«Հարցի գինն անչափ բաձր է»…
«Ժառանգություն» Խմբակցության անդամ Թևան Պողոսյանը ԱԺ-ի այսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին: Ներկայացնում ենք հայտարարության տեքստը ամբողջությամբ:
«Ծնելիության մակարդակի աստիճանական նվազումը ժողովրդագրական լուրջ խնդիր է մեզնից ավելի հզոր ու հարուստ պետությունների համար: Հայաստանի պարագայում դրա հետևանքներն անհամեմատ ավելի վտանգավոր են: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս մարտահրավերներին դիմակայելու համար: Կառավարության ծրագիրն առաջարկում է այն քայլերը, որոնք բազմիցս ապացուցել են իրենց անարդյունավետությունը: Ապացուցել են Հայաստանում: Ապացուցել են հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելի մեծ հնարավորություններ ունեցող երկրներում:
Այդ փաստաթղթում առաջարկվում են քայլեր, որոնք կամ խիստ որոշակի են և նույնքան որոշակիորեն անօգուտ կամ խիստ վերացական են ու նույնքան թերի: Այսպես, երեխայի ծնվելու կապակցությամբ նախատեսվող միանվագ նպաստների համակարգը բազմիցս ապացուցել է իր անարդյունավետությունը՝ ծնելիությունը խթանելու գործում: Իսկ միջազգային փորձը, երկրում առկա միտումների իմացությունն ու պարզ տրամաբանությունը հուշում են, որ հայասանցիների վերարտադրողական վարքում դեռևս ոչ ճակատագրական, սակայն կարևորագույն փոփոխություններ են տեղի ունեցել:
Այս ուղղությամբ արդյունավետ պետական քաղաքականությունը պահանջում է գերակայություններ սահմանելիս հաշվի առնել ժամանակակից գիտական և վերլուծական ամենավերջին ձեռքբերումներն ու փաստական տվյալները: Քաղաքական նման համեմատաբար կենսունակ միջամտության օրինակ է աշխատաժամանակի ճկուն համակարգի ներդրումը ողջ երկրում, ինչը հնարավորություն կընձեռի կանանց և տղամարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաների խնամքին` առանց տնտեսության և հասարակության համար բեռ դառնալու վտանգի: Վստահեցնում եմ, որ պատշաճ վերլուծության և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում լուծումներ շատ կգտնվեն: Կարծում եմ նաև, որ անհրաժեշտ է նպաստել 35-ից բարձր տարիքի կանանց ծնելիության բարձրացմանը, դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիական, ենթակառուցվածքային և մշակութային փոփոխություններ կատարելու միջոցով: Անհրաժեշտ է օր առաջ միջոցներ ձեռնարկել երկրորդային անպտղություն առաջացնող մի շարք վարքագծային պատճառները վերացնելու և մեր կանանց ու տղամարդկանց համար իրավամբ չարիք դարձած այս երևույթի դեմն առնելու համար:
Բազմաթիվ այլ մարտահրավերների հաղթահարման գործում մեր կատարած շատ ու շատ սխալներ ժամանակը հաճախ ներում է: Սակայն, բնակչության և զարգացման, մասնավորապես ծնելիության հարցերում ժամանակն անողոք է: Մեր կատարած ոչ մի սխալ, ոչ մի բացթողում անպատիժ չի թողնելու ժամանակը: Եվ պատժելու է ոչ միայն մեզ, այլև մեր զավակներին, մեր սերունդներին: Սխալներ կատարելու իրավունք չունենք: Ծնելիությանը, կանանց և տղամարդկանց վերարտադրողական իրավունքների իրականացմանը նպաստելու քաղաքականությունը չպետք է դառնա պոպուլիզմի գերին: Հարցի գինն անչափ բաձր է: Սխալների համար թանկ ենք վճարելու: Վճարելու ենք բոլորս»:
Դիտումների քանակը` 3760