«Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կրկնակի խոցելի են»

– Չնայած արևածաղկի սերմերը տարբեր են` մեծ ու փոքր, երկար ու նեղ, բայց բոլորը ամփոփված են մի ծաղկի մեջ: Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունն էլ այդ ծաղկի պես լինի,- այսպես է բնորոշում ներառական հասարակությունը  «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ  Զառա Բաթոյանը, ով նորարար գաղափարներով է հանդես գալիս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: 

 

Համեմատությունը արևածաղկի հետ պատահական չէ, Զառան «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի առաջին խմբագիրն է: Բոլորի համար հավասար հասարակություն՝ հենց այս գաղափարն էր,  որ   17 տարի առաջ «Արևածաղիկ»-ի  ստեղծման շարժառիթը հանդիսացավ: Ամսաթերթը  նաև  Զառայի լրագրողական կարիերայի  սկիզբըը  դարձավ:

 

– «Արևածաղիկ»-ն այսօր էլ   ստեղծվում է պատանիների, երեխաների ջանքերով:  Խմբագրակազմն էլ հիմնականում հաշմանդամություն ունեցող երիտասարդներ են,- նշում է Զառա Բաթոյանը և հավելում, որ  «Արևածաղիկ»-ը  գրում է ամեն ինչի մասին, բայց ամենակարևոր թեմաներից մեկը՝ հաշմանդամությունն է: – Այստեղ  տարբեր պատմություններ, հոդվածներ կան հաշմանդամություն ունեցող երեխաների  մասին,   նրանց հաջողությունների կամ  դժվարությունների մասին: Թերթը միջոց է բարձրացնել դպրոցական համայնքի իրազեկությունը ու   հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնել  խնդրի մասին,  ինչը կօգնի  փոխել վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ:

Ավելի մեծ լսարան ունենալու նպատակով՝ «Արևածաղիկ»-ը Երևանի և մարզերի դպրոցներում տարածվում է անվճար: Զառան  նշում է, որ վերջին շրջանում թերթը ֆինանսական խնդիրներ է ունեցել, սակայն վերջին չորս համարները՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի օգնությամբ, նույնպես հասել են իրենց ընթերցողներին:  «Արևածաղիկ»-ը ունի նաեւ լրագրողական խմբակ՝ պատանի ստեղծագործողների համար:

 

-Հաճախում են և՛ հաշմանդամություն ունեցող  երեխաներ, և՛ հաշմանդամություն չունեցող երեխաներ: Այստեղ կարևորը ընդհանուր գաղափարն է, որի շուրջ համախմբվում են երեխաները: «Արևածաղիկ»-ի  անմիջական ստեղծողները, իրենց հուզող հարցերը բարձրացնողները պատանիներն են, ովքեր գրում են այն, ինչ իրենց է հետաքրքիր:

Զառայի խոսքով  այս պատանիներն էլ դառնում են այն փոքրիկ դեսպանները, ովքեր ներառական կրթության գաղափարն են տարածում իրենց հասակակիցների շրջանում:

 

-Թերթի համարներն են տանում, բերում են իրենց դպրոցի թղթակիցնրից նյութեր, ակտիվ երեխաներ են, ովքեր փոխում են դպրոցական համայնքի, ծնողների վերաբերմունքը հաշմանդամության խնդրի հանդեպ  և ճիշտ մոտեցում են զարգացնում:

Այսօր «Արևածաղիկն» արդեն իր սերունդն ունի: Տարբեր ոլորտներում, կառույցներում գործող, հասարակական ակտիվություն ցուցաբերող երիտասարդներ են, և կարևորն այն է, որ նրանք բոլորի համար հավասար հասարակության գաղափարի կրողներն են, և յուրաքանչյուրն իր ոլորտում նաև առաջ է տանում այն:

 

Իսկ Զառա Բաթոյանն  այսօր ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում  և Հաշմանադամություն  ունեցող անձանց  շահերի պաշտպանության ազգային դաշինքն է ղեկավարում:  Նա  առաջիններից մեկն էր, ով սկսեց բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրները:   Իր  գործունեության ընթացքում բազմիցս  համոզվել է, որ ներառական հասարակության հասնելու ճանապարհին աղջիկներն ավելի խոցելի են:

 

– Եթե մենք ասում ենք, որ գենդերային խտրականության պատճառով կանայք խոցելի են, ապա պետք է ճշտենք, որ հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խոցելի են: Մենք նույնպես բախվում են կարծրատիպերի, որոնք անհաղթահարելի պատնեշներ են հարուցում մեր առջև:

 

Զառա Բաթոյանը նշում է, որ դրա մասին են վկայում են նույնիսկ վիճագրական տվյալները, ասենք` հաշմանդամություն ունեցող աղջիկներին համեմատաբար ավելի հաճախ են մանկատուն հանձնում, քան տղաներին, նրանց ավելի քիչ են այցելում: Հասարակությունից մեկուսացվելու նրանց ռիսկը ավելի մեծ է: Խտրական վերաբերմունքի մասին են վկայում նաև իրենց կատարած փոքրիկ դիտարկումները:

