«Նրանք հավասարություն չեն խնդրում, այլ հաստատում են այն իրենց աշխատանքով»

Հայաստանի բոլոր մարզերից  ժամանած 80 կին  համայնքապետեր ու ավագանու անդամներ մասնակցեցին այսօր  Երևանում  կայացած «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում. մասնակցային ժողովրդավարության զարգացման ուղիները Հայաստանում» համաժողովին, որը կազմակերպել էր «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան»:  Նախքան համաժողովի սկսվելը նրա մասնակիցները ՝  երեք խմբի բաժանվելով հանդիպումներ էին  ունեցել ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների հետ, ինչպես նաև ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի հետ: Հանդիպումների ամփոփումն էլ, ըստ էության, տեղի ունեցավ   համաժողովում:

 

 

Համաժողովի մեկնարկին Ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը հայտարարեց, որ թեև այս տարի կանանց թիվը ՏԻՄ-երում  2 տոկոսով ավելացել է, սակայն Հայաստանը միջազգային  պարտավորություն է ստանձնել՝ մինչև 2015 թվականը կանանց թիվը ավագանիների ղեկավարների կազմում հասցնելու մինչև 10 տոկոսի:  Ի դեպ, այս փաստը  տիկին Հասրաթյանը շեշտադրեց  նաև ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

 

Արմավիրի ավագանու անդամ Անահիտ Մանուկյանը,  խոսելով ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ հանդիպման մասին ընդգծեց, որ այնքան էլ չի ընդունում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին» օրենքի տրամաբանությունը, քանի որ ինքը անձամբ  չի ճանաչում նման տարբերակում.
«Մենք բոլորս մարդ ենք, ակտիվ քաղաքացի,  կին թե տղամարդ` հավասար ենք: Եթե  մարդն ունի բարձրագույն կրթություն, մասնագիտական որակներ և այլն, ապա ուղղակի հանցագործություն է նրանց չընդգրկել ակտիվ գործընթացներում»,- հայտարարեց նա, նշելով, որ այլ հարց է , որ նման օրենքի ընդունումը մեզանում անհրաժեշըությունն է դարձել:

 

 

Եվ դա այն դեպքում, երբ նրա ներկայացմամբ` կանայք ավելի կարգապահ ու պատասխանատու են, նաև գրագետ: Բացի այդ երկրի իրավիճակն է այսօր նոր լուծումներ պահանջում:

 

 

«Մեր տղամարդիկ տարվա մեծ մասը դրսում են, ո՞վ է կառավարում ընտանիքը, կանա՞յք: Իսկ եթե կանայք կարող են կառավարել ընտանիքներում, ապա կարող են նաև քաղաքականության մեջ կառավարել»,- շեշտեց Արմավիրի ավագանու անդամը:

 

 

Վերջինիս կարծիքը կիսում է նաև  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղական ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Կեմխաձեն: Վերջինս իր խոսքում շեշտադրեց, որ  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեսանկյունից  գենդերային հավասարության  հարցը   շատ կարևոր ու առաջնային խնդիր է, այնուհետև  իր հիասցմունքը հայտնեց հայ կանանց մի շարք ունակություններից ` և գրագետ են, և պատասխանատու, և ակտիվ:

 

 

« Հայաստանը կանանց ներգրավվածության առումով բավականին առաջընթաց է արձանագրել: Բայց պետք է ընդունենք, որ դեռ կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, որովհետև մենք դեռ չենք հասել այն կետին, երբ կանայք ասեն, թե տղամարդկանց հետ ունեն հավասար իրավունքներ»,- նշեց Սոֆի Կեմխաձեն:

 

Հայ կանանց որակելով իբրև շատ գործունյա ու շատ կրթված, նա այդուհանդերձ նկատեց, որ այս փաստը  ամենևին էլ չի օգնում  կանանց, որպեսզի նրանք  առաջխաղացում  ապրեն ` հատկապես զբաղվածության ու քաղաքականության ոլորոտւմ: Սակայն, իր խոսքով,  կասկած չկա, որ հայ հասարակությունը պետք է բացահայտի կանանց ռեսուրսը երկրի զարգացման համար  և ՄԱԶԾ-ն  պատրաստ է այդ ուղղությամբ աջակցություն ցուցաբերել:
«Մեր ծրագիրը մեկնարկել ենք մարզերից, որովհետև մայրաքաղաքի ու մարզերի միջև տարբերությունը շատ զգալի է և  այդ խզումից առաջին հերթին տուժում են կանայք: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ կանանց մասնակցությունը արդեն  իսկ բավականին արդյունավետ է` նրանք առաջ են քաշում խնդիրներ ու նաև դրանց լուծումները, ինչը չափազանց ողջունելի է »,- շեշտեց պաշտոնյան ու հավելեց, որ այդ  կանանց ամենամեծ առավելությունը հենց դա է` նրանք հավասարությունը ոչ թե խնդրում են,  այլ հաստատում  են այն իրենց  աշխատանքով:

 

Ելույթ ունեցավ նաև Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղական համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը, ով արդեն վեցերորդ անգամ է ընտրվում այս պաշտոնում: Այն, որ կինը հաջողություններ է արձանագրում կառավարման ոլորտում նա բացատրեց այն հանգամանքով, որ կանայք տնտեսող են ու լավ կառավարիչ և անգամ կատակեց` գուցե այդ պատճառով էլ գնահատվում եմ ժողովրդի կողմից.

