Ընտանիքի միջազգային օր. «Ուժեղ մարդիկ մեծանում են ուժեղ ընտանիքներում»
Աշխարհը մայիսի 15-ը նշում է որպես Ընտանիքի միջազգային օր: Օրը նշվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ՝ 1993թ.-ից սկսած: Հայկական պաշտոնական տոնացույցում այդ օրն 2011-ից ամրագրված է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում որպես Ընտանիքի օր : Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվել է նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության շարժիչ ուժը, պետք է գտնվի պետության հովանավորության և պաշտպանության ներքո:
Այս տարվա Ընտանիքի միջազգային օրվա թեման է «Ընտանիք, առողջ ապրելակերպ եւ կայուն ապագա»: Այն անմիջական կապ ունի կայուն զարգացման նպատակների հետ: Ինչպես նշել է իր շնորհավորական ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը , անհրաժեշտ է կայուն զարգացման միջոցով ստեղծել այնպիսի նպաստավոր միջավայր, որտեղ ընտանիքի բոլոր անդամներն, անկախ տարիքից, կարող են իրականացնել իրենց ներուժը `դրանով իսկ նպաստելով զարգացմանը ողջ աշխարհում:
Օրվա կապակցությամբ հայ ընտանիքների խնդիրների մասին են խոսել տարբեր հարթակներից սոցիոլոգներն ու հոգեբանները…
«Այսօր Հայաստանում յուրաքանչյուր երրորդ ընտանիքի հայրը ընտանիքից դուրս է գտնվում»…
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, այսօր Հայաստանում ընտանիքները լուրջ տնտեսական խնդիր ունեն: «Տարբեր հարցումների համաձայն, իրենց աղքատ են համարում ընտանիքների 15-20 տոկոսը, համեստ ապրելակերպ ունեցող` մինչև 85 տոկոսը, ունևոր՝15 տոկոսը և այս 15 տոկոսից միայն 0, 02 տոկոսն է իրեն հարուստ համարում»:
Ընտանիքի խնդիրների շարքում տնտեսական գործոնն է կրեւորում նաև հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով, այսօր շատ տղամարդիկ չեն ամուսնանում, քանի որ բնակարանի խնդիր ունեն: Սոցիալական խնդիրներով պայմանավորված բարձրանում է նաև ամուսնության տարիքը: Սամվել Խուդոյանի խոսքով այսօր, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հաճախակիացել են դեպքերը, երբ զույգերն ընտանիք են կազմում 30-40 տարեկան հասակում:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մտահոգություն է հայտնում աշխատանքային միգրացիայի խնդրով, ինչի պատճառով, իր տվյալներով, այսօր Հայաստանում յուրաքանչյուր երրորդ ընտանիքի հայրը ընտանիքից դուրս է գտնվում: «Դա նշանակում է մի քանի հարյուր հազար երեխա մեծանում, դաստիրակվում են առանց հոր, ում դերակատարությունը շատ կարևոր է և հոգևոր, և վարքային, և սեռական դաստիարակության համար»,-նշում է Ադիբեկյանը ` հավելելով, որ հայրազուրկ ընտանիքները ռիսկային են համարվում:
Հոգեբան Կարինե նալչաջյանը նորաստեղծ հայ ընտանիքի համար ամենալուրջ խնդիրներից նույնպես համարում է «հեռվացած» ընտանիքների խնդիրը, երբ հայրը մեկնում է արտագնա աշխատանքի: Նրա խոսքով, այդ հեռավորությունը բացասական է ազդում ինչպես ամուսինների, այնպես էլ երեխայի ու նրա հոգեկան զարգացման վրա, նույնիսկ եթե կա էմոցիոնալ կապվածություն ու որոշակի շփում: Երեխայի մոտ դա կարող է արտահայտվել թե բարդույթների ի հայտ գալով, թե հակառակ սեռի հետ շփման խնդիրներով ու ընտանիք ստեղծելու դժվարությամբ: «Երեխային միայնակ մեծացնող մայրերը, իհարկե, հերոսական կերպարներ են, սակայն հոր ֆունկցիան անփոխարինելի է, նրա բացակայությունը ոչ ոք լիարժեք չի կարող լրացնել», – ասում է Նալչաջյանը: Նրա խոսքով, ծնողների հարաբերությունները երեխայի համար օրինակներ են. եթե մոդելներն աչքի առաջ խաթարված են, կամ առավել ևս` չկան, մարդն իր անձնական կյանքը ստեղծելիս կարող է շատ լուրջ դժվարությունների առաջ կանգնել:
Նույն կարծիքի է ՀՀ Արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի տնօրեն, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը: Նրա դիտարկմամբ արդեն հաջորդ սերնդի մեջ ակնհայտ երևալու են այն երեխաները, ում կյանքում հայրը բացակայել է. առաջին հերթին՝ կձևավորվի սխալ պատկերացում ընտանիքի մոդելի մասին, մյուս կողմից` միգրանտ հոր երեխան ևս հակված է դառնալու միգրանտ:
« Հայկական ավանդական ընտանիքի մոդելը փոխվել է»…
