Զարուհի Փոստանջյան . «Առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու»/ լրացված

Հուլիսի 16-ին նշանակված Երևանի քաղաքապետի ընտրությունն այսօր տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով, Հիշեցնենք, որ այդ  նիստում կայանալու էր քաղաքապետի արտահերթ ընտրություն, որի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։ Նիստին ներկայացել էր 5 ավագանու անդամ։

 

 

Զարուհի Փոստանջյանը  լրագրողների հետ  զրույցում   նշեց,  որ մեկ տարի առաջ ստանձնած առաքելությունը՝ գրավել քաղաքապետարանը, մաքրել քաղաքապետարանը աղբից, կեղտից և կոռուպցիայից, մասամբ իրականացրել են: «Ինչպես և խոստացել էինք՝ Տարոն Մարգարյանի կյանքը վերածել դժոխքի, այդ խոստումը նույնպես մենք փորձել ենք կատարել, և կարծում եմ,՝ դա մեզ հաջողվել է… Բայց առջևում դեռ պայքար ունենք տանելու: Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու՝ առաջիկա ավագանու ընտրություններին: Մենք կառուցելու ենք մեր Երևանը, այդ քանդված և աղտոտված վիճակը վերացնելու ենք, Երևանը, ինչպես օրինակելի քաղաք, պետք է ծառայի մեր քաղաքացիներին»:

 

 

Նրա խոսքով , Երևանի ավագանու ընտրությունները պետք է տեղի ունենան նախկին՝ մինչև համահայկական ընդվզումը գործած օրենսդրության պայմաններում: «Մենք գնում ենք համապետական ընտրությունների, որոնց թափանցիկ, արդար անցկացման դեպքում կարող ենք ասել՝ համահայկական մեծ ընդվզումը արդյունքներ է արձանագրել: Բայց եթե ընտրությունները կայանան այնպես, ինչպես 2017 թվականին, կարող ենք ասել, որ երկրում ոչ մի բան չի փոխվել, և ավտորիտարիզմը շարունակում է գործել Հայաստանում»- ասաց Փոստանջյանը, ավելացնելով, որ  ամեն բան կախված է լինելու երևանցիների քաղաքացիական դիրքորոշումից:

 

 

Անդրադառնալով ավագանու նիստերը բոյկոտելու ՀՀԿ-ի պրակտիկային՝ Փոստանջյանն ասաց .  «Իրենց հարցրեք՝ ինչու չեն եկել: Հանրապետական կուսակցության անդամներն ինչպես միշտ են եղել դասալիք, այսօր էլ նույնպես դասալիքի կարգավիճակում են, չեն եկել նիստին, թեպետ հենց իրենք էին քվեարկում, որ նիստն այսօր անցկացվի»:

 

 

ՀՀԿ խմբակցության  հայտարարությունը 

 

Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության թեև առաջարկել էր քաղաքապետի ընտրությունն անցկացնել հուլիսի  16-ին , սակայն նաև հայտարարություն էր տարածել, որ  այդ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

 

Խմբակցության տարածած հայտարարությունում մասնավորապես ասված էր․ – «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»։

 

 

«Այս ավագանին պետք է լուծարվի»

 

Ավագանու նիստերի դահլիճ չմտած «Ելք» խմբակցության ղեկավար ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով դեռ դեռ նախորդ շաբաթ էր հայտարարել  որ «Ելք»-ը քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու, ասաց, որ իրենք հակված են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալ: «Այս ավագանին պետք է լուծարվի և պետք է լինեն նոր ընտրություններ, երևանցիները պետք է որոշեն՝ ով է  լինելու քաղաքապետը»,- ասաց նա։
 

 

Նրա խոսքով,  կառավարությունը, ավագանու արձակումից երկու շաբաթվա ընթացքում հնարավորություն է ունենալու նշանակելու արտահերթ ընտրության օր, որը որոշումը կայացնելու պահից սկսած՝ պետք է լինի 30-40 օրվա ընթացքում։ Առավելագույն ժամկետներով առաջնորդվելով՝ դա տեղի է ունենում սեպտեմբերի առաջին կեսին»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

 

 

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում  Դավիթ Խաժակյանը ասել է , որ  քաղաքապետարանը երկու շաբաթ կսպասի, ապա թեկնածուի չընտրման, կամ չառաջադրման արձանագրությունը կուղարկի կառավարություն։ Նա նաև նշել է, որ իրավաբանական կազուսի պատճառով  քաղաքապետարանն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը փաստացի չի ընդունել:  «Դուք գիտեք, որ տիկին Փոստանջյանը առաջադրվել էր և դիմում էր ներկայացրել քաղաքապետին իր առաջադրման վերաբերյալ՝ քաղաքապետարան, սակայն ստացել էր պատասխան առ այն, որ առաջադրումները պետք է լինեն նիստի ընթացքում, որը սակայն չեն կայացել և քաղաքապետարանի փաստացի մեկնաբանությունն այնպիսին է, որ առաջադրում չի եղել, հետևաբար քաղաքապետարանը կպահպանի երկու շաբաթ ժամկետ մինչև կառավարությանը տեղեկացնելը, որ ընտրություն փաստացի չի կայացել», – ասաց Խաժակյանը

 

 

Նշենք, որ Երևանի մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունների ժամանակ ավագանու խմբակցությունները քաղաքապետի թեկնածուներ են առաջադրում, ընտրությունը կատարում է ավագանին՝ իր շարքերից։ Կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ըստ նույն օրենքի, ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

 

 

«Տապալված ընտրությունը հիմք է  Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու համար»

 

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի կարծիքով,  հուլիսի  16-ին տապալված ընտրությունը հիմք է, որ կառավարությունը կրճատի Երևանի գործող ավագանու լիազորությունները, գործնականում՝ ցրի այն:

 

«Պետք է երկշաբաթյա ժամկետում կառավարությունը արձակի ավագանին, և այստեղ մի քիչ օրենքների հակասություն կա՝ արդյո՞ք արձակելու հետ միաժամանակ պետք է կայացնի արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը, թե՞ կարող է դա անել կառավարությունը արձակելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Որովհետև Ընտրական օրենսգիրքը ամրագրում է, որ արձակելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է արտահերթ ընտրությունները նշանակվեն: Ընտրական օրենսգիրքը, ըստ էության, սահմանադրական օրենք է և ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը: Ըստ էության, ինչպես էլ որ օրենքը չմեկնաբանվի, այդուհանդերձ, ոնց որ թե արտահերթ ընտրությունները Երևանի ավագանու ընկնում են սեպտեմբերին: Ուղղակի հարցը նրանում է, թե սեպտեմբերի սկիզբ, թե սեպտեմբերի վերջ», –  ասել  է Իոննիսյանը:

 

Դիտումների քանակը` 2834

Գլխավոր էջ