«Ընտրական օրենսգիրքը չի արգելում անձանց մուտքը նախընտրական շտաբ», սակայն…
Թեպետ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանմամբ «Ընտրական օրենսգիրքը չի արգելում անձանց մուտքը նախընտրական շտաբ», սակայն ՀՀԿ-ի շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ` ինքը «թույլ չի տա որևէ մեկը շտաբներում մտնի և քյանդրբազություններ անի»… Թեմային է անդրադառնում «Ազատություն» ռադիոկայանը ՝ ներկայացնելով Զարուհու Փոստանջյանի հետ կապված միջադեպի տեսագրությունն ու մեկնաբաննությունները:
Ընտրական օրենսգիրքը չի արգելում անձանց մուտքը կուսակցություններին նախընտրական շտաբ, «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք օրենքն արգելում է պատգամավորներին, լրագրողներին կամ քաղաքացիներին մուտք գործել շտաբ:
Երեկ, երբ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը մտել էր Հանրապետականի շտաբ՝ պահանջելով պահարանից դուրս բերել իր իսկ ձևակերպմամբ՝ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ցուցակը, ոստիկանները ֆիզիկական ուժ գործադրելով նրան հեռացրել էին շտաբից:
«Նման խնդիր՝ մուտք գործել ինչ-որ շտաբ կամ արգելել մուտք գործելը քաղաքացիներին և այլն, ուղղակի նման իրավանորմեր ամրագրված չեն ընտրական օրենսգրքում», – պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը: – «Բայց ցանկացած իրավանորմ, ցանկացած ինստիտուտ մեկնաբանելիս պետք է ելնել ողջամտության կանխավարկածից: Այսինքն, եթե դա աշխատանքային տարածք է, այդտեղ աշխատում է ինչ-որ մեկը, և որևէ մեկը ցանկանում է մտնել այդ տարածք, և տարածքի օրինական տիրապետողը չի ցանկանում թույլ տալ վերջինիս, այդ պարագայում, բնական է, վերջինս չի կարող մտնել այդ տարածք», – շարունակեց ԿԸՀ նախագահը:
Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, նշում է՝ առհասարակ նախընտրական շտաբները նախատեսված են ընտրողների հետ աշխատանքի համար, և եթե այն փակ է քաղաքացիների, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանի համար, ապա դա խիստ տարօրինակ է:
«Շտաբը ի՞նչ է, ռազմական օբյե՞կտ է, ի՞նչ է, որ գաղտնի փաստաթղթեր ունի: Եթե շտաբը դա ընտրություններին մասնակցող օբյեկտ է, իսկ ընտրությունները թափանցիկ են՝ սա օրինական պահանջ է, ապա շտաբը պետք է չունենա գաղտնի փաստաթղթեր, շտաբի բոլոր փաստաթղթերը պետք է բաց լինեն», – ասում է Իոաննիսյանը՝ շարունակելով․ – «Եվ այն, որ ոստիկաններն ու այդ շտաբի աշխատակիցները որևիցե բանի առջև չկանգնեցին այդ փաստաթղթերի գաղտնիությունը պահելու համար՝ սա արդեն խոսում է այն մասին, որ այս փաստաթղթերը կվկայեին, որ օրենքի համաձայն չի գործել այդ շտաբը»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը մատնանշում է մեկ այլ կարևոր հանգամանք․ – «Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը այդտեղ է հանցագործության մասին ահազանգի հետքերով: Ոստիկանները, լսելով այդ նախադասությունը, ոչ թե պետք է Զարուհի Փոստանջյանին տեղամասից հանեին, այլ պետք է միջոցներ ձեռնարկեին հանցագործության հետքերը բացահայտելու»:
Մինչդեռ, Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետականի նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հակադարձում է՝ ՀՀԿ-ն որբի գլուխ չէ, որ ով ինչ ուզի՝ անի: Ի դեպ, Շարմազանովը պնդում է՝ ինքն է բոլոր շտաբի պետերին հրահանգել որևէ մեկին թույլ չտալ մուտք գործել տարածք․ – «Անօրինական է նման պահվածքը: Խնդիրը նրանում է, որ մեկ ժամ շարունակ մեր Ավանի ենթաշտաբի աշխատանքները տիկին Փոստանջյանի ոչ քաղաքակիրթ, ոչ կոռեկտ, ոչ նորմալ պահվածքի պատճառով խաթարվել են»:
Հարցին, թե ինչո՞ւ չեն փարատել հնչեցված կասկածները՝ բացելով և ցույց տալով, որ ընտրակաշառք բաժանելու որևէ ցուցակ իրենց մոտ առկա չէ, և հակառակը՝ խորացրել են կասկածները Փոստանջյանին բռնի ուժով դուրս բերելով շտաբի տարածքից, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը պատասխանեց․ – «Դա բռնի ուժ չէ: Իրավապահները արել են այն, ինչ պետք է արել, մի բան էլ՝ ուշ են արել: Եվ ես ասում եմ՝ սա իմ կուսակցության շտաբն է և որևէ մեկը իրավունք չունի մտնի, խոչընդոտի: Սա բացահայտ խոչընդոտում էր Հանրապետական կուսակցության գործունեությունը: Ես չեմ, չէ՞, գնում Նիկոլի կամ Զարուհու շտաբ և խոչընդոտում նրանց աշխատանքները: Իմ գրպանում էլ կարող է շատ բան լինել, կամ իմ տանն էլ կարող է շատ բան լինել: Որևէ մեկին ես պարտավոր չեմ որևէ բան ցույց տալ»:
Դիտարկմանը, թե շտաբը հանրային տարածք է, տունը՝ մասնավոր տարածք, Շարմազանովն արձագանքեց․ – «Իսկ ո՞վ է ասել, որ հանրային տարածքում որևէ մեկը իրավունք ունի մտնել և իմ թղթերը ցույց տալ: Ինձ մոտ էլ են եղել բազում թղթեր, բայց ես ցույց չեմ տալու: Ինչո՞ւ պիտի ցույց տամ: Ինչո՞ւ պիտի տիկին Զարուհին իմանա իմ ակտիվիստների ցուցակը։ Ես եմ հրահանգել, որ որևէ բան չբացեն: Որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ իրենց պետք է պահեն մարդավայել և չի կարելի գնալ հյուր և իրենց պահել այդպես լկտիաբար: Ես եմ շտաբի պետը, պատասխանատվությունը իմ վրա է և ես թույլ չեմ տա որևէ մեկը շտաբներում մտնի և քյանդրբազություններ անի»:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը երեկ հրավիրած ասուլիսում համոզմունք էր հայտնել, թե Տարոն Մարգարյանի շտաբում պահվել են հատուկ ցուցակներ, որտեղ ներգրավված են եղել թաղապետերը, թաղային հեղինակությունները և այլն: – «Տարոն Մարգարյանի գրասենյակում պահվում են այն մարդկանց ցուցակները, ում տալիս են մեծ գումարը, որը նա պետք է արդեն մանր-մանր բաժանի», – հայտարարել էր քաղաքապետի թեկնածուն:
Հոդվածը ամբողջությամբ այստեղ
Դիտեք նաեւ միջադեպի տեսագրությունը «Ազատության» ռեպորտաժում
Դիտումների քանակը` 2433