«Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց…». Զապել Եսայանի նամակը դստերը

Այս նամակը  հայտնի  հայ գրող, թարգմանիչ ու  հրապարակագիր  Զապել Եսայանը  գրել է իր դստերը ՝Սոֆի Եսայանին  1914-ին՝ ուղիղ հարյուր տարի առաջ… Սակայն այսօր  էլ այն ավելի քան արդիական է…

 

1914, մարտի 20, Սկյուտար

 

Շատ սիրելի աղջիկս,

 

Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ (Սոֆին ավարտելու էր Փարիզի ֆրանսիական պարտադիր ուսուցման նախակրթարանի չորրորդ դասարանը ):

 

Սիրելի Սոֆի, որքա՜ն կուզենայի լինել քո մոտ, Փարիզում, և գրկելով շնորհավորել ծննդյանդ տարեդարձը: Բայց ես Բատիին  ( Զապել Եսայանի փոքր քույրը-  խմբ ) գրել եմ իմ ուշացման պատճառը, և քեզ կբացատրի, թե ինչու մի քանի շաբաթ հետո եմ գալու: Այդ հետաձգումը առավելապես քո օգտի համար է, թեև իմ աչքում ամենակարևորն այն է, որ հնարավորին չափ շուտ միանամ քեզ: Համենայն դեպս, լավ է այն, ինչ վերջանում է բարեհաջող: Ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի քո ապագան ապահովված լինի, և դու կարողանաս հետևել այն ասպարեզին, որ ընտրելու ես ըստ քո սեփական հակումների:

 

Սիրելի աղջիկս, մենք շուտով միասին կլինենք, և կխոսենք այս ամենի մասին: Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ նախօրոք ասեմ, որ առաջին հերթին պետք է սարսափել միջակությունից, այսինքն` անգույն ու նվաստ դիրքից: Հայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել – ահա սրանք պետք է լինեն քո ձգտումները: Ի՜նչ նշանակություն ունի երջանիկ կամ ապերջանիկ լինելը: Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանք, ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել: Հարկավոր է, որ հիմիկվանից որոնես քո ուղին, և այն գտնելուց հետո անշեղ քայլես դեպի նպատակակետը, ուշադրություն չդարձնելով այն խորհուրդներին, որոնցով «գործնական» մարդիկ կփորձեն խափանել ճանապարհդ:

 

 

Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկավոր է ոչ միայն աշխատել, այլև կազմակերպել կյանքը, նույնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից ավելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարեզ:

 

Սոֆի Եսայան

 

 

Սիրելի Սոֆի, քո դպրոցական ընկերուհիները, անկասկած կընտրեն հարմարավետ ասպարեզներ: Եվ ճիշտ կանեն: Որովհետև նրանք ունեն միայն մեկ մտահոգություն. դառնալ լավ քաղաքացիներ, և հետևաբար` ընտանիքի լավ մայրեր: Այնինչ դու պարտավոր ես հայացքդ բարձրացնել ավելի վեր, պարտավոր ես միտքդ լարել` պիտանի և լայնարձակ մի գործողություն ընդգրկելու համար: Դու պետք է արժանի դառնաս քո ճակատագրին, որը վսեմ է և փառաշուք:

 

 

Թե ինչ ճանապարհով ես հասնելու քո ճակատագրին, դա ինքդ պետք է որոշես: Բոլոր ճանապարհները էլ լավ են և «բոլոր ճանապարհները դեպի Հռոմ կտանեն», տվյալ դեպքում` դեպի գերագույն նպատակը: Ես հուսով եմ, որ քո ունակություների և կամքի մասին իմ կարծիքը ամենևին էլ չափազանցված չէ և համընկնում է քո ձգտումներին:

 

 

Ես, մայրիկը և Հրանտը նորից ու նորից համբուրում ենք քեզ: Բոլորս էլ հուսով ենք, սիրելի Սոֆի, որ շուտով կհանդիպենք:

Քեզ տեսնել տենչացող մայրդ`

Զապել

 

Հ.Գ. Քու ծննդյան տարեդարձի առթիվ ուղարկում եմ մի նվեր, որը հաճելի անակնկալ կլինի: Բայց այն ձեռքդ կհասնի մի քանի օրից:

 

Աղբյուրը՝ Magaghat.am

 

 

Կարդացեք Զապել Եսայանի մասին մեր կայքում.

 

 

 «Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց…». Զապել Եսայանի նամակը դստերը

 

Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…

  

Փարիզը մեծարում է   Զապել Եսայանին…

 

Սկյուտարում՝ Զապել Եսայանի հետքերով

  

«Զապել Եսայանին վերագտնելով»…/ թրեյլեր

 

 Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով

 

Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել

 

Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի Զապել Եսայանի պատվին

 

 

 

Դիտումների քանակը` 12171

Գլխավոր էջ