Հռիփսիմե Խուրշուդյան. Կվերադառնամ մեծ սպորտ, դա հաստատ
Նախորդ տարի բեղմնավոր էր մեր մարզուհիներից Հռիփսիմե Խուրշուդյանի համար, նախ օլիմպիական բրոնզե մեդալ, ապա` ամուսնություն: 25-ամյա Հռիփսիմեն կարողացել է բազում հաղթանակներ տոնել` Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (2007), Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (2007), Եվրոպայի չեմպիոն, 75կգ (2007), Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, 75կգ (2006, 2009), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2010), Եվրոպայի փոխչեմպիոն, +75կգ (2011), Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2009)։
Չնայած մինչև վերջերս նա լրագրողների հետ շփվելիս խուսափում էր հստակ պատասխանել հղիության կամ երեխա ունենալու մասին հարցերին, հիմա արդեն ամեն ինչ ակնհայտ է ու առանց հարցականների: Այս տարին Հռիփսիմեի համար առավել բեղմնավոր է լինելու, կծնվի նրանց առաջնեկը: Womennet.am-ը մայրության տոնին ընդառաջ զրուցել է մարզուհու հետ, ով մտքով ու հեռանկարներով միևնույն է կապված է մեծ սպորտին:
-Շատերը, այդ թվում ՀՀ արդեն նախկին նախագահի թեկնածուներից մեկն այն կարծիքին են, որ ծանրամարտը կանանց տեղը չէ: Դու և քո ծնողները ինչպե՞ս կարողացան դիմադրել հասարակական այդ կարծիքին:
-Շատերն են մտածում, որ ծանրամարտը կանանց հարմար սպորտաձև չի: Ես սովորաբար չեմ լսել, թե ինչ են խոսում իմ ընտրած սպորտաձևի մասին ուրիշները, ես միայն կարևորում էի իմ ծնողների կարծիքը: Նրանք չխոչընդոտեցին ինձ` զբաղվել սիրած գործով: Կարծում եմ, ես կարողացել եմ իմ հաղթանակների շնորհիվ որոշ չափով կոտրել հասարակության մեջ առկա այդ կարծրատիպը, ես ապացուցել եմ, որ միայն տղամարդը չէ, որ ունակ է բարձր կիլոգրամներ բարձրացնել ու դժվարություններ հաղթահարել:
-Կթողնեի՞ք ձեր դուստրը զբաղվի ծանրամարտով:
-Եթե նա ցանկություն հայտնի, ես միայն ուրախ կլինեմ, բայց երբեք չեմ ստիպի, որ ծանրամարտով զբաղվի:
-Դուք նոր եք ամուսնացել: Այս պահին մեծ սպորտում չե՞ք: Ինչո՞վ եք զբաղվում:
-Այդ պահին ես վայելում եմ իմ ամուսնական հանգիստը: Հիմնականում հարազատներիս ու մտերիմներիս հետ եմ լինում:
-Ե՞րբ կլսենք Ձեր առաջնեկի ծննդյան մասին ուրախ լուրը:
-Կարելի է ասել, շուտով ես այդ լուրը կհայտնեմ:
-Հետագայի համար ի՞նչ ծրագրեր ունեք, կվերադառնաք մեծ սպորտ: Դժվար չի լինի հասնել նախկինում Ձեր ցույց տված արդյունքներին:
-Մեծ սպորտից հեռանալ չեմ կարող, ես սպորտով ապրում եմ, այն իմ կյանքի անբաժանելի մասնիկ է դարձել: Կվերադառնամ մեծ սպորտ, դա հաստատ: Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա կարծում եմ, եթե մարդ կամքի ուժ ունի, ապա կկարողանա հաղթահարել դրանք: Ես կաշխատեմ անել անհնարինը, որպեսզի էլ ավելի լավ հանդես գամ մրցումների ժամանակ, որ հետո չասեն, թե ամուսնությունը խանգարում է սպորտին: Այդ կարծիքներն էլ պետք է քչանան:
Զրուցեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 5341