 

– Տղա երեխաների ծնողները շատ ավելի ակտիվ են, ավելի ընդգրկված են տարբեր միջոցառումներում, հետամուտ են լինում իրենց տղայի կրթությանը, քան աղջիկների դեպքում: Ավելի համարձակ և ազատ են դաստիարակում իրենց երեխաներին: Ամեն բան անում են, որ երեխայի ինքնագնահատականն ավելի բարձր լինի,- նշում է Զառա Բաթոյանը` հիշելով նաև իր մանկությունից դրվագներ.- Երբ գալիս էինք «Հույսի կամուրջ», իմ տղա ընկերների մայրիկներն ավելի ազատ էին, օրինակ` ուրախ էին, որ իրենց երեխաները գնում են ժամադրության, չարություն են անում: Ասում էին` ոչինչ, թող անի, չէ՞ հետագայում պետք է ինքնուրույն ապրի, իսկ աղջիկների դեպքում այդպես չէր: Չեմ կարող ասել, որ կային ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումներ, սակայն հասարակության վերաբերմունքը, կարծրատիպային պատկերացումները տանում էին խտրականության:

 

Նրա կարծիքով` այս ամենը գալիս է հենց ընտանիքից.

– Քանի որ կնոջ իդեալական կերպարը ընտանիք կազմելն է, մայր, կին լինելը, տնային տնտեսությունը վարելը, իսկ մեր պատկերացմամբ` հաշմանդամությունը պետք է որ խանգարի այդ շղթային, ստացվում է, որ կնոջ օգտակար գործողության գործակիցը նվազում է: Այսինքն` ընդունված է մտածել, որ եթե կինը հաշմանդամություն ունի, ապա չի կարող երեխա ունենալ, հետո նաև խնամել այդ երեխային, չի կարող տնային հոգսերը հոգալ և այլն… Եվ երբ ընտանիքում ծնվում է հաշմանդամություն ունեցող աղջիկ, ընտանիքը դժվարանում է այդ կարծրատիպից դուրս նայել: Այսինքն` այս դեպքում ընտանիքն իրեն ավելի խոցելի է համարում, քան տղայի դեպքում կլիներ,- նշում է Զառան և հավելում, որ այս կարծրատիպերը հետագայում լուրջ խնդիրների առջև են կանգնեցնում աղջիկներին` սկսած ընտանիք կազմելուց մինչև աշխատանք գտնել, մայրություն:

 

– Ավելի հաճախ ընտանիք են կազմում հաշմանդամություն ունեցող տղամարդիկ, ընդ որում, շատ դեպքերում ամուսնանում են հաշմանդամություն չունեցող կանանց հետ: Իսկ հաշմանդամություն ունեցող կանայք շատ քիչ են ընտանիք կազմում, և այդ դեպքերը այնքան հազվադեպ են, որ միանգամից բոլորի ուշադրության կենտրոնում են հայտնվում, նույնիսկ հեռուստատեսությամբ են ցույց տալիս:

 

– Մեկ այլ խնդիր էլ կա, հատկապես մարզերում, քանի որ Երևանում իրավիճակը մի փոքր այլ է: Օրինակ` եթե աղջիկը հաշմանդամություն ունի, ապա եղբորն ամուսնացնելու խնդիր կա, չի ամուսնանում, որովհետև քրոջը պահելու խնդիր կա… Շատ տարբեր ու խոր շերտեր ունի այս խնդիրը, մտածողության, կարծրատիպերի…

 

Զառա Բաթոյանը նշում է, որ, ցավոք, հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում գենդերային անհավասարության խնդրի մասին շատ քիչ է բարձրաձայնվում: Նրա կարծիքով` այստեղ մեծ դերակատարում կարող են ունենալ կանանց կազմակերպությունները:

 

– Շատ ՀԿ-ներ զբաղվում են կանանց հիմնախնդիրներով, սակայն նրանցից քչերն են փորձում որևէ ծրագիր հասանելի, մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող կանանց համար: Իհարկե, ռեսուրսի, գիտելիքի խնդիրներ կան, սակայն ոչ թե առանձին ծրագիր է պետք, այլ նույն ծրագրերը պետք է ներառեն նաև հաշմանդամություն ունեցող կանանց:

 

Ի դեպ, այստեղից էլ Զառայի և իր գործընկերների մոտ ծագեց disability. info , իսկ այնուհետև ikin.am կայքը ստեղծելու գաղափարը, որը հարթակ կդառնա հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար` բարձրաձայնելու իրենց խնդիրները, կիսվելու և քննարկելու իրենց հուզող հարցերը, կոտրելու հաշմանդամության մասին բոլոր կարծրատիպերը: Գլխավոր նպատակը` թույլ չտալ, որ հաշմանդամություն ունեցող կանայք մեկուսանան հասարակությունից:

 

 

Լիլիթ Քոչինյան

 

 

Դիտումների քանակը` 4471

Գլխավոր էջ