Մայրություն, մանկություն, ընտանեկան բժշկություն…
«Կանանց հանրապետական խորհուրդ» – ի քննարկումը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ
Բացելով քննարկումը Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը հայտնեց, որ իրենց առաջարկությամբ՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է հայտարարել 2014 թվականը Ընտանիքի տարի: Նա տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ կմշակվի և կառավարության քննարկմանը կներկայացվի գործողությունների ծրագիրը, եւ առաջարկեց փորձագետների հետ միասին քննարկել մայրության, մանկության, ընտանեկան բժշկության , երիտասարդ ընտանիքներին և մայրերին աջակցության հիմնախնդիրները :
Երեխայի առողջությունը սկսվում է մայրական առողջությունից
Կանանց հանրապետական խորհրդի նախագահի տեղակալ Լուսինե Թամազյան-Բեկիրսկայան իր զեկույցում թվարկեց այն քայլերը, որոնք արդեն իսկ իրականանցվում են Հայաստանում նշված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես, կառավարության որոշման համաձայն պոլիկլինիկական ծառայությունները, ծննդօգնությունը, 0-7 տարեկան երեխաների բուժումը դարձել են անվճար, աշխատանքներ են իրականացվել ընտանեկան բժշկության ինստիտուտի կայացման ուղղությամբ և այլն: Սակայն շատ ու շատ խնդիրներ դեռեւս չեն գտնում իրենց լուծումները: Ընտանեկան բժշկի ինստիտուտը դեռ կայացած չէ, պետպատվերով բուժվելու կարիք ունեցողների թիվն ավելի շատ է, քան տրամադրվող միջոցները:
«Լինում են դեպքեր, երբ պետպատվերը վերջացած են լինում , և այդ դեպքում 0-7 տարեկան երեխայի հետազոտման հերթը կարող է հասնել 3-4 ամիս հետո»,-ասաց նա:
Առողջապահության ոլորտի խնդիրներից է նաեւ պոլիկլինիկաների ոչ բարվոք վիճակը, հատկապես մարզերում գործող. «Բժշկական սարքավորումները հին են կամ չկան, պոկված մանրահատակ, լուսավորության բացակայություն»:
Դրա հետ մեկտեղ, բանախոսը՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի տվյալները, նշեց, որ Հայաստանի առողջապահության ստվերային մասում շրջանառվում է 2-3 անգամ ավելի միջոցներ, քան տրամադրվում է պետբյուջե:
Ինչու՞ են կանայք անտեսում իրենց առողջությունը
Անդրադառնալով մայրական առողջության հիմնախնդիրներին, նա նշեց, որ, ըստ հարցումների, կանանց 53 տոկոսը բժշկի չի դիմում դրամական անբավարար միջոցներ ունենալու պատճառով, իսկ 33 տոկոսը պատասխանել են`«չենք դիմում, քանի որ չենք ուզում մենակ գնալ հետազոտման»: Հարցման արդյունքներից պարզ է դարձել նաև, որ մոտ 78 տոկոսը չի իմացել` ինչպես, օրինակ, կատարել կրծքի ինքնազննում : ընդհանուր առմամբ, առկա է իրազեկման խնդիր` մայրական առողջության վերաբերյալ, ինչպես նաեւ հղիների իրավունքների, պետության կողմից ընձեռած հնարավորությունների մասին:
Քննարկման արդյունքում կլոր սեղանի մասնակիցները որոշեցին նպատակաուղղել իրենց ջանքերը հետևյալ հարցերի լուծմանը ` քարոզչական աշխատանք տանել հղիների շրջանում մայրական առողջության ոլորտում հղիների իրավուքնենրի և նրանց հասցեագրված հնարավորությունների մասին, կարգավորել պետպատվերից օգտվելու իրավունք ունեցող հիվանդների շուրջտարյա բուժման, հետազոտման խնդիրները, քայլեր ձեռնարկել մանկաբույժերի աշխատավարձը բարձրացնելու համար, թափանցիկ և ճիշտ պլանավորել պետպատվերի համար հատկացվող ֆինանսական միջոցները:
Քննարկման մասնակիցներն առաջարկեցին նաև քայլեր ձեռնարկել նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններում երեխաների բուժսպասարկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, մասնավորապես, բարելավել աշխատանքը հիվանդությունների կանխարգելման առումով:
