Ժաննա Սարգսյան. «Տարիների ընթացքում հասկացա թիմով աշխատելու առավելությունը»
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի ավագանու թեկնածու և գործող ավագանու անդամ, միջնակարգ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի վաստակաշատ ուսուցչուհի Ժաննա Սարգսյանն երբևէ չէր մտածել, որ իր առօրյայի մի մասը կզբաղեցնի քաղաքականությունը: Ժամանակին նրա համար անակնկալ էր, երբ տեղեկացավ, որ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ներկայացուցիչների կողմից ընտրված Դդմաշեն համայնքի ակտիվ կանանց ցանկում ներառված էր նաև իր անունը: Հենց այդ՝ ՏԻՄ-երում ակտիվ կանանց ներգրավելու նպատակով կազմակերպած դասընթացին մասնակցելու Ժաննայի որոշումը դարձավ բեկումնային՝ քաղաքական կյանքում ներգրավվելու նրա հետագա քայլի համար:
2015 թվականին ՏԻՄ ընտրություններում առաջադրվեց ավագանու թեկնածու և ընտրվեց: Թեև ընտանիքը մեծ չէր՝ ապրում էր ամուսնու, երկու զավակների և սկեսրոջ հետ և տնային հոգսերից բացի ուներ նաև տնամերձ, որտեղ դպրոցից հետո զբաղվում էր բանջարեղենի մշակմամբ, այնուհանդերձ ուժերն ու ժամանակը բավարարում էր նաև համայնքի զարգացման խնդիրների լուծման համար: Իսկ դրանք քիչ չէին՝ հարկավոր էր 20 տարի շարունակ անգործության մատնված մանկապարտեզի շենքը հիմնանորոգել, որի բացմանն անհամբեր սպասում էին համայնքի և հարակից գյուղերի շուրջ 60 երեխա: Հարկավոր էր նաև սկսել նախկին ամբուլատորիայի անտեսված ու ավերված հատվածը հանդիսությունների տան վերածելու շինարարական աշխատանքերը, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը, լուծել աղբահանության և լուսավորության խնդիրները:
-Հիշում եմ, երբ առաջին անգամ մասնակցեցի ավագանու նիստին, մի տեսակ քաշված էի զգում, քանի որ միակ կինն էի վեց տղամարդ ավագանինների մեջ: Թեև հարգանքն ակնհայտ էր իմ նկատմամբ, սակայն շատ կցանկանայի, որ միակ կինը չլինեմ: Ինչևէ, տարիների ընթացքում հասկացա իմ աշխատանքի նրբությունները, որ միայնակ չես կարող որևէ խնդիր լուծել, որքան էլ ցանկանաս, հասկացա թիմով աշխատելու առավելությունը: Այս ընթացքում համայանքապետ- ավագանի տարաձայնություններ չեն եղել, հարցերը քննարկել և լուծման տարբերակներն առաջարկվել են բոլորի կողմից,- պատմում է Ժաննան:
Ժաննա Սարգսյանի խոսքով Դդմաշենում աշխատատեղեր շատ քիչ կան՝ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, նոր-նոր կառուցվում է ջերմոց: Արտագաղթը համայնքում շատ մեծ է, ինչպես ողջ Գեղարքունիքի մարզում: Տղամարդկանց գերակշռող մասը մեկնել է արտագնա աշխատանքի, մի մասը՝ ընտանիքի հետ, մի մասն էլ դրսում հիմնավորվելուց հետո տարել է նաև ընտանիքին: Կանանց համար աշխատատեղ չկա, նրանց առօրյան սկսվում և ավարտվում է տնամերձում կամ խոհանոցում: Համայնքում չկա մշակույթի տուն, վայր, որտեղ կարելի է հավաքվել, զրուցել, զբաղվել որևէ գործով: Ուստի Ժաննա Սարգսյանի պրպտող միտքը գտավ ելքը, նա հիմնեց «Կանանց և երիտասարդների աջակցման կենտրոն» ՀԿ-ն: Սեփական ջանքերով ու ֆինանսական միջոցներով իր տանը ստեղծել է արհեստանոց, որտեղ թվով 20 աղջիկ երեխաներ զբաղվում են տիկինիկագործությամբ, գոբելենագործությամբ, կարպետագործությամբ: Իսկ տղաների համար որոշել է ապագա հանդիսությունների տանը հատկացնել արհեստանոց փայտամշակման, կավագործության վարպետության դասընթացներ կազմակերպելու համար:
Ժաննա Սարգսյանի ծրագրերի լիակատար իրականացման համար 4-ամյա ժամկետը բավարար չէր, ուստի որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում դարձյալ առաջադրվել, քանի որ համայնքի հիմնախնդիրները՝ Հանդիսությունների սրահի, գյուղամիջյան կամրջի, Սուրբ Թադևոս եկեղեցու, ոռոգման ջրի պատվարի, արտաքային ջրատարի վերանորոգման ու կառուցման ու էլի մի շարք խնդիրներ դեռևս լուծված չեն:
Ժաննա Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից է բրդի վերամշակման արտադրամասի կառուցումը: Դդմաշենում 590 գլուխ մանր եղջերավոր անասուն կա, ոչխարների խուզի ժամանակ բնակիչները բուրդը թափում են, քանի որ գյուղում իրացման հնարավորություն չկա: Մինչդեռ կարելի է այդ բրդի մանվածքից թել ստանալ, որն էլ կօգտագործվի տիկնիկագործության, կարպետագործության և գոբելենագործության մեջ, թեև այդ նապատակով դարձյալ ֆինանսական միջոցներ են հարկավոր:
Ժաննա Սարգսյանը նպատակ ուներ «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի օրինակով լուծել խնդիրը, ու թեև չհաջողվեց, սակայն հույս ունի, որ երկրորդ անգամ ավագանու անդամ ընտրվելու դեպքում հարցը առաջնահերթ լուծվողների շարքում կլինի: Գուցե լինեն նաև չնախատեսված ծրագրեր, քանի որ առաջիկայում համայնքերի խոշորացման ծրագրով Գեղարքունիքի մի շարք համայնքներ կխոշորացվեն ու պարզ չէ, թե Դդմաշենը ո ՞ր փնջում և ի ՞նչ ծրագրերում ներառված կլինի:
Ժաննան իր օրինակով կարևորում է քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությունը: Թեև ընկերուհիների հետ հանդիպումների ու զրույցների ընթացքում հաճախ է առաջարկում նրանց հետևել իր օրինակին, սակայն վերջիններս հրաժարվում են ծանր ու պատասխանատու բեռի տակ հայտնվել: Մինչդեռ Ժաննայի համոզմամբ ավագանու նիստերին երկու-երեք կնոջ մասնակցությամբ բավականին հարցեր ավելի ճիշտ ու նպատակային լուծում կստանային, նրանք իրենց գիտելիքների ու կարողությունների, դիտողականության շնորհիվ կկարողանան շատ արագ որոշումներ կայացնել, որից կշահի համայնքը, բնակչության բարեկեցությունը:
-Եթե ավագանու կազմում կանանց թիվը շատ լիներ, ապա միասին հետաքրքիր ծրագրեր կներկայացնեինք, միմյանց կաջակցեինք, չէ որ կինը մանրուքները նկատելու, միաժամանակ երեք ուղղությամբ մտածելու կարողություն ունի,-ասում է Ժաննան ու հավելում, որ ավագանու անդամ ընտրվելու դեպքում համայնքի կանանց հետ այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է տանելու ու կատակով հավելեց, որ «համոզելն» իր վրա է:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3299