Լիլիթ Պիպոյան. «Ուզում եմ, որ մեր արվեստն էլ, քաղաքն էլ լինեն ճշմարիտ և իսկական»
«Երևանն իմն է, իմ հարազատ քաղաքը, ես այստեղ եմ ծնվել և չեմ կարող անտարբեր լինել նրա նկատմամբ: Ես սիրում եմ այն»… – երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանին այս զգացումն է ստիպել տարիներ շարունակ շրջագայելուց հետո միշտ վերադառնալ տուն՝ Երևան: Եվ այդ նույն զգացումն է, որ ստիպում է այսօր յուրաքանչյուր մտահոգ երևանցուն գնալ դեպի ընտրական տեղամաս…
WomenNet-ը զրուցում է Լիլիթ Պիպոյանի հետ Երևանի խնդիրների , այդ թվում քաղաքի մշակութային կյանքի մասին…
– Դուք բնիկ երևանցի եք` Երևանն ու երևանցին երեկ և այսօր:
– Վիզուալ առումով մեր մայրաքաղաքը շատ մանրացված է ու բազմաշերտ: Երևանցին էլ է շատ փոխվել: Առաջ մարդիկ ավելի շատ էին ժպտում: Եվ դա միայն ես չեմ նկատում: Երբ իմ ընկերները գալիս են Հայաստան, առաջին հերթին դա են նկատում… Մարդիկ ավելի մռայլ են, անհանդուրժող են, մի տեսակ ագրեսիվ, իրարից ներողություն չեն խնդրում: Քաղաքավարությունն է պակասել, կոպտություն կա..
– Եթե գույներով գնահատենք, ի՞նչ գույնի է մեր մայրաքաղաքի այսօրվա մշակութային կյանքը:
– Երևանի մշակույթային կյանքը խայտաբղետ է: Վերջերս գնացել էի Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը լսելու: Մուտքն ազատ էր և, ի ուրախություն ինձ, ազատ տեղ էլ չկար: Հնչեց լավ երաժշտություն, լավ կատարում: Ես այդտեղից դուրս գալուց մտածում էի, որ մենք իրականում չունենք մշակութային կյանք: Այն, ինչ այնտեղ տեղի ունեցավ, մի վերհուշ էր այն կազմակերպված մշակութային կյանքից, որ մի ժամանակ ունեինք: Դրա կարիքն ունի այսօր երևանցին:
Մի տեսակ աղքատիկ, կեղծ և անհետաքրքիր է մեր մշակույթն այսօր ( փոքր թվով բացառություններ կան, իհարկե): Գերթանկ բազում տարատեսակ հյուրախաղերի իմաստը չեմ հասկանում…Լսել եմ, որ ոմանք վարձատրվում են պետբյուջեից… Դա սարսափելի է… Թատրոնն էլ, կարծես, մի տեսակ դոփում է նույն տեղում` հին ներկայացումներով, ոչ մի փորձարարական բան չեն ուզում անել ռեժիսորները, վախենում են հանդիսատես չունենան (լսել եմ մի ռեժիսորից)… Կանգ է առել մշակույթը…
– Հաճախ ասում են` պահանջարկն է թելադրում ճաշակ: Համամի՞տ եք այս տեսակետի հետ:
– Ոչ, ես համամիտ չեմ այդ տեսակետի հետ: Կասեի նույնիսկ` ընդհակառակը. թելադրանքն է ճաշակ ձևավորում: Այսօրվա տեղեկատվության դարում դա հաստատ այդպես է:
– Իսկ ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչ նորություններ կան, ինչո՞վ եք զբաղված հիմա:
– Մայիսի 11-ին Գաֆեսճյան թանգարանի սրահում կկայանա իմ մենահամերգը: Նոր երգեր են լինելու հիմնականում, բայց մի քանի հին սիրված երգեր էլ եմ ներառել ծրագրի մեջ:
– Կինը քաղաքականությունում և արվեստում՝ ինչպիսի՞ խոչընդոտներ կան, թեպետ կարծիք կա, որ կինն ու քաղաքականությունը անհամատեղելի են…
– Նախ նշեմ, որ սխալ կարծիք է… Կինը հանգիստ կարող է զբավել և քաղաքականությամբ, և արվեստով: Երկու դեպքում էլ պարզապես ցանկություն և տաղանդ է պետք, իսկ ընտանիքում՝ ըմբռնում և աջակցություն: Մենք ամուսնուս հետ երկուսով, առանց օգնականների, երկու երեխա ենք մեծացրել այն դաժան տարիներին, միաժամանակ ես զբաղվել իմ սիրած գործով:
Իսկ քաղաքականության մասին մի առիթով ասել եմ, որ Հայաստանը տղամարդկանց երկիր է: Մեր սերունդը փորձեց իրավիճակը փոխել, բայց չեմ կարող ասել, որ ինչ-որ բանի հասավ։ Իմ զավակների սերնդում շատ ակտիվ աղջիկներ կան, ովքեր ունեն սեփական կարծիք, մտածելու ունակություն, նրանք չեն ամաչում ինքնարտահայտվել, բայց ղեկավար պաշտոններում դեռ շարունակում են միայն տղամարդիկ մնալ…
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք ապագա քաղաքապետից, թերևս կասկած չկա , որ տղամարդ է լինելու…
– Կցանկանայի, որ քաղաքապետն իր որոշումների մեջ անկախ լիներ: Երկրորդ` լիներ զարգացած, բանիմաց և, որ շատ կարևոր է, բարձր գաղափարներ կրող: Երրորդ` լիներ, ինչպես ժողովուրդն է ասում, աչքը կուշտ, տեսած… Կարծում եմ` եթե նման արժանիքներ կրող և հնարավորություններ ունեցող քաղաքապետ ունենանք, ապա դրական առումով կտրուկ կփոխվի մայրաքաղաքը:
– Ձեր երազած Երևանը:
– Ուզում եմ, որ որ մեր արվեստն էլ, քաղաքն էլ լինեն ճշմարիտ, իսկական, վերանան կեղծիքը, ցուցամոլությունը: Որ մեր մայրաքաղաքում տիրի առողջ մթնոլորտ բառիս բոլոր իմաստներով, որտեղ հնարավոր կլինի խաղաղ ապրել, որ Երևանը դառնա կյանքի համար հարմար, առողջ, լավ գործող օրգանիզմ, օդը լինի մաքուր (խեղդվեցինք փոշուց), կանաչը շատ, տրանսպորտը ապահով և չափի մեջ՝ հատկապես կենտրոնում: Ուզում եմ, որ ձայնային ու տեսողական հիգիենան պահպանվի, քաղաքի դեկորատիվ ձևավորումը լինի բարձրաճաշակ ( անիմաստ արձանիկները…չկոնկրետացնեմ), ծայրամասերի փողոցները ավերակ չլինեն, բակերը լինեն կանաչ, բարեկարգ, ջրի հետ հող չգա, մուրացկաններն ապահովվեն աշխատանքով, թափառող շները ապաստան գտնեն և չոռնան գիշերները…որն ասեմ…
Խոսեցի հիմնականում խնդիրներից: Դա չի նշանակում, որ ես չեմ տեսնում լավը: Երևանը, միևնույն է, մնում է հարազատ: Ինձ դուր են գալիս նոր շենքերը, դուր են գալիս նոր ավտոբուսներն ու ծաղիկները, աթոռները…բայց դրանք պետք է լինեն ամբողջ քաղաքով մեկ, այլ ոչ միայն կենտրոնում:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 5664