Ինչու՞ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը չի մասնակցում արտահերթ ընտրություններին
Երկիր Ծիրանի» կուսակցությունն հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ համարելով դրանք «կեղծ նախաձեռնություն»։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նախատեսվող՝ «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում հանրությանը` պայքարել հանուն հայ ազգի բոլոր հատվածների ընտրական իրավունքի իրացման և հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր Հայկական պետականության իրավազորության տարածքի ներքո:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններ անվան տակ կեղծիքը և հայտարարում, որ շարունակելու է պայքարը` կյանքի կոչելով Հայկական Մեծ Հեղափոխությունը»:
Հիշեցնենք, որ մինչ այդ կուսակցությունը տարածել էր ևս մեկ հայտարություն՝ հանդես գալով սկանդալային բացահայտումներով և համոզմունք հայտնելով, որ գալիք խորհրդարանական ընտրությունների անցկացումը «բազմաշերտ և բազմակողմ հանցավոր պայմանավորվածությունների հետևանք է»:
Նոյեմբերի 15-ին կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որում պարզաբանել է իրենց դիրքորոշումը, նշելով, որ իրենք չեն ուզում մասնակցել դեռ նախորդ ընտրություններից առաջ քաշած «սև ու սպիտակի» պայքարին , համարելով այն հանրային գիտակցության մանիպուլյացիա և կեղծ օրակարգ:
«Այս ընտրություններին հնարավոր չէ ապահովել քաղաքական մրցակցություն ու ցանկացած մրցակցություն ապարդյուն է լինելու և նպաստելու է ավտորիտար համակարգի թարմացմանը։ Հայհոյախառն արտահայտությունների ներքո հնարավոր չէ լսելի դարձնել մեր խոսքը։ Նախորդ ընտրություններին մենք տեսանք, թե ինչպես են «սև ու սպիտակի» կեղծիքի ներքո քարոզարշավ իրականացնում»,- ասել է Զարուհի Փոստանջյանը։
Դիտումների քանակը` 1427