Հոգեբան Իրինա Ծատուրյանը ՝ հիմնվելով սեփական հետազոտությունների վրա նշում է , որ հայկական ավանդական ընտանիքի մոդելը 1988 թվականից հետո փոխվել է: Նրա խոսքով ղարաբաղյան պատերազմը, սոցիալական վիճակը, աշխարհում տեղի ունեցած փոփոխություններն հայկական ընտանիքների վրա ազդեցություն են ունեցել: «Պատերազմում ունեցանք զոհեր, եղան նաև վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած տղամարդիկ, որն իր հետ բերեց այն վիճակը, երբ կինը նույնպես դարձավ ընտանիքի կերակրող: Սա բերեց իր հետ նոր խնդիրներ»,- ասում է հոգեբանը:
Նրա խոսքով, եթե մինչև 1988 թվականը Հայաստանում ամուսնալուծությունները մտահոգող տոկոս չէր կազմում, այժմ իրավիճակն այլ է: Այսպես, 2013-ին 1000 ամուսնության դեպքում գրանցվել է 205 ամուսնալուծություն: Ըստ հոգեբանի, Հայաստանում ամուսնալուծությունների պատճառները տարբեր են: Դրանց մի մասն ընդհանուր են, նաև մյուս երկրներին են բնորոշ, սակայն կան միայն Հայաստանին հատուկ պատճառներ: Նրանց թվում են, տղամարդկանց արտագնա աշխատանքը, ծնողների կողմից միջամտությունը:
«Մեր ընտանիքներում կապվածությունը ծնողի ու երեխայի միջև երբեմն այնքան ուժեղ է լինում, որ հոգեբանական տեսակետից բացասաբար կարող է ազդել: Ի տարբերություն եվրոպական ընտանիքների` հայ երեխան ավելի ուշ է հեռանում ծնողից, թուլացնում կապվածությունը»,- նշում է, իր հերթին, հոգեբան Կարինե Նալչաջյանը`ընդգծելով, որ ինչպես խնամքի պակասը, այնպես էլ ավելցուկն է վնասակար. ծնողական դերը ճիշտ կատարելը որոշակի իմաստություն է պահանջում: Դրա հետ մեկտեղ նա ընտանիքի մոդելների մեջ դրական փոփոխություններ է տեսնում: Օրինակ, ծնողները հիմա ավելի հեշտությամբ են ընդունում նորապսակների` առանձին ապրելու որոշումը: Նորաստեղծ ընտանիքներն ավելի նախաձեռնող ու ակտիվ են, քան ավագ սերունդը, դա պայմանավորված է նաև ժամանակներով: Նաև սերտացել է շփումն ու փոխազդեցությունը արտաքին աշխարհի, այլ ազգերի ու մշակույթների միջև, թվարկում է հոգեբանը:
Սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը խոսելով ընտանեկան դերերի փոփոխության մասին, նշում է, որ հասկանալու համար` արդյո՞ք նոր սերնդի ընտանիքներում կնոջ ու տղամարդու դերերը սկսել են հավասարվել, հարկավոր է նախ ընդունել գենդերային հավասարության գաղափարը, որը ենթադրում է իրավունքների եւ հնարավորությունների հավասարություն, այլ ոչ թե ֆիզիկական հավասարություն: Նրա խոսքով, Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, իր մեջ կրում է և Արևելյան, և Արևմտյան մշակույթներ: Օրինակ, կրթության նկատմամբ վերաբերմունքով մենք ավելի եվրոպական ենք, սակայն կենցաղն ավելի մոտ էլ արևելյանին:Նրա համոզմամբ` հարկավոր չէ խուսափել այս կամ այն ազգից ինչոր սովորույթներ փոխառելուց. ցանկացած ինստիտուտ, հատկապես` ընտանիքը, պետք է լինի բաց: Կարելի է զուգահեռաբար պահպանել լավ ավանդույթները, որոնք սեր, հարգանք ու փոխադարձ օգնություն են ենթադրում եւ ձերբազատվել անբովանդակ արժեքներից, ինչպիսին են որոշ ծիսակատարություններ, օրինակ` «կարմիր խնձորը»:
Սոցիոլոգի դիտարկմամբ, ընտանիքը հիմա ամբողջ աշխարհում ճգնաժամի մեջ է իր կայունության, դերի ու առաջնայնության իմաստով, բայց հայ ընտանիքները ունեն աջակցության ու հզորացման կարիք: «Պետական հովանավորության մակարդակով նման քայլերն ու աջակցությունը տեսանելի չեն, մինչդեռ դա պիտի լինի մեր առաջնային նպատակներից մեկը, որովհետև ուժեղ մարդիկ մեծանում են ուժեղ ընտանիքներում»,- ասում է Հովակիմյանը:
Պատրաստեց` Մարիաննա Ղահրամանյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը
Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը
Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում
«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը
Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»
Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում
Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում
Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո
«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…
Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
Դիտումների քանակը` 4788