«Սա Երևանն է , այստեղ մենք տանն ենք»….

Ի՞նչ են ակնկալում մայրաքաղաքի  կանայք ապագա քաղաքապետից

Արդեն մեկ շաբաթ է, ինչ մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնկացող վեց կուսակցությունն ու մեկ դաշինքն արագ հունի մեջ ընկան, ամեն օր երեկոյան քարոզարշավի են դուրս գալիս:  Մինչ կուսակցական թեկնածուները խոստումներ են շռայլում, ծրագրերն են ներկայացնում, WomenNet.am-ը հարցում անցկացրեց երևանցի կանանց շրջանում, թե ինչ ակնկալիքներ ունեն ապագա քաղաքապետից:

 

 

Հարցվածների մեծ մասը արդար լինելու  համար նշեց , որ նախորդ տարիներին խնդիրների լուծման առումով որոշակի քայլեր կատարվել են` կանաչապատման աշխատանքներն են ավելի ծավալուն դարձել, մանկապարտեզներն անվճար են, քաղաքի տարբեր հատվածներում նստարաններ են տեղադրվել, շենքերի բակերում կառուսելներ կան, բայց  դրանց հետ մեկտեղ կան խնդիրներ, որոնք ժամ առաջ լուծում են պահանջում: Մի քանի կանայք էլ ասացին, որ ոչ քաղաքապետի, ոչ էլ որևէ պաշտոնյայի հետ հույսեր չեն կապում:

 

«Այլևս ոչ մեկից, ոչ մի ակնկալիք չունեմ: Ինչ մտադիր են կանեն, ինչ էլ չուզեն` չեն անի, ով  է մեզ լսողը»,-ասաց Նոր Նորքի 35-ամյա բնակչուհի Կարինեն:

 

 

 

«Փողոցները ահավոր վիճակում են, կես ժամ անձրև է գալիս, մի քանի օր տնից դուրս գալ չի լինում: Երեխաները մինչև դպրոց են հասնում` ոտքից գլուխ ցեխ են դառնում», – ասաց  մեզ հետ զրույցում Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղամասի բնակիչ, տային տնտեսուհի, երեք երեխաների մայր 40-ամյա Արմինեն:  Բացի այդ, նրա խոսքով, մեծ թաղամասում մի այգի չկա, որ երեխաների հետ երեկոյան գնաս, զբոսնես, պետք է պարտադիր գումար ծախսես, հասնես Բանգլադեշ: Երեք երեխայի հետ զբոսնելու գնալու համար պետք է միայն տրանսպորտի համար առնվազն 800 դրամ ունենաս, էլ չեմ հաշվում մնացած բաները:

 

 

Արմինեն դժգոհում է, որ քանի տարվա մեջ ոչ ոք համայնքի խնդիրներով չի հետաքրքրվել, բայց ընտրություններին ընդառաջ բոլորը գալիս են, հանդիպում, խոստումներ տալիս, բայց դրանց մեծ մասն այդպես էլ իրականություն չի դառնում:

 

PR մասնագետ, Ավանի բնակիչ Ա. Դանիելյանի համար կարևորագույնը մայրաքաղաքի կանաչապատումն է: «Երևանն այսօր էլ գեղեցիկ է, սակայն քաղաքին է պետք ամենօրյա  խնամք ու հոգատարություն: Երևանի քաղաքապետի ընտրություններն այսօր կարևորագույն նշանակություն ունեն ամեն մի երևանցու համար, քանի որ զարթոնք ապրող մեր քաղաքը պետք է ունենա լավ ու սրտացավ ղեկավար:
Այսօր քաղաքի առջև ծառացած կարևոր խնդիրների`տրանսպորտի, որոշ վարչական շրջաններում նորմալ ջրամատակարարման, ճանապարհների բարեկարգման կողքին ամենաառաջինը ուզում եմ տեսնել ծառուղիներով ու զբոսայգիներով հարուստ քաղաք, ուզում եմ Երևանի ամենաբարձր կետից նայելիս կանաչ գույնը ծակի աչքերս: Թերևս այս պահին միակ իմ ցանկությունը, ինչու չէ, նաև պահանջը դա է  Երևանի քաղաքապետի կայանալիք ընտրություններում հաղթանակած քաղաքապետից»,-ասաց նա:

 

 

Անհատ ձեռնարկատեր, 50-ամյա Նվարդ Սարգսյանի ու ևս մի քանի կանանց համար Երևանում հասարակական տրանսպորտի խնդիրն ամենակարևորն է:

 

 

«Ամեն ինչի կհարմարվեմ, բայց կռացած ամեն օր, օրը մի քանի անգամ երթևեկելն ինձ համար շատ վիրավորական է»,-ասաց Նվարդը, նշելով, որ այս ոլորտում պետք է ձեռնարկվեն համակարգված քայլեր` օր առաջ առկա տխուր իրավիճակը շտկելու համար:

 

27-ամյա Թ. Հարությունյանը ցանկանում է, որ նոր քաղաքապետն ու նրա աշխատակազմի աշխատակիցներն ավելի ուշադիր լինեն քաղաքի, նրա արդ ու զարդի նկատմամբ: Ասում է, օրինակ Նոր տարվա կապակցությամբ, Հանրապետության հրապարակում տեղադրված «լուսավոր ծառերը» գարնան երկրորդ ամսին էլ դեռ այնտեղ էին:

 

 

Լուսանկարիչ Լիլիան Գալստյանը, ում խցիկի օբյեկտիվը ֆիքսում է նկատելին ու աննկատը, նշում է, որ քաղաքի կենտրոնը գեղացկանում է, մինչդեռ մի քանի կմ հեռավորության վրա գտնվող ծայրամասերում լուսավորություն չկա, գեղեցիկ ճանապարհներ ու նստարաններ չկան: Լիլիանը ցանկանում է, որ քաղաքը համաչափ զարգանա ու գեղեցկանա:

 

«Աղքատությունը մեր հարևանությամբ» ֆոտոշարքի  հեղինակ՝ Լիլիան Գալստյանը ապագա քաղաքապետից մի բան էլ է ակնկալում. լավ կլիներ, որ մուրացկանների համար մի  քանի ճաշարաններ բացվեն, որտեղ նրանք գոնե օրվա մեջ մեկ անգամ կարողանային սնվել:

 

Գինեկոլոգ Ն. Ղուկասյանի համար կարևորը քաղաքացու իրավունքների լիակատար պաշտպանությունն է:

 

«Նոր եմ վերադարաձել Լոնդոնից: Քաղաքացին այտնեղ արժեք էր` հանգիստ, ժպիտով, չէր մտածում ծանոթ գտներ` իր հարցերը լուծելու համար, կար օրենք և կար մարդ: Վերադարձա ու իմացա աշխատավարձս կրճատել են, հարցնում եմ` հիմնավորումը ո՞րն է: Տնօրենը պատասխանում է, էդ ի՞նչ հարց ես տալիս: Ստիպված լռեցի: Ուզում եմ` Երևանում էլ, ամեն տեղ էլ քաղաքացին պաշտպանված լինի օրենքով»,-ասաց նա:

 

Կարծիքները հավաքեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 4045

Գլխավոր էջ