Կրթության և գիտության նախարարությանն էլ առաջարկելու են բարելավել «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցումը և սեռական դաստիարակությանն ուղղված գործընթացը, կատարելագործել տարրական դպրոցում «Ես և իմ շրջակա միջավայրը» առարկայի ուսուցումը:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը խոսելով 2008-ից բարձր դասարաններում դասավանդվող «Առողջ ապրելակերպ» առարկայի մասին, նշեց, որ հանրապետությունը, ըստ էության, համապատասխան մասնագետներ չունի եւ պետք է խնդիր դնել մանկավարժական բուհերում այդ գծով մասնագետներ պատրաստելու համար:
Ներառական կրթությունը երեխայի իրավունքը իրացնելու հնարավորություն է
Քննարկման մասնակիցները անդրաարձան նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներին, նշելով, նրանք հանդիսանում են հասարակության ամենախոցելի և մեկուսացված խմբերից մեկը՝ ենթարկվելով բազմաթիվ անհավասարությունների: Պաշտոնական տվյալներով՝ հանրապետությունում գրանցված է 8156 հաշմանդամություն ունեցող երեխա: Հայաստանում որոշակի քայլեր են արվել ներառական կրթությունը ներդրման ուղղությամբ, որը հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող երեխաներին սովորել սովորական աշակերտների հետ միասին:
Անդրադառնալով ներառական կրթության խնդիրներին` Անահիտ Մուրադյանը նշեց, որ այն հնարավորություն է խնդիրներ ունեցող երեխաների համար իրացնել իրենց կրթություն ստանալու և իր ընտանիքում ապրելու իրավունքը: «Ցանկացած երեխա իրավունք ունի իր տանը ամենամոտ գտնվող դպրոցում կրթություն ստանալու իրավունք»,-նշեց Ա.Մուրադյանը:
Քննարկմանը ներկա Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը WomenNet-ի հետ զրույցում նշեց, որ մարզում գործում են ներառական կրթության երկու դպրոց: Փոխմարզպետի կարծիքով` ներառական կրթության համակարգի ներդրումը տվել է դրական արդյունքներ: «Այդ երեխաները շփվում են իրենց հասակակիցների հետ, մեկուսացված չեն»,-ասաց նա:
Լ.Մուրադյանը մի խնդիր էլ մատնանշեց ՝ նա հորդորեց ծնողներին չթաքցնել, չմեկուսացնել հաշմանդամ երեխաներին. «Հայերի հոգեկերտվածքին է դա բնորոշ` հաշմանդամ երեխա ունենալն ամոթ է, թաքցնում են նրանց, մեկուսացնում, տանն են պահում, բժիշկներին ցույց չեն տալիս: Խնդրում են ծնողներին, անգամ փոքր ինչ կասկածի դեպքում դիմեն բժշկի, քանի որ վաղ հայտնաբերումը կարող է կանխարգելել հաշմանդամությունը: Բացի այդ, հաշմանդամ երեխաններն էլ մեր հասարակության լիիրավ անդամներն են», – ասաց փոխմարզպետը:
Կրծքով սնուցումը նպաստում է մանկական մահացության ցուցանիշի նվազմանը
Քննարկման մասնակից մեկ այլ բանախոս` ՀՀ առողջապահության նախարարության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի խոսքով, երեխաների առողջությունը մեզանում գերակայություն է եղել նույնիսկ ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ այդ ուղղությամբ հատկացվող ֆինանսական միջոցները ոչ միայն չեն կրճատվել, այլև ավելացվել են»:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2012 թվակաինին նախնական տվյալներով, մենք ունենք մանկական մահացության 1 պրոմիլեով նվազում», – ասաց նա, նշելով, որ 2010 և 2011-ին արձանագրված աճը պայմանավորված էր այդ դեպքերի գրանցման լուղղությամբ տարվող աշխատանքներով:
Անդրադառնալով կրծքով կերակրման ցուցանիշին, նա նշեց, որ այն մեր երկրում այսօր կազմում է 81 տոկոս : «Կրծքով սնուցումը մանկական մահացության ցուցանիշի նվազմանը նպաստելու մեծ ներուժ ունի»,-նշեց մասնագետը : Նրա տեղեկացմամբ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների ագրեսիվ քարոզչության պատճառով վերջին տարիներին գրեթե անփոփոխ է արձանագրված ցուցանիշը: Այդ առումով նա կարևորեց «Կրծքով սնուցման խրախուսման և կաթնախառնուրդների շրջանառության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը: Նշվեց նաև, որ համապատասխան օրինագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է:
Քննարկման ժամանակ հնչեցված բոլոր կարծիքները և առաջարկությունները, Աիդա Թոփուզյանի խոսքով, կհամակարգվեն և փաթեթով կներկայացվեն ՀՀ կառավարությանը:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 3505