Երիտասարդ մայրերը դժվար ընտրության առաջ են կանգնում
Մասնագիտությամբ ու աշխատանքային փորձով լրագրող Լուսինեի երրորդ երեխան արդեն մանկապարտեզ է գնում, երեք տարեկանը մի քանի ամիս առաջ է լրացել: Ավագ դուստրն այս տարի առաջին դասարանն է գնալու: Մասնավոր դպրոց են ընտրել: Մինչև ժամը 17-ը երեխային դպրոցում կզբաղեցնեն, խմբակներ կգնա, դասապատրաստումը կանեն:
Լուսինեն մտածում է աշխատելու մասին: Երեխայի խնամքի արձակուրդի ժամկետը սպառվել է: Մասնավոր դպրոցն էլ, օգնող տատիկն էլ իրավիճակը չեն փրկում: Մանկապարտեզից երեխաներին պետք է վերցնել ժամը 16:30: Ժամը 17:30 դպրոցական աղջիկը տանը կլինի: Ժամը 18:30 իր աշխատանքն է ավարտվում, եթե երևանյան տրանսպորտի վրա հույսը դնի, ժամը 20:00-ին հազիվ էլ տուն հասնի, տաքսիով՝ մի 20-25 րոպեում: Շաբաթ օրերին ուսումնական հաստատությունները չեն աշխատում, լրատվամիջոցները աշխատում են:
Կինը չի կողմնորոշվում ինչ անել: Աշխատանքը կորցնել չի ցանկանում, դայակ էլ վարձի՝ մի բան էլ աշխատավարձին գումար պետք է ավելացնի, որպեսզի մասնավոր դպրոցի, տաքսու, դայակի ծախսերը հոգա:
«Ուզում եմ աշխատել: Ոնց մտածում եմ, ոնց դասավորում եմ, չի ստացվում: Աշխատող մայրիկներին օգնող մի հաստատություն չկա: Լուրջ երկընտրանքի առջև են կանգնում երիտասարդ մայրիկները: Շատ դեպքերում նրանք ստիպված են ընտրություն անել կամ աշխատանքի, կամ երեխաների միջև: Հիմնականում երեխաներին էլ ընտրում են: Աշխատանքի վերադառնալու հույսս չեմ կորցնում, դեռ տարբերակներ եմ մտմտում»,-Womennet.am-ին ասաց նա:
Արտաշատի բնակչուհի Անին երկրորդ երեխայի չորս տարեկան դառնալուց հետո կարողացավ աշխատանքի գնալ: Այստեղ էլ երեխան մանկապարտեզից ավելի շուտ է տուն հասնում, քան մայրիկը: Հաշվապահ մայրիկը պետք է համակարգիչն անջատի ուղիղ ժամը 18:00-ին, աշխատանքի ընդունվելիս տեղեկացրել են: Ստիպված երեխաների տատիկն է գործից հրաժարվել:
«Թող երիտասարդներն աշխատեն, կարիերա անեն: Հազիվ ենք գտել աշխատանքը, մի քանի անգամ էլ շուտ դուրս գա, ուշ գնա, էլ չեմ ասում բացակայի, կհեռացնեն աշխատանքից»,-ասում է Անիի սկեսուրը:
Հասմիկենց ընտանիքում բոլորը աշխատանքի, հյուր գնալու, հանգստի օրերն ու ժամերը հարմարեցնում են իրար հետ: Եթե տատիկն աշխատանքի է, երեխաներին պապիկն է դպրոցից, ապա մանկապարտեզից վերցնում, հետո լողի տանում, պարապմունքի: Եթե պապիկն է հերթապահության, տատիկն է աշխատանքից բացակայում: Անհատ ձեռներեց է տատիկը, բացակայելը խնդիր չէ, բայց գործից հետ է ընկնում, մրցակիցներն առաջ են անցնում: Հայրիկի ու մայրիկի աշխատանքն էլ ուշ է ավարտվում:
Նրանց հարևանուհին՝ Գայանեն վարսահարդար է, ամուսինը՝ առաքիչ: Տատիկ, պապիկ տանը չունեն: Տարրական դասարանում սովորող որդիները դպրոցից տուն են գալիս, սնվում, դասերն ինքնուրույն անում:
«Աշխատանքի ժամանակ անընդհատ մտքով երեխաների հետ եմ: Տեսնես՝ ի՞նչ արեցին, հաց կերա՞ն, հո մի բան չպատահե՞ց: Ճիշտ է օրվա մեջ մի քանի անգամ զանգում եմ, բայց վախը սրտումս է: Մեկ-մեկ մտածում եմ՝ թողնեմ աշխատանքը, բայց հետո էլ սկսում է «բա ոնց են անելու» հարցերի շարանը»-ասում է Գայանեն:
Պատահական չէ, որ տարիներ շարունակ Հայաստանում գործազուրկների թվում կանայք առավել մեծ թիվ են կազմել: Զբաղվածության գործակալությունում էլ գրանցված աշխատանք փնտրողների մեծ մասը կանայք են:
2017 –ի տվյալներով Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում էր 90.3 հազար մարդ, որից 58.8 հազարը կանայք են: Գործակալությունում 75.5 հազար գործազուրկ մարդ էր գրանցված, նրանցից 66.1%-ը կամ 49.9 հազարը կանայք են:
Այս թվերը երկար ժամանակ չեն փոփոխվի, քանի դեռ պետությունը երեխայակենտրոն քաղաքականություն չի որդեգրել: Գործատուներին երեխաների հիվանդանալու պատճառով հաճախ բացակայող կին աշխատակիցները ոչ միայն դուր չեն գալիս, երբեմն էլ նյարդայնացնում են: Տարվա մեջ մի քանի անգամ նրանք ստիպված են բացակայել երեխայի ժողովի, հանդեսի, պատվաստման ու նման այլ բաների պատճառով: Այստեղ կարգավորումը պետք է լինի իրավական ու ոչ թե թողնվի ոչ թե գործատուի մարդ ու հասկացող լինելու հնարավորությանը:
Բելառուսից վերադարձած Քրիստինեն պատմում է, որ այնտեղ պոլիկլինիկաները շատ վաղ են սկսում աշխատանքը: Դա հնարավորություն է տալիս ծնողներին երեխային մինչև աշխատանքը սկսելը բժշկի մոտ տանել: Մեզ մոտ նման բան չկա: Ավելին, հերթագրում էլ չկա, փոխարենը հերթեր են…
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3191