 

«Ցանկացած աշխատանքում կան դժվարություններ, սակայն ես դրանցից չեմ վախեցել ո երևի դրա համար էլ ժողովուրդն այդպես բարձր է գնահատել իմ աշխատանքն ու տվել իր վստահության քվեն այս էլ որերորդ անգամ»,- հայտարարեց բանախոսը: Զերծ չմնաց նաև քննադատելուց:

 

 

«Ինձ համար  առնվազն տարօրինակ է, որ որոշ գերատեսչություններ ու պաշտոնյաներ ամենուր բարձրաձայնում են «Ուժեղ համայնք` ուժեղ պետություն»   սկզբունքը, բայց  դրա հետ մեկտեղ խուսափում կանանցից, արդյունքում  կանանց թիվը չափազանց  փոքր է ՏԻՄ-երում»,- նշեց նա:
Ի դեպ, Ա.Հարությունյանը ընդգծեց նաև, որ Նոր Երզնկայի գրեթե բոլոր հաստատությունների ղեկավարները կանայք են` մանկապարտեզի, գրադարանի, առողջության առաջնային պահպանման կենտրոնի, դպրոցի, մշակույթի տան և այլն, ինչը վառ ապացույցն է նրա, որ կանայք իսկապես լուրջ ռեսուրս են երկրի կառավարման ու զարգացման գործում:

 

Իր ելույթում Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ պետությունը կանի ամենը, որպեսզի մի քանի տարի անց կանանց ներկայացվածությունը ավելանա, քանի որ կանանց հետ հանդիպելուց մեծ բավականություն է ստացել` կանայք առաջ են քաշում լուրջ հարցեր, այնպիսի, որոնք երբեմն տղամարդկանց ուշադրությունից վրիպում են:

 

Համաժողովն այս առումով հարմար հարթակ հանդիսացավ, որպեսզի  կին ավագանու անդամներն ու համայնքի ղեկավարները ներկայացրեն այն բոլոր խնդիրները, որոնք առկա են իրենց համայնքներում:

 

Հանդիպման ավարտին ՏԻՄ-երում  ընտրված կանանց ժամաժողովի մասնակիցները  ընդունեցին ուղերձ, որում մասնավորապես ասված է.

 

«Տեղական ինքնակառավարման համակարգը լուրջ դեր է խաղում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում և դրանց բարեփոխումների իրականացման գործընթացներում զգալի է ավագանիների դերը:

Համայնքներում կուտակված բազում խնդիրների լուծման գործընթացում իրենց գործուն մասնակցությունն ունենալու պատրաստակամությամբ և սեփական պատասխանատվության գիտակցմամբ ավելի քան 620 կին իր թեկնածությունն առաջադրեց 2012թ-ի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում, նրանցից 406-ն ընտրվեցին:

Չնայած որոշ դրական շարժընթացին,  բնակչության ավելի  քան 50 տոկոսը կազմող կանայք ավագանիներում ընդամենը 8.4 տոկոսն են, իսկ համայնքների ղեկավարների կազմում` միայն 2.2 տոկոս, կանայք բացակայում են քաղաքապետարանների ղեկավարության կազմում: Կանանց ցածր ներկայացվածությունը և նրանց մտավոր ներուժի ոչ բավարար ընդգրկվածությունը ՏԻՄ-երում դանդաղեցնում են մեր երկրում ժողովրդավարության զարգացման ընթացքը:

Կոչ ենք անում քաղաքային և գյուղական համայնքների ինքնակառավարման մարմիններում ընտրված բոլոր կանանց`

–         ուժեղացնել կապը մեզ ընտրող ազգաբնակչության հետ` ապահովելով ավագանիների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունն ընտրողների առջև;

–         նկատի ունենալով, որ գյուղական շատ համայնքներ ֆինանսական բավարար ռեսուրսների  բացակայության պատճառով չեն կարողանում իրականացնել իրենց խնդիրների մի մասը , ավելի ակտիվ հորդորել ձեռնարկատերերին` ներդրումներ կատարեն իրենց հարազատ համայնքների զարգացման համար;

–         ՏԻՄ-երում ընտրված կանանց ցանցի ստեղծմամբ նպաստել միջհամայնքային միավորումների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա համատեղ ուժերով և ռեսուրսներով լուծելու ընդհանուր խնդիրները»:

 

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» կողմից` ԵՄ աջակցությամբ: Միջոցառումը մի շարք նախաձեռնություններից մեկն է՝ «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է 2012թ-ի ապրիլից ԵՄ ֆինանսավորմամբ:

Է.Մակարյան

 

Դիտումների քանակը` 3234

Գլխավոր էջ