Մարինա Մարգարյան. «Քաղաքական դաշտ ինձ բերեց նախկին Երեւանը վերագտնելու ցանկությունը»…
‹‹Եթե հարցնեք` գրական ո՞ր հերոսի հետ ինձ կնմանեցնեմ` միանշանակ կպատասխանեմ` ‹‹Դոն Կիխոտ››, որովհետեւ փնտրում եմ արդարություն եւ ազնվություն: Հենց այդ արժեքները կրկին հանրությանը վերադարձնելու նպատակով եմ քաղաքականության մեջ մտնել››, – ասում է ԲՀԿ ավագանու ցուցակում 9-րդ հորիզոնականը զբաղեցրած Մարինա Մարգարյանը:
Եթե քաղաքականության մեջ Մարինան մի քանի տարի է ինչ որոշակի քայլեր է կատարում, ապա բժշկության մեջ նա պրոֆեսիոնալ է, հասել է կարիերայի եւ մասնագիտական որակավորման գագաթնակետին: Նախ ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, հետագայում ասպիրանտուրան պաշտպանել Սանկտ Պետերբուրգի Կիրովի անվան ակադեմիայում:
Իր կարիերայի կարեւորագույն փուլերից մեկն է համարում Երեւանի զինվորական հոսպիտալում աշխատանքը ‹‹Այդ տարիներին շատ կոփվեցի, որովհետեւ ձեռք բերեցի կարգապահություն, պատասխանատվություն եւ աշխատանքի մեջ չթերանալու պարտավորություն: Դա իհարկե, շատ դժվար էր, սակայն ես սիրում եմ դժվարություններ հաղթահարել: Բժշկության առումով էլ հսկայական փորձի ձեռք բերման ժամանակաշրջան էր, որովհետեւ ինձ ասում էին` քո դիպլոմում գրված է բժիշկ-ստոմատոլոգ, հետեւաբար բացի նեղ մասնագիտությունից դու պարտավոր ես տեղյակ լինել նաեւ այլ հիվանդություններից, եւ հերթապահությունների շնորհիվ ես ուսումնասիրեցի ընդհանուր բժշկություն››:
Սկսած 1988-ից Մարինա Մարգարյանը զբաղվում է նաեւ մանկավարժությամբ եւ դասավանդում Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում: Նախ եղել է ամբիոնի վարիչ, այնուհետեւ մանկական ստոմատոլոգիայի եւ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան: Այժմ Մարգարյանը թերավեւտիկ ստոմատոլոգիայի պրոֆեսոր է եւ շարունակում է աշխատել իր մասնագիտությամբ:
Իր գործունեության երկրորդ կարեւորագոյւն փուլը համարում է դասավանդումը: Ոչ միայն շփում երիտասարդների հետ, այլեւ նոր գաղափարներ, նոր մտքեր ու անդադար դեպի ավելիին ձգտելու ցանկություն:
‹Երբ օրդ անցկացնում ես երիտասարդների հետ, նրանց նման ես մտածում, թերեւս դա էր պատճառը, որ անցումը նոր տեխնոլոգիաների ինձ համար բարդ չէր: Նրանց հետ շփումն ինձ անհրաժեշտ է օդի պես, որովհետեւ շատ խնդիրների ու հարցերի մասին տեղեկանում եմ հենց նրանցից››:
Խոստովանում է, որ այնքան շատ էր սիրում իր մասնագիտությունն ու ցանկանում դառնալ լավագույնը, որ երբեք չի էլ մտածել որեւէ այլ աշխատանքի մասին: Սակայն ժամանակի ընթացքում հանրապետությունում կուտակվող խնդիրները սկսեցին ավելի ու ավելի մտահոգել բժշկուհուն եւ նա 2009-ին անդամագրվեց ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցությանը. ծրագրերը համահունչ էին իր գաղափարներին ու համոզմունքներին, վստահ է, որ կուսակացության աջակցությամբ կկարողանա իրականացնել իր նպատակները: Իր խոսքով, կուսակցական լինելն ու քաղաքականությամբ զբաղվելն իր կյանքում նոր ու երկարատեւ փուլի սկիզբ է ու ցանկանում է քաղաքականության մեջ էլ հասնել բարձունքների եւ իր ներդրումն ունենալ քաղաքի ու պետության զարգացման գործում:
‹‹Պետք է խոստովանեմ, որ բժշկության մեջ ես ռեալիզացիայի էի ենթարկվել: Ինձ անհրաժեշտ էր նորություն, գուցե դա բնավորության հետ է կապված, շատ ակտիվ անձնավորություն եմ եւ անդադար փնտրտուքների մեջ եմ: Քաղաքական ոլորտն ինձ շատ է հետաքրքրում››,- ասում է տիկին Մարգարյանը` հավելելով, որ իրեն քաղաքական դաշտ բերեց նախկին Երեւանը վերագտնելու ցանկությունը:
‹‹ Առաջ ցավել եմ Երեւանի խնդիրների համար, այժմ կփորձեմ դրանք լուծել ու թույլ չտալ, որ այլ խնդիրներ ծագեն: Այսօր մայրաքաղաքի պրոբլեմները բազմաթիվ են: Ակտիվ քաղաքացի եմ եւ հաճախ եմ հասարակական նախաձեռնությունների մեջ եղել: Էկոլոգիական առումով մայրաքաղաքը գտնվում է աղետալի վիճակում: Հիշում եմ` մի քանի տարի առաջ մեր բակում երեսուն ծառ հատեցին, որպեսզի տարածքում էլիտար շենք կառուցեին: Մենք երկար պայքարեցինք, նամակներ գրեցինք, դիմեցինք, բայց մեր ձայնը տեղ չհասավ ու հիմա մեր բակում էլիտար շենք է գոյանում եւ փակում հարակից շենքերի բնակիչների լուսավորությունը: Մենք անընդհատ շեշտում ենք, որ կենտրոնը զարգանում է եւ այժմ պետք է շեշտը դնել ծայրամասերի վրա, սակայն կենտրոնում էլ վիճակը դեռ շարունակում է մնալ սարսափելի: Շենքեր կան, որոնց բակերում ուղղակի բաց տարածության վրա աղբակույտեր են, աղբահանությունը թերանում է, շքամուտքերը սարսափելի վիճակում են, վերելակներն ու տանիքները` նույնպես: Համատիրություններն, ըստ էության, ոչինչ չեն անում, պետք է համակարգվի նրանց աշխատանքը: Բացի այդ, անհասկանալի կերպով եւ անարդյունավետ է բաշխվում մայրաքաղաքի բյուջեն: Հարցերի հարցը շարունակում է մնալ տրանսպորտը: Ես երեւի երջանիկ մարդ եմ, որ տանից աշխատանքի ոտքով եմ գալիս, սակայն, երբ տեսնում եմ բերնեբերան լցված երթուղայիններն ու կանգառում սպասող տասնյակ մարդկանց, բարկանում եմ, որովհետեւ այս հարցը պետք է վաղուց կարգավորված լիներ: Բացի այդ, ավտոկանգառներ ընդհանրապես չկան, կամ էլ մեքենան կայանելու համար պետք է գումար վճարես: Ո՞ւմ ես վճարում, ո՞ւր են գնում այդ գումարներն անհասկանալի է: Այս ամենը պետք է կարգավորվի››,- թվարկելով խնդիրները ասում է, որ հեծանիվ չի հայտնագործել եւ ցանկացած երեւանցի էլ ամեն օր բախվում է դրանցից յուրաքանչյուրին: Այժմ իր առաքելությունն է լինելու այս հարցերը բարձրացնել մայրաքաղաքի գլխավոր ամբիոնում:
‹‹Ասում են` բժիշկները չեն կարող լինել միջակ մասնագետներ, որովհետեւ նրանք մարդու կյանքի հետ գործ ունեն: Ես կհավելեմ, որ ինչպես բժիշկը, այնպես էլ քաղաքական գործիչը չպետք է լինեն միջակ, ընդհանրապես միջակություն չեմ սիրում: Ցանկանում եմ ավագանու նոր կազմում տեսնել ուժեղ, խելացի, բանիմաց, հայրենասեր, արդարություն փնտրող անձանց, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով մայրաքաղաքի խնդիրները լուծել››…
Հասմիկ Հարությունյան
Դիտումների քանակը` 5198