Առաջիկա մեկ ամսում Երևանը նոր ավագանի կունենա

Օրերս ՀՀ Կենտրանական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու առնչությամբ: Ըստ այդմ, դրանք տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Եվ քանի որ խոսքը արտահերթ ընտրությունների մասին է, ապա քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կտևի ընդամենը 12 օր՝ մինչև սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է:

 

Այս պահի դրությամբ հայտնի է շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի  ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Ընտրապայքարի ֆավորիտը համարվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, դերասան Հայկ Մարությանը: Նրա թիվ մեկ մրցակիցը համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

 

 

Առնվազն երեք կին է հավակնում քաղաքապետի պաշտոնին 

 

Ինչպես ավելի վաղ WomenNet.am-ը տեղեկացրել էր՝ այս ընտրություններն աննախադեպ են  կանանց հավակնությունների  իմաստով, քանի որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար այս պահին երեք կին թեկնածու է պայքարելու. Նաիրա Զոհրաբյանը,  Զարուհի Փոստանջյանը` «Երկիր ծիրանի» կուսակցությունից և ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով գլխավորելու է «Երևանի հանրություն» նախաձեռնության ցուցակը: Բայց քանի որ մինչև սեպտեմբերի 3-ը դեռ բավարար ժամանակ կա,  եկեք չբացառենք, որ քաղաքապետի կին թեկնածուների թիվը կարող է ավելանալ:   Ինչ վերաբերում է ավագանու կազմին, ապա ըստ գործող Ընտրական օրենսգրքի կուսակցությունների ցուցակներում  ներկայացված թեկնածուների սեռային համամասնությունը պետք է 25/75 կազմի :

 

Քաղաքական ուժերի ցուցակներում էլ, ինչպես խոստանում են, կանանց մասնակցության պակաս չի զգացվելու: Ճիշտ է կուսակցությունները դրանք չեն շտապում պաշտոնապես դրանք բացահայտել, բայց որոշ մանրամասներ հայտնի են: Մինչև երեկ հարցականի տակ էր, օրինակ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի  ներկայացվածությունը համամասնական ցուցակում, բայց «Ելք»-ից հայտարարեցին, որ առանց տիկին Բախշյանի անհնար է պատկերացնել ավագանին: Այսպիսով, Անահիտ Բախշյանի անունը կտեսնենք «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակում (դաշինքի  անունը դեռ քննարկման փուլում է): Ի դեպ, ցուցակը գլխավորելու է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

 

Մամուլում շրջանառվող  քաղաքական ուժերի ցուցակներում ծանոթ դեմքեր շատ կան: Օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ներկայացված է 2012 թվականին «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ» ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցած բլոգեր Իզաբելլա Աբգարյանը: «Երևանի հանրություն» նախաձեռնության ցուցակում ներկայացված է «Ռադիո Հայ»-ի մեկնաբան Անի Եփրեմյանը, իսկ «Լուսավոր Հայաստան»- «Հանրապետություն» դաշինքում կանանց պակաս հաստատ չի լինի՝ արդեն իսկ հաստատվել է ավագանու գործող անդամներ Թեհմինա Վարդանյանի, Անի Սամսոնյանի, Անի Խաչատրյանի մասնակցությունը:

 

Այս ամենին զուգահեռ ակնհայտ է, որ քաղաքական ուժերը իրենց ցուցակների առաջին հորիզոնականները վստահելու են տղամարդկանց՝ բացառությամբ, իհարկե, այն ուժերի, որոնց ցուցակը կին է գլխավորում: Միակ բացառությունն այս իմաստով «Երկիր ծիրանի» կուսակցությունն է, որի ցուցակի առաջին եռյակում միանգամից երեք կին է ներկայացված՝ Զարուհի Փոստանջյան և, ըստ նախնական տեղեկատվության, գործող ավագանու անդամներ Մարինա Խաչատրյան և Սոնա Աղեկյան:  Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցությունը կամ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը ընտրությունների են պատրաստվում ցուցակով, որիկ առաջին եռյակում բացառապես տղամարդիկ են:

 

Կին թեկնածուներն արդեն իսկ  գործի են անցել 

 

Ըստ էության, քարոզարշավի ոչ պաշտոնական մեկնարկը կարելի է համարել տրված: Եվ, որքան հասկանում ենք արդեն այսօր առկա ընթացքից, ուժերը փորձելու են նոր տեխնոլոգիաներով քարոզարշավն անցկացնել և ավանդական բակային հանդիպումներին նոր երանգավորում տալ: Օրինակ՝ Facebook-յան ուղիղ միացումների միջոցով: Սա, ի դեպ, արդեն կիրառում է Նաիրա Զոհրաբյանը, որը ամեն օր այցելում է մայրաքաղաքի ինչ-որ վարչական շրջան և զրուցում տեղի բնակիչների հետ առկա խնդիրների մասին: Սիլիկյան թաղամասի աղբավայր այցելությունից հետո , հիշեցնենք, պատգամավորը տեղափոխվեց հիվանդանոց (աղբի այրման ընթացքում կրակին շատ մոտ տեսանկարահանում է իրականացրել, որի հետևանքով օրգանիզմ են ներթափանցել թունավոր նյութեր): Դրա հետ մեկտեղ, առաջադրման պահից   նրա նկատմամբ բացահայտվեց այսպես կոչված գործընկերային խանդն ու անհանդուրժողականությունը: Մասնավորապես, նրա գործընկեր Գևորգ Պետրոսյանը  մեղմ ասած, ծանր տարավ «Բարգավաճ Հայաստանի»  կողմից Նաիրա Զոհրաբյանի առաջադրումը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի նախընտրական ծրագրին, ապա  Զոհրաբյանի խոսքով, այն  ավարտման փուլում է, կարգախոսները քննարկվում են, իսկ ծրագրի հիմքում  կանաչ և խելացի քաղաքի կոնցեպցիան է դրված։ 

 

Ակտիվություն է ցուցաբերում նաև  Անահիտ Թարխանյանը, ով առաջադրվելու է  «Գալա» և «Կանաչ» կուսակցությունների և  մի շարք ՀԿ-ների համագործակցության արդյունքում ձևավորված «Երևանի հանրություն» դաշինքի կողմից: Թարխանյանի խոսքով, պատրաստվում են   ընտրություններին Երևանի զարգացման նոր ծրագիր ներկայացնել: Ասում է, որ դա կլինի  չորս տարվա ծրագիր, որի գումարը կազմելու է 1 մլրդ դոլարին համարժեք դրամ: « Պատրաստ ենք և աշխատում ենք, որ չորս տարվա մեջ 30 000 աշխատատեղ ստեղծվի: Առաջնահերթ ոլորտները` առողջապահություն, շրջակա միջավայր, ենթակառուցվածքներ, տրանսպորտ, սոցիալական խնդիրներ, մշակույթ և այլն»,-  ասում է   Անահիտ Թարխանյանը: Ի դեպ,  երեկ կայացած ասուլիսում Թարխանյանը հայտարարեց, որ  «Երևանի հանրություն» դաշինքը մտադիր է հանրահավաք հրավիրել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջով: Այն տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 24-ին ԿԸՀ շենքի դիմաց: «Առաջին հերթին պահանջելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Երկրում ստեղծված նոր իրավիճակում նա չի կարող շարունակել պաշտոնավարել հանձնաժողովում: Պահանջելու ենք նաև, որ Հանրապետական կուսակցությունը հրաժարվի իր քվոտաներից և մասնակցություն չունենա տարածքային ընտրական տեղամասերում»,- հայտարարեց տիկին Թարխանյանը:

 

Դեռևս լռություն է պահպանում  Զարուհի Փոստանջյանը, ով գործող ավագանու կարճատև գործունեության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր ակտիվությամբ:  Հնարավոր է զգուշանում է նախընտրական «ֆալստարտից»: Ինչպես արդեն նշեցինք, պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել և առաջիկայում սուր և  հետաքրքիր ընտրապայքար է սպասվում:

 

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին կազմված է լինելու 65 անդամից: Ինչպես հայտնի է Երևանն երբեք կին քաղաքապետ չի ունեցել, իսկ  կանանց ներկայացվածությունն  ավագանու  նախորդ կազմում 28% էր, ինչը անկախումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է համարվում հանրապետությունում: Նշենք նաև, որ նախորդ ընտրություններում կուսակցություններն իրենց ցուցակներում միջինում 38% կին թեկնածուներ էին ընդգրկել:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 2083

Գլխավոր էջ