Ինչպե՞ս է պետությունն օգնում ընտանեկան բռնության ենթարկված անձանց

2019 թվականի  տաս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 1509 բռնության դեպք կանանց և աղջիկների նկատմամբ, որոնցից 84-ը՝ սեռական անձեռնմխելության և սեռական ազատության դեմ, իսկ 305-ը ընտանիքում բռնության դեպքեր են եղել։ Այս տարվա 10 ամիսների ընթացքում ամուսնու կողմից սպանվել է 4 կին։ Այս տվյալները ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը  «Հոդված 3» ակումբում  կայացած  քննարկման ժամանակ, որը նվիրված էր  ընտանեկան բռնության դեմ պայքարում օրենսդրական մեխանիզմների արդյունավետությանը :

   

Սակայն ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը պնդում է, որ այս տարի կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների թվի նվազում է նկատվում, քանի որ 2018 թվականի նույն ժամանակահատվածում բռնության դեպքերի թիվը կազմել է 1928:  Ընտանեկան բռնության դեպքերը ևս նվազման միտում ունեն՝ եթե 2018 թվականին նման 460 դեպք է գրանցվել, ապա ընթացիկ տարվա 10 ամիսներին ընտանիքում կատարված դեպքերի քանակը կազմում է 305:

 

«Հունվարից 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտանեկան բռնությունների վերաբերյալ ոստիկանությունը ստացել է 1420 ահազանգ, որոնցից 808-ով հաշվառվել են անձինք, իսկ 618-ով կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում»,- հայտարարեց Արթուր Վարդանյանը: Նրա կարծիքով, բռնությունների նվազումը պայմանավորված է օրենքի գործածությունից հետո տեղեկացվածության բարձրացմամբ, անձանց կողմից հետևանքների, արարքի ծանրության և պատժի աստիճանը հասկանալու հետ։

 

 

Աճել  է  սեռական  ազատության  և  սեռական  անձեռնմխելիության  դեմ հանցագործությունների  թիվը

 

Սեռական բռնության կամ շահագործման ենթարկված կանանց ու անչափահաս աղջիկների յուրաքանչյուր դեպք ոստիկանության կողմից ստանում է արագ արձագանք: 2019 թվականի 10 ամսում Հայաստանում  գրանցվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության 84 դեպք՝ նախորդ տարվա 77-ի դիմաց: Անչափահասների նկատմամբ 2018 թվականի ընթացքում կատարվել է 49՝ նախորդ տարվա 47-ի դիմաց: Այս տվյալները լրագրողներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:

 

«Սեռական բռնության ենթարկված կանանց ու երեխաներին լսելու համար, վերջիններից բացատրություն վերցնելու նպատակով, համագործակցելով ֆրանսիական «Երեխայի ձայն» և տեղական «Արևամանուկ» ՀԿ-ի հետ՝  ոստիկանության կենտրոնականի բաժնում ստեղծվել է աուդիո-վիդեո տեսաձայնագրություններով հագեցած միակողմանի հայելապատ սենյակ: Այդ սենյակի ծառայություններից հնարավորություն ունեն օգտվել և՛ Երևանի, և՛ Երևանին հարակից քաղաքների ոստիկանության տարածքային բաժինները»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ոստիկանությունն այսօր վարում է «զոհակենտրոն» քաղաքականություն:

 

 

Ֆինանսական  աջակցություն  բռնության  ենթարկված  անձանց

 

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար  աջակցման կենտրոններ։ Այս մասին քննարկման ժամանակ տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանը։ Նա նշեց, որ այդ կենտրոններում բռնության ենթարկված անձը կստանա հոգեբանական, իրավաբանական և այլ տեսակի աջակցություն:

 

«Ընտանեկան բռնության նվազման առումով նախարարությունն աշխատում է 2 ուղղությամբ: Նախ, ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվում է աջակցություն, որը պետության պարտականությունն է։ Մենք աշխատել ենք քաղաքականություն մշակելու և իրավական դաշտը բարելավելու նպատակով: Երկրորդ քայլն այն է, որ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար 2 պետական ապաստարան կստեղծվի»,- տեղեկացրեց նա։

 

Բացի այս, նախատեսվում է, որ 2020 թվականի հունվարից ընտանեկան բռնության ենթարված անձանց ֆինանսական աջակցություն կտրամադրվի։ Խոսքը 100-150 հազար դրամ աջակցության մասին է, որը բռնության ենթարկված անձին կտրամադրվի մեկ անգամ:  Սակայն կառավարությունը դեռ պետք է ընդունի համապատասխան օրենքը։

 

 

Նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ

 

Վերջին ամիսներին շրջանառության մեջ է դրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հանվում է հաշտեցման գործընթացում պետության կողմից որևէ տեսակի միջամտությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական խորհրդական Օլգա Ազատյանի խոսքով, պատճառը նրանում է, որ կառավարության նպատակը ոչ թե այն է, որ նպաստեն բռնություն գործադրած անձի նկատմամբ ներգործության միջոցները վերանայելուն, այլ իրապես օգնեն բռնությանը ենթարկված անձանց։

 

«Օրինակ, պարզաբանեց նա, գործող օրենքով աջակցության կենտրոնի կարգավիճակ է տրվում միայն պետական հաստատությունների, իսկ նոր նախագծով այս կետը փոխվելու է, ինչի արդյունքում տվյալ գործառույթը կկատարեն նաև հասարակական կազմակերպությունները»։

 

Թերևս ամենակարևոր ակնկալիքը 2020 թվականից այն է, որ համաձայն  կառավարության հոկտեմբերի 10-ին ընդունված որոշման, հունվարից Հայաստանում առաջին անգամ կիրականացվի ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացած հաշվառում: Այսինքն, պետությունը ճշգրիտ թիվը, թե ի՞նչ տեսակ բռնություն է կատարվել ընտանիքում, ովքե՞ր են այն կատարել, ինչպես նաև հստակ պատկեր կունենա, թե ո՞ր մարզում, ի՞նչ տեսակի բռնություններ կան և այլն. «Միայն այս տվյալների պարագայում մենք կկարողանանք համապատասխան մեխանիզմներ մշակել»,- հավելեց նախարարի խորհրդականը։

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 1247

Գլխավոր էջ