Զարուհի Փոստանջյանն իր թիմակիցների հետ աշխատելու են ավագանիում «այլընտրանքային օրակարգով»

Ինչպես հայտնի է, հունիսի 12-ին  տեղի ունեցած Երևանի ավագանու հատուկ նիստին ու նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը չմասնակցեց Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը և նրա կողմից ղեկավարվող «Երկիր Ծիրանի»  խմբակցությունը : Նշենք, որ խմբակցությունը չի մասնակցել  նաև  հունիսի 9-ին գումարված ավագանու անդրանիկ նիստին՝ անցկացնելով  այն  քաղաքապետարանի մուտքի մոտ և  այնուհետև  մտնելով   շենք՝  ի նշան «չարի խափանման» ՀՀԿ-ի գրությամբ  փուչիկներ  պայթեցնելով և ափսեներ ջարդելով  …  

 

 

Լրագրողների հետ զրույցում  Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնբանելով   երդման արարողությանը չմասնակցելու իրենց որոշումը, ասաց.   «Մենք մեր խմբակցությունում նիստ ենք անելու, այդ արարողությունը անօրինական է, մենք քաղաքապետ չունենք, այն փողերը, որ ծախսվում են այս արարողության վրա, կարող էին ծախսել Երևանի հիմնախնդիրների լուծման համար»: Զարուհի Փոստանջյանը  նաև նշեց, որ նրանք   շարունակելու են  չմասնակցել Երևանի ավագանու նիստերին, սակայն  պարտավորված լինելով ընտրողների առջև  «Երկիր Ծիրանի»  խմբակցության  ավագանու նիստերն անցկացնելու են իրենց կազմած այլընտրանքային օրակարգով:

 

 

Ավելի ուշ՝ անդրադառնալով ավագանու նիստերին իրենց բացակայություններին «Ազատություն» ռադիոկայանի եթերում Զարուհի Փոստանջյանը ընդգծել է.  «Մենք դասալիք չենք լինելու, ամբողջ գործընթացին մասնակից ենք լինելու»:

 

 

«Այս երկու պաշտոնական նիստերը, որ գումարվել են, քանի որ որևէ կապ չունեին մեր ավագանու գործունեության հետ և չէին դրել նպատակ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից, հետևաբար դրանց մենք չենք մասնակցել, ժամանակ չենք տրամադրել»,- ավելացրել է  նա, նշելով , որ  հունիսի 13-ին տեղի ունեցած իրենց խմբակցության   «ալտերնատիվ նիստի»  օրակարգը  տարածել էին  հաղորդագրության միջոցով:  

 

 

Օրակարգի մեջ  ներառված էին հետևյալ հարցերը.

  1. 1. ԱՄՆ 28-րդ նախագահ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:
  2. Երևան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:
  3. Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:
  4. Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների և քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
  5. Երևանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու և քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի և անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»:

 

 

Ի դեպ,  խմբակցությունն  ալտերնատիվ նիստի  ժամանակ որոշեց  Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ հարցում ուղարկել, պարզելու, թե որքան են կազմում վարձերը: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Դուք և մենք տեսանք, թե օրը ցերեկով ինչպես են այստեղ լույսերը վառվում: Պետք է պարզենք, թե չարաշահումն ում կողմից է թույլ տրվել, ինչու չէ՝ դիմենք համապատասխան ատյաններին, որպեսզի նրանց պատասխանատվության կանչենք», – ասաց նա, ի նկատի ունենալով այն փաստը,որ երդմնկալության օրը քաղաքապետարանի շենքի լույսարձակները միացած էին ցերեկվա ժամին: Քաղաքապետարանում դա բացատրեցին նրանով, որ լուսավորման փորձարկում էին անում:

 

 

Նշենք նաև, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մեկ այլ  հայտարարությունով էլ է հանդես եկել՝ այս անգամ  ընդդեմ «Ելք» դաշինքի, որը բնութագրել են  «ընդդիմադիր» անվան տակ գործող խմբակ», «բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներ» և մեղադրել դաշինքի խմաբակցությունը քաղաքապետի երդման արարողության մասնակցելու մեջ…  «Երևանի քաղաքապետարանում` Բաղրամյան 26-ի «երդմնակալությանը» ներկա գտնվելու և մասնակցելու իրողությունները գաղտնազերծում են բռնակալական ռեժիմի՝  գործուն ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին», – ասված է հայտարարության մեջ, որի մեջ պարունակվող գնահատականները բարդացրել են «Երկիր Ծիրանի»  կուսակցության հարաբերությունները  «Ելք» դաշինքի հետ և հարցականի տակ դրել նրանց հնարավոր համագործակցությունը ավագանիում:  

 

 

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է   46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 5 մանդատ: Ընտրություններից անմիջապես հետո  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:  Մայիսի 31-ին դատարանը  մերժել էր «Երկիր Ծիրանի» կուսակցության հայցը: Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը  դատարանի այս որոշումը համարեց ապօրինի՝ նշելով, որ բողոքարկելու է այն, այդ թվում նաև միջազգային ատյաններում:

 

 

Նշենք, որ ավագանու անդրանիկ  նիստի նախօրեին   «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել ավագանիում  իր պարտականությունների մասին:

 

Հաղորդագրության մեջ, մասնավորապես,  ասված էր .

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ստանձնելով Երևանի ավագանու պարտականությունները, օգտվելով իր լիազորությունից`

կազմակերպելու է մարդկանց և կազմակերպությունների ներգրավվածությունը` խորհրդատվական գործընթացներին, հանրաքվեների հարուցմանը, պահանջագրերի և միջնորդագրերի ներկայացմանը, տեղական իշխանությունների պաշտոնական փաստաթղթերի ձեռքբերմանը,

քննարկելու և արձագանքելու է տեղական իշխանությունների և տեղական հանրային ծառայությունների վերաբերյալ ստացված բողոքներն ու առաջարկությունները, դիմելու է վարչական դատարան` ավագանու և քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցերով, ներկայացնելու է հաղորդում հանցագործության մասին իրավապահ մարմիններին` ավագանու և քաղաքապետի ակտերի անօրինականությունների վերաբերյալ:

 

Թ.Հ.

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Երևանի նոր ավագանու կազմում կանայք 28% են կազմում

«Երկիր Ծիրանին» վերցնելու է Երևանի ավագանու մանդատները

Զարուհի Փոստանջյան . «Առաջին գիծ, այո, գնում եմ ինքս, և նախընտրում եմ, որ իմ կողքին լինեն իմ հարազատները»

«Ընտրական օրենսգիրքը չի արգելում անձանց մուտքը նախընտրական շտաբ», սակայն…

Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները, քաղաքապետ է մնում Տարոն Մարգարյանը

Զարուհի Փոստանջյանը փորձել է բացահայտել ընտրախախտումը՝ «ներխուժելով» Տարոն Մարգարյանի շտաբ

Քաղաքի արդար կառավարում. ինչքանո՞վ են դրան պատրաստ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը

 

Դիտումների քանակը` 2214

Գլխավոր էջ