:
«Չեմ կասկածոմ, որ բոլորս էլ սիրում ենք Երևան քաղաքը, բոլորս էլ վստահեցրել ենք մեր ընտրողներին, որ անելու ենք հնարավոր ամեն ինչ `Երևանն իր հոգսերից մի քիչ թեթևացնելու համար: Ավարտվել է խոստումների շրջանը և մենք մտնում ենք գործելու ժամանակաշրջան»:

 

 

Վերջինս WomenNet.am –ի  հետ զրույցում նշեց նաև ,որ այն  հիմնախնդիրները որ առաջադրվելու են տարբեր խմբակցությունների կողմից մեզ  համար նշանակություն չի ունենալու թե  ով է առաջարկում այլ կարևոր է թ՞ե ինչ խնդիր է բարձրաձայնվում. «Այսինքն  մենք շարունակելու ենք մեր կառուցողական մոտեցումները այլընտրաքային սկզբունքերի դաշտում»:

 

«Բարև  Երևան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ամբիոնի մոտ ելույթ չունեցավ,  ավելին՝  խմբակցությունը  որոշեց  բոյկոտել  քվեարկությունները:  Ինչպես  բացատրեց  Բախշյանը՝  «այդ ձևն ընտրեցինք  մեր վերաբերմունքն արտահայտելու  ավագանու կեղծված ընտրությունների արդյունքի և ՀՀԿ-ի գերակշռող մեծամասնության նկատմամբ»:

 

Արդեն մեզ հետ զրույցում նա նշեց , որ իր ոտնամուտը թող Երևանի համար բարի լինի:    «Սահմանփակում չի լինելու ինձ համար, թե որ ոլորտի խնդիրները պետք է բարձրաձայնեմ,բայց սևեռվածությունս լինելու է  կրթական ոլորտին: Հրապարակի վերակառուցման վերաբերյալ  հայտարարված մրցույթից մինչև Փակ շուկան…, որ մեկը ասեմ … բոլորը բարձրաձայնելու եմ:Երևանցիները ի դեմս  «Բարև Երևան»  դաշինքի Երևանի ավագանու կազմում տեսնելու են իրենց գործակալին », խոստացավ  Անահիտ Բախշյանը:

 

 

Նշենք, որ ավագանին ընտրեց չորս մշտական հանձնաժողովների ղեկավարներին ու տեղակալներին.

–         Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, տեղակալ՝  ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանը,

–         Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ խմբակցության անդամ Թամարա Պողոսյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը,

–         Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը:

–          Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը:

 

 

Նիստում հայտարարվեց, որ, ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի,  ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին  ստացած ՀՀԿ-ի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը համարվում է  Երևանի ընտրված քաղաքապետ:

Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11:00-ին` Երևանի ավագանու հատուկ հրավիրված նիստում։

 

Ա.Գ.

 

Տեսանյութը ՝ Tert.am

Դիտումների քանակը` 4970

Գլխավոր էջ