Սահմանային զորամասի կանայք

Բանակում կանանց ներգրավվածության թեման հաճախ անորոշ եւ վերացական է թվում, մինչեւ չես այցելում սահմանային զորամաս եւ հանդիպում կանանց, որոնք շուրջ 20 տարի ապրում են բանակային առօրյայով… Օգտվելով առիթից մենք շնորհավորում ենք նրանց Հայկական բանակի տոնի արթիվ եւ անամպ երկինք ցանկանում բոլորիս…

Լենա Խոջոյանը Քարվաճառ է տեղափոխվել 1994 թվականին: Սահմանային զորամասի գանձապահն է: «Դժվար օրեր շատ ենք ունեցել, 20 տարում ինչ ասես որ չի եղել…»,- տիկին Լենան զուսպ եւ կարճ պատասխաններ է տալիս մեր հարցերին: «Ես ուրախանում եմ, երբ զինվորները անփորձանք հետ են վերադառնում իրենց տուն, Աստված չանի, որ մեկին մի բան պատահի, իմ սիրտը շատ է ցավում…»,- ասում է նա:

Զորամասի «հնաբնակ» կանանցից է նաեւ Ամալյա Սահակյանը, ով թեեւ 2007 թվականից թոշակի է անցել, սակայն շարունակում է աշխատել որպես գործավարուհի: «20 տարի բանակում…դա մի ամբողջ կյանք է, մեր կյանքն էլ միաձուլվել է զորամասի առօրյային»,- ասում է տիկին Ամալյան:

«Ընդամենը 25 տարեկան աղջիկ էի, երբ եկա այստեղ, լույս չկար, ջուր չկար, բնության դեմ պայքարելով ապրում էինք: Սակայն ժամանակի ընթացքում ընկերացանք այս բնաշխարհի հետ, ու հիմա սա մեր տունն է դարձել»,- հիշում է զորամասի միակ կին ենթասպան՝ Ալիսա Սահակյանը: Նա Քարվաճառ է տեղափոխվել 1999 թվականին: Ալիսայի ամուսինը եւս ծառայում է նույն զորամասում: Այստեղ հաճախ են հանդիպում կանայք, որոնք ծառայության են անցել իրենց ամուսինների կամ որդիների հետ միասին:

Գյոզալ Արշակյանի համար բանակն իրականություն դարձավ 2010 թվականից, երբ միակ տղան զորակոչվեց ժամկետային զինծառայության: «Ես որոշեցի, որ իմ տղայի կողքին պիտի լինեմ եւ եկա զորամաս աշխատելու որպես խոհարար»: Մայր եւ որդի այնքան են կապվել զորամասին, որ տղայի՝ պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո եւս մնացել են այստեղ ծառայելու:

Գործավարուհի Արուս Հովսեփյանի որդին եւս այս զորամասում է ծառայում: Շուտով կզորացրվի, սակայն ամիսներ անց ցանկանում է վերադառնալ Քարվաճառ՝ արդեն որպես սպա: «Ամուսինս սպա է, տղաս էլ՝ ապագա սպա է: Որտեղ իմ ընտանիքն է, այնտեղ էլ՝ ես: Կմնամ այս զորամասում իմ ընտանիքի հետ»,- ասում է Արուս Հովսեփյանը:

«Եթե դու այստեղ ես ապրում, ապա պիտի որեւէ կերպ մասնակցես քո հայրենիքի պաշտպանությանը, մենք էլ այսպես ենք մասնակցում»,- նշում է գործավարուհի Արուսյակ Սարգսյանը: Նա զորամասում աշխատանքի է անցել 2013 թվականին, առաջին իսկ օրվանից սիրել է իր աշխատանքն ու բանակային առօրյան: «Ես շատ եմ սիրում զինվորական համազգեստը, իմ կարծիքով՝ այն կանանց եւս շատ է սազում»,- ասում է Արուսյակը:

Իսկ Սիրվարդ Եղինյանը զորամասում աշխատում է որպես լվացքատան օպերատոր: «Ես մեր գործն էլ եմ համարում ծառայություն, որովհետեւ մենք ապահովում ենք զորքի սանիտարահիգիենիկ պայմանները»: Սիրվարդի դուստրերը եւս, հետեւելով մոր օրինակին, զորամասում աշխատանքի են անցել:

Երիտասարդ աղջիկների համար բանակը խորթ ու արգելված կառույց չէ: Ռուզաննա Մկրտչյանը զորամաս է մտել, երբ ընդամենը 21 տարեկան էր: Այսօր նա արդեն 3 տարվա աշխատանքային ստաժ ունի սահմանային զորամասում: «Ինձ միշտ դուր է եկել բանակը, եթե ես տղա լինեի, հաստատ մեծ սիրով կգնայի ծառայելու…Ես կարծում եմ, որ աղջիկներն էլ կարող են ծառայել»,- ասում է Ռուզաննան:

 

Զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Մախսուդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին զորամասում զգալիորեն ավելացել է կին աշխատակիցների թիվը: «Կանայք միշտ էլ խրախուսվում են մեզ մոտ աշխատանքի անցնելիս, մենք միշտ ուրախ ենք, երբ նոր կին է գալիս մեզ մոտ աշխատելու, նրանք իրենց ուրույն ներդրումն ունեն ծառայության մեջ»:

 

Զորամասի գլխավոր խնդիրը հայրենիքի սահմանները պաշտպանելն է, ու թեեւ կանայք ներգրավված չեն մարտական հերթապահության մեջ, այնուամենայնիվ, զորամասում նրանց աշխատանքը եւս տեսանելի է:

 

«Մենք շնորհակալ ենք մեր զորամասի կանանց, այսօր երկու տասնյակից ավելի կին ունենք զորամասում, հիանալի է, որ կանայք եւս կարողանում են իրենց պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Դավիթ Եղիկյանը:

 

Արման Ղարիբյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

 

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

 

Սահմանային զորամասի կանայք

 

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

 

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

 

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

 

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

 

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

 

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

 

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

 

Մարիամի մեդալը

 

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

 

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

 

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

 

Նրան Ռեմբո էին ասում…

 

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

 

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

 

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

 

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

 

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

 

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 6705

Գլխավոր էջ