Հայաստանի ընտանիքները թվերով

 

Ամուսնության  տարիքը

Ամուսնության միջին տարիքը 2011թ.-ին տղամարդկանց համար կազմել է 29.6, իսկ կանանց համար`25.6 տարին: 1991-ին այդ շեմը եղել է տղաների համար 26տարեկան  իսկ աղջիկների համար  22տարեկան, այսինքն 20 տարի առաջ տղամարդիկ ամուսնանում էին 3 տարի, իսկ կանայք՝ 4 տարի շուտ:

 

Ընտանիքների տեսակը

 

Հայաստանի հանրապետության ընտանիքների գերակշիռ մեծամասնությունը`  59%-ը, մասնավորապես քաղաքային ընտանիքների 57%-ը և գյուղաբնակների 63%-ը, ապրում է եռասերունդ (առանձին դեպքերում նաև քառասերունդ) կազմով` շարունակելով հայկական ընտանիքների դարերով ձևավորված ավանդույթները:

 

Նուկլեար ընտանիքների 37.5%  են կազմում, եւ այդ  ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել, եթե լուծված լինեին մայր ընտանիքից առանձնանալու մտադրություն ունեցող նորակազմ կամ երիտասարդ ընտանիքի բնակարանային խնդիրները:

 

Հանրապետությունում տնային տնտեսությունների գերակշիռ մասի գլխավորը հանդիսացել են տղամարդիկ` 69.1 %, իսկ կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է` 30.9% (քաղաքային բնակավայրերում 33.%, իսկ գյուղական բնակավայրերում` 26.2 %):

 

Երեխաների  թիվը

 

2011թ.-ին մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներ չունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է 57.2% :

 

Մեկ երեխա  ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է 19.2 %,  երկու երեխա ունեցող՝  18.8%,  երեք երեխաներ ` 4.1%,  չորս երեխա ունեցող՝ 0.6 %, հինգ եւ ավելի երեխա ունեցող 0.1 %:

Աղքատության մակարդակը

 

2011թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 35.0%  %, ինչը նշանակում է, որ հանրապետությունում յուրաքանչյուր  երրորդը  ՝ աղքատ է (մոտ  1.1 մլն մարդ): Նրանց  թվում  ամեն հինգերորդը`19.9%-ը` շատ աղքատ, իսկ 3.7%-ը`ծայրահեղ աղքատ են:

 

Աղքատ են համարվում  նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից` 36158 դրամ (կամ 97.1 ԱՄՆ դոլար), շատ աղքատ են, ում սպառումը ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 29856 դրամ (կամ 80.2 ԱՄՆ դոլար) իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից` 21306 դրամ (կամ 57.2 ԱՄՆ դոլար):

 

Ծայրահեղ աղքատ ընտանիքների միայն 67 տոկոսը եւ աղքատ ընտանիքների 26 տոկոսն է կանոնավոր ընտանեկան նպաստ ստանում:

Հայաստանում երեխայի առկայությունն ավելացնում է աղքատության մակարդակը: Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է:

 

Երեք և ավելի (0-5 տարեկան) երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության մոտ կրկնակի ավելի բարձր ռիսկ`(78%) հանրապետական միջին մակարդակի համեմատ (35.0%), ինչպես նաև ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ:

 

Հայաստանում 18 տարեկանից ցածր երեխաների 41.9 տոկոսը՝ աղքատ են եւ  4.7 տոկոսը ծայրահեղ աղքատ: Այսինքն, Հայաստանում բնակվող երեխաներից 300 000 հազարը, գրեթե ամեն երկրորդը, աղքատ է:

 

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում աղքատության ցուցանիշը մոտ 65 տոկոս է, ընդ որում  նրանց 8 տոկոսը ծայրահեղ աղքատ է:

 

 

Հայաստանի երեխաների ընդհանուր թվի 25%-ը բնակվում  է վատ կամ շատ վատ համարվող բնակարանային պայմաններում,  աղքատ երեխաների շրջանում այն նույն ցուցանիշը  կազմում է 31%, իսկ ծայրահեղ աղքատ երեխաների շրջանում` 43%:

Երեխաների ընդհանուր թվաքանակի 64%-ը բնակվում է «բավարար» համարվող բնակարանային պայմաններում, մինչդեռ աղքատ և ծայրահեղ աղքատ երեխաների շրջանում այն կազմում է, համապատասխանաբար` 63 և 55%:

 

Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը զգալիորեն բարձր է: Երեխաների ընդհանուր թվի  մեկ քառորդն (24.1%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 44.3%-ն աղքատ է, իսկ 5,9%-ը` ծայրահեղ աղքատ: Տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում  աղքատությունը  կազմում է համապատասխանաբար` 42.1 և 4.7%:

 

Մեծահասակների (60-ից բարձր տարիք) առկայությունն ավելացնում է աղքատության մակարդակը: Այն տնային տնտեսությունը, որը բաղկացած է երկու չափահաս անդամից և երկու մինչև 6 տարեկան երեխայից աղքատությունը  45.5%  է: Այդ ընտանիքին մեկ մեծահասակ անդամ ներառելու դեպքում աղքատության ռիսկն ավելանում է 26%- ով:

 

Ըստ Հայաստանի բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում կատարված հարցման արդյունքների, 1664 հարցված ընտանիքներից  ընդամենը 78 ընտանիք կամ ընտանիքների 5.2%-ն է նշել, որ եկամուտները բավարար են բոլոր տիպի ծախսերը հոգալու և խնայողություններ կատարելու համար:

 

 

Աղբյուրները՝

Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2012

Հայաստանի կանայք և տղամարդիկ 2 0 1 2.   

ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտության արդյունքների վերլուծություն, 2009

 

 

P.S.  Հայտնի է, որ աղքատության գնահատման տարբեր մեթոդիակներ գոյություն ունեն:  Համաշխարհային բանկի գնահատմամբ՝  աղքատության գծի արժեքն օրական մեկ շնչի հաշվով ընդունվում է 1.25 ԱՄՆ դոլարի չափով,  կամ  մեկ այլ մեթոդիկյայով`  2.50 ԱՄՆ դոլարի չափով:  Եթե աղքատության շեմը համարենք օրական 490 դրամը, ապա 2011-ին Հայաստանում 519 հազար մարդ աղքատ է եղել, իսկ  եթե աղքատության շեմը սահմանվի օրական 980 դրամը, ապա  2 միլիոնից ավել մարդ, կամ բնակչության մոտ 73%-ն աղքատ է եղել:

 

 

 

 

Տեսահոլովակը ՝ CivilNetTV

Դիտումների քանակը` 6928

Գլխավոր էջ