«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, երբ խոսում ենք Հայոց Ցեղասպանության մասին, կարելի է ասել, տղամարդկանց «բախտը բերել է», նրանց միանգամից սպանում էին: Մինչդեռ կանայք…
«Երբ խոսում ենք Հայոց Ցեղասպանության մասին, ասում ենք եղել է մեկ ու կես մլն զոհ, սակայն վիճակագրության մեջ կորում է մարդը, անհատը, անհատի վերապրումը, անհատ, որ մինչ օրս հայտնի չէ նրա գտնվելու վայրը, անհատ, որ մինչ օրս չի պատմել իր պատմությունը, այդպիսին էր առաջին սերնդի կոչը՝ մոռցիր, չէին ուզում հոգեպես խեղել հաջորդ սերնդին»,-ասում է Դեմոյանը:
Այդ կին անհատներից մեկն էլ մինչև կյանքի վերջը թախծոտ աչքերով Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանն է, ում կյանիք իրական պատմութունը ներկայացված է «Ամերիա» ընկերությունների խմբի ու Ինստիտուտ-թանգարանի համագործակցության արդյունքում հրատարակված «Հոշոտված Հայաստան» անգլիալեզու գրքում:
Նրան ամերիկյան մամուլը կնքեց հայ Ժաննա դԱրկ անունով: Այնուհետ Հոլիվուդում Ավրորայի կյանքի մասին պատմող ֆիլմ նկարահանվեց՝ «Հոգիների աճուրդ», գլխավոր դերում Ավրորան էր, ֆիլմի շնորհից մոտ երեսուն մլն դոլար հավաքվեց ու որպես օգնություն տրամադրվեց հազարավոր հայ որբերի: 1919 թ. նկարած ու մեծ ընդունելության արժանացած հիսուն րոպեանոց ֆիլմից մեր օրեր հասել է ընդամենը տասնութ րոպեանոց մի հատված :
Արշալույսը ծնվել է 1901 թվականին, Խարբերդի մոտակա գյուղերից մեկում, բազմանդամ ընտանիքում: Գիրքը ներկայացնելիս, Դեմոյանը պատմում է, գերդաստանից ոչ ոք չի փրկվել, աչքի առաջ սպանվել են քույրերը, եղբայրները:
Հայտնվել է հարեմում, ենթարկվել է սարսափելի բռնությունների, թուրք ու գերմանացի զինվորականների կողմից սեռական շահագործման, վաճառվվել ու վերավաճառվել է, հետո մի օր մի քանի հայ երիտսարդ աղջիկների հետ նրան տանում են խաչելու, սակայն մի թուրք ընտրում է Արշալույսին իր հարեմի համար:
Ավրորային հաջողվում է փախչել, նրան օգնում է մի հայ հովիվ, անունը՝ Անդրանիկ, կտուրից կտուր թռչելով, հայտնվում է հայ կամավորական ջոկատում, հանդիպում Անդրանիկ Օզանյանին: Վերջինս լսելով Ավրորայի պատմությունն ասում է. «Դու պետք է քո պատմությունը պատմես»: Հետո Թիֆլիս, Նորվեգիա, հետո մեգապոլիս, ԱՄՆ-ում ապրում է հայ ընտանիքի խնամակալության ներքո, սկսում է պատմել… Ցեղասպանությունից մի քանի տարի անց գիրքն է հրատարակվում, վերահրատարկվում, այնուհետ յան վերածում են ֆիլմի սցենարի: Գլխավոր դերասանուհու որոնումներում էլ կանգնում են Ավրորայի վրա:
«Ֆիլմում կտուրից կտուր թռչելու ժամանակ նա կոտրում է ոտքը, սակայն հասկանալով, որ ֆիլմն օգնելու է որբերին, նա գիպսը փաթաթում է ցնցոտիներով ու շարունակում նկարահանումներ»,-պատմում է Դեմոյանը:
Մի քանի հազար որբեր օգնություն են ստանում ֆիլմի դրամահավաքի շնորհիվ: Սակայն Ավրորան չէր կարողանում վերգտնել իրեն, հոգեբանական խնդիրները գնալով զգացնել էին տալիս, ներփակվում էր իր մեջ, ստիպված Հոլիվուդում հանդիսատեսին ներկայացնելու համար ուրիշ Ավրոնաներ էին պատրաստում ու հանդիսատեսին ներկյացանում: Ի վերջո ամուսնանում է, ունենում մի զավակ: Սակայն կյանքի վերջին տարիները կրկին հեռացավ մարդկանցից, ապրում էր տանը, որի դուռը միշտ փակ էր, վարագույները իջեցված, մի կին ամեն օր նրան սնունդ էր բերում, բաց պատուհանից ներս մտցնում: Հետո հայտնվում է ծերանոցում, իսկ մահից հետո նրա դիակը թաղող չի լինում: Դին այրում են, սափորով մոխիրը թաղում, փոքր քառակուսի տապանաքարին մահվան տարեթիվն է՝ 1994, ուրիշ ոչին:
Ողբերգական ճակատագրի է արժանանում նաև ֆիլմը: Բազմաթիվ քաղաքաներում ցուցադրված ու մեծ ընդունելության արժանացած ֆիլմը խորհրդային ԿԳԲ-ն առգրավում է, լավ է, Ֆրանսիայում կրկնօրինակի տասնութ րոպե հատված կար:
Ցեղասպանության թանգարան ինստիտուտում այսօր Ավրորայի մասին պատմող բավականին շատ նյութեր կան: Բախտի բերմամբ, թե պատահմամբ տարիներ առաջ Դեմոյանի՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ մի հայ կին նրան կանչում է իր տուն և խնդրում, ինչքան կարող է իր գրքերից հետը Հայաստան տանի: Փոշոտ վերջին արկղից հանկարծ դուրս է բերում Ավրորայի նկարը: Պարզվում է կնոջ ազգականն է եղել: Երկար բանակցություններից հետո Դեմոյանը թանկարժեք արխիվով վերադառնում է Երևան: Թանգարանի շենքի վերակառուցումից հետո մտադիր է Ավրորայի մասին պատմող ժամանակավոր ցուցադրություն կազմակերպել նրա մասին:
Հ. Կարապետյան
Կարդացեք նաեւ մեր կայքում.
Аршалуйс Мартикян «возвращается» на Родину…
Դիտումների քանակը